Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստն անդրադարձավ սեփական եկամուտների հավաքագրմանը

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստն անդրադարձավ սեփական 
եկամուտների հավաքագրմանը

ԳԱՎԱՌ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին մարզի խորհրդի անդամներ, ուժային կառույցների ղեկավարներ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  օրակարգային առաջին հարցի՝ «Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին» զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական  եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ մարզի համայնքների մեծ մասում  բյուջետային գործընթացի կազմակերպումը գտնվում է անբավարար վիճակում, ուստի ամեն ինչ պետք է անել՝ ստեղծված իրավիճակը շտկելու համար: Ըստ բանախոսի՝ 2018 թվականի 8 ամիսների արդյունքներով մարզում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 75,5 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ թեեւ ավել է 2,1 տոկոսով, սակայն   այս ցուցանիշը գոհացուցիչ չի կարելի համարել, քանի որ նման կատարողականը ապահովվել է 13 համայնքների բարձր արդյունավետության շնորհիվ:

Գեղարքունիքի մարզի համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Նա  նշեց, որ այս տարի  եղանակային  անբարենպաստ պայմանները  բացասական ազդեցություն են ունեցել մշակաբույսերի բերքատվության վրա:1 հեկտար աշնանացան ցորենի ցանքատարածությունից, նախնական տվյալներով, ստացվել է միջինը 14, գարնանացան գարու ցանքատարածություններից՝ 11 ցենտներ բերք:  9 ցենտներ էլ ստացվել է հատիկընդեղենի ցանքերից: Գրանցված արդյունքները  զգալիորեն ցածր են 2018 թվականի ցուցանիշներից: Համբարձում Համբարձումյանը խոսեց նաեւ անասնակերի կուտակման, որակյալ սերմացու ձեռք բերելու, «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում մարզի համայնքներում  կատարված աշխատանքների, գյուղատնտեսական պարկի համալրման եւ թարմացման, անասնահամաճարակների կանխարգելմանը վերաբերող թեմաների մասին:  

    Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացված իրավական եւ մասնագիտական հսկողության արդյունքների, ինչպես նաեւ  մարզում 2019 թվականի    սեպտեմբերի 14-ին անցկացվելիք մարզային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմիններ հարցերով  վարչության պետ Վանիկ Հարությունյանը: Ըստ բանախոսի՝ 2019 թվականի ընթացքում, 2019 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, ըստ ժամանակացույցի, ուսումնասիրություններ են կատարվել մարզի 14 համայնքներում: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնցով առաջարկվել է համայնքների ղեկավարներին՝ սահմանված ժամկետում շտկել թերությունները եւ ձեռնարկել միջոցներ՝ հետագայում նմանատիպ բացթողումներ չկրկնելու համար:

Վարչության պետը միաժամանակ տեղեկացրեց, որ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին կայանալիք մարզային շաբաթօրյակի կազմակերպման ուղղությամբ մարզային շաբաթօրյակին կմասնակցեն 542 կազմակերպություններ, մոտ 11 931 մարդ , կներգրավվի 214 միավոր տեխնիկա :

Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Գնել Սանոսյանը եւս մեկ անգամ հորդորեց՝ ակտիվ մասնակցություն ունենալ մարզային շաբաթօրյակին եւ դրան հաջորդող «Ձկան» փառատոնին, հետեւողական լինել թե՛ սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակի ապահովման, թե՛ սեփական եկամուտների հավաքագրումն ամբողջությամբ կատարելու հետ կապված  հարցերում:

 Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց այն համայնքների ղեկավարներն, որոնց հետեւողական աշխատանքի շնորհիվ  գրանցվել են սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներ: «Չնայած այս ամենին, մարզի միջին կատարողականը ցածր է մնում որոշ համայնքների ղեկավարների անգործության արդյունքում: Ուստի հորդորում եմ բոլորին՝  տեղերում աշխատանքները կազմակերպել օրենքով սահմանված կարգով, առանց թերացումների եւ սեղմ ժամկետում շտկել բոլոր այն բացթողումները, որոնք խոչընդոտում են  աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Շատ կարեւոր եմ համարում  համայնքներում սուբվենցիոն ծրագրերի կազմակերպման եւ վերահսկման ընթացքը: Պետք է հետեւողական լինել, որպեսզի որեւէ ծրագիր չշեղվի իր նախագծից, այլապես աշխատանքներն ընդունելու ժամանակ  խնդիրներ կարող են առաջանալ: Ես կարեւորում եմ նաեւ   ոռոգման անխափան աշխատանքը մարզում եւ  շնորհակալություն եմ հայտնում «Գեղարքունիք» ՋՕԸ-ին ու համայնքների ղեկավարներին՝ համագործակցված աշխատանքի համար»,-   նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]