Ուղևորափոխադրողները գործադուլ են անում

Ուղևորափոխադրողները գործադուլ են անում

PanARMENIAN.Net - Ուղևորափոխադրող կազմակերպությունները ժամը 14.00-ից համապետական գործադուլ են իրականացնում`գազի վաճառքի չափման միավորի փոփոխության հետևանքով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ եթե վարորդի գրպանին են կպնում, նա չի կարող նույն գնով ուղևոր տեղափոխել:

«Լինի տաքսու վարորդ, թե ավտոբուսով փոխադրումներ իրականացնող, բոլոր զգում և տեսնում են՝ այս երկու ամսվա մեր քննարկումները, թե գազի գինը չի թանկանալու, մի իրավիճակ է ստեղծվել, որ չենք կարողանում հասկանալ՝ սա ժամանակավո՞ր է, թե՞ ոչ»,- հավելել է նա, հայտնում է Yerkir.am-ը:

«Կա՛մ վարորդները շառ են անում, հենց այնպես ասում են՝ թանկ է, կա՛մ Կառավարությունը մի մաթեմատիկական հաշվարկ է ներկայացրել, որ քաղաքացիներին խաբի, ասի՝ գազի գինը չի թանկանալու, որոշ չափով դոտացիա են տրամադրելու, կա՛մ էլ գազալցակայաններն են խաբում: Ես կարծում եմ՝ շան գլուխը թաղված է գազալցակայանների կամ Կառավարության հաշվարկների տակ, այս խնդիրը պետք է նրանք լուծեն»,-ասել է նա:

Լիգայի նախագահը շեշտել է նաև, որ իրենք պատրաստվում էին փակել դեպի Երևան բերող մայրուղին, սակայն Ոստիկանության խնդրանքով որոշել են փողոցներ չփակել, այլ սպասել Արմավիրի մարզպետի հետ հանդիպման:

«Առաջին հանդիպումն է լինելու մարզպետի հետ, գուցե Արմավիրի մարզպետն էլ վարչապետի հետ հանդիպում ունենա»,-ընդգծել է նա:

Լիգայի անդամ Վիկտոր Օհանյանի խոսքով` եթե մինչ այդ մեքենան լիցքավորում էր 3500 դրամով և հնարավոր էր լինում վարել 200 կիլոմետր, ապա հիմա այդ նույն 3500 դրամով մեքենան վարվում է 140-150 կիլոմետր. «Ակնհայտ է 50-60 կմ-ի կորուստը»,-նշել է նա:

Մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմած գազը վաճառվում է կիլոգրամով նախկին խորանարդ մետրի փոխարեն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---