1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում բացվեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանը

Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում բացվեց հայ-ֆրանսիական դարավոր 
բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում մայիսի 28-ին բացվեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացման հանդիսավոր արարողության ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, փրկված մուսալեռցիների հարազատները, մարզի բնակիչները և բազմաթիվ հյուրեր:

Ժան Իվ Լը Դրիանը միջոցառման մասնակիցների հետ ծաղիկներ դրեց Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողին, այնուհետև այցելեց Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվել և մասնակցել աղբյուր-հուշարձանի հանդիսավորի հանդիսավոր բացման արարողությանը:

«Մեծ հուզմունք ապրեցի, երբ այսօր այցելեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու համար, նույնչափ հուզմունք եմ ապրում այս արարողությունից: Ցեղասպանության հուշարձանը  մեր սրտերում անդառնալի կորստի ցավ է, բայց այս հուշարձանը, որի բացումը կատարեցինք, հույսի ուղերձ է: Ֆրանսիացի նավաստիները, որոնց հիշատակը մենք մեծարում ենք, այդ օրը կյանքեր փրկեցին իրենց արարքով` ադմիրալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի գլխավորությամբ: Դա մարդասիրության մեծ ուղերձ էր համայն աշխարհին: Ֆրանսիայի կառավարությունը շատ զգացված է այս հուշարձանի բացումից»,- ասաց Ժան Իվ Լը Դրիանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով` շատ խորհրդանշական է, որ Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ հանդիպումը մեկնարկում է հենց այս հուշահամալիրի տարածքում:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները բարեկամական են և դրանք ունեն շատ հստակ արտահայտություն: Մեր հարաբերությունները պատմական են՝ հիմնված արժեքների վրա և այդ արժեքների հիմքում դրված են մարդու արժանապատվությունը և ազատությունը: Մուսալեռցիները պայքարել են իրենց ազատության և արժանապատվության համար և գտել են իրենց փրկությունը բարեկամ Ֆրանսիայի միջոցով»,- ասաց Մնացականյանը:

Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի խոսքով` այս հուշարձանը պետք է անմահացնի   սխրագործություն կատարած նավաստիների անունները:

«Մեծ է Ֆրանսիայի դերը նաև այսօրվա Հայաստանի կյանքում, ինչպես որ մեծ էր Հայաստանի առաջին հանրապետության տարիներին»,- ասաց Արիստակեսյանը՝ մեծապես կարևորելով նաև Ֆրանսիայի ներկայի աջակցությունն ու ներկայությունը Հայաստանի հասարակական-մշակութային կյանքի տարբեր ոլորտներում:

Մուսա լեռը գտնվում է Միջերկրական ծովի ափին, պատմական Հայաստանի տարածքում, Թուրքիայի եւ Սիրիայի այսօրվա սահմանագծին: Իրադարձությունը, որի պատճառով մուսալեռցիներին ճանաչեց ողջ աշխարհը, տեղի ունեցավ արյունալի 1915թ., երբ հայերին ոչնչացնելու թուրքական ծրագիրը սկսեց իրականացվել: Երիտթուրքերի կառավարությունը հայերին հրամայեց լքել իրենց հողերը, սակայն Մուսալեռի բնակիչները, անտեսելով կարգադրությունը, որոշեցին բարձրանալ լեռան գագաթը եւ ինքնապաշտպանություն կազմակերպել: Չորս տարբեր բնակատեղիներում հաստատված ժողովուրդը կենտրոնացավ փրկության միակ ճանապարհի՝ ծովի դիմաց գտնվող Տամլաճըգում, մարտական բոլոր ուժերը ղեկավարող վարչական մարմնի ղեկավար ընտրվեց Տիգրան Անդրեասյանը, զինվորական ընդհանուր վերահսկիչ՝ Մովսես Տեր-Գալուստյանը: Նրա օգնականներն էին Սերոբ Ճերեպետճյանը եւ Տիգրան Գաթաճյանը: Ստեղծվեց նաեւ 12 հոգանոց 43 մարտախումբ: Ըմբոստ գյուղացիները չէին կարող հուսալիորեն պաշտպանել իրենց ավելի քան 115 քառակուսի կիլոմետր ընդգրկող լեռնային տարածքը, եւ կազմավորվեց երեք հարվածային խումբ, որոնց հրամանատարներն էին Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլաքյանը եւ Պետրոս Տուտագլյանը: Շուրջ 4,300 մուսալեռցիներ 53 օր շարունակ կատաղի կերպով դիմակայեցին թուրքական ջոկատներին: Սովը, ծարավը, անդադար անձրեւները չկոտրեցին հայոց ոգին. նրանք պար էին բռնում զուռնայի ու դհոլի հնչյունների ներքո, որպեսզի չսառչեն եւ բարձր պահեն հոգու արիությունը: Մուսալեռցիները շուտով զինվորական նավեր նկատեցին, իրենց հերթին ֆրանսիացի նավաստիները լեռան գագաթին տեսան ծածանվող ասեղնագործ մի դրոշ հետեւյալ բառերով` «Քրիստոնյաները վտանգի մեջ են. օգնություն»: Ֆրանսիական եւ բրիտանական նավերը 4200 մարդ տեղափոխեցին Մուսալեռից Պորտ-Սայիդ՝ Եգիպտոս: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայերին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք, սակայն 1939թ. այդ տարածքը կցվեց Թուրքիային, և նրանք ստիպված` երկրորդ և վերջին անգամ հեռացան հայրենի վայրերից: Շատերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]