HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արտաշատի մայր ջրանցքը պարբերաբար աղբավայրի է վերածվում

Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան և Աճառյան փողոցների բնակիչներն ամռան այս ամիսներին իրենց սեփական տների դռներն ու պատուհանները չեն բացում։ Այս փողոցների երկայնքով է հոսում Արտաշատի մայր ջրանցքը, որը գրեթե ողջ տարին աղբաշատ է։

Հոսող ջուրը իր հետ բերում է կենցաղային և շինարարական աղբ, հագուստ, անպետք այլ պարագաներ և դեմ առնում բնակելի տների հարակից պատին։

Ողջ տարին աղբարկղին փոխարինող այս ջրանցքը ոռոգման ջուր է հասցնում Արարատի մարզի մի շարք համայնքների: Բացի այդ, այս փողոցներին հանդիման ևս մեկ ջրանցք է հոսում։ Կարելի է ասել՝ այս փողոցների բնակիչները բնակվում են երկու ջրանցքների «արանքում» մի ուղղությամբ հոսում է Ողջաբերդ գետը, մյուս կողմից էլ՝ Արտաշատի մայր ջրանցքը։

Արտաշատի մայր ջրանցքի մաքրման հարցը տարիների ընթացքում այդպես էլ չի լուծվել։ Ջրանցքի սանիտարական վիճակին անդրադարձել էինք նաև երկու տարի առաջ՝ 2016 թվականի մարտին։ Սակայն պետական մարմինները այդպես էլ որևէ կանխարգելիչ միջոցառում չձեռնարկեցին, որպեսզի ջրանցքի մաքրման աշխատանքները պարբերաբար դառնան կամ այլ միջոցներ կիրառեին, որ աղբը բնակելի տներին չհասներ:

Մեզ հետ զրույցում բնակիչներն իրենց մտահոգությունն էին հայտնում, որ ամռան այս շոգ ամիսներին չեն բացում տների դռներն ու պատուհանները, քանի որ մոծակներն ու առնետները տուն են մտնում, բացի այդ, վախենում են, որ աղտոտված այդ օդը հիվանդությունների պատճառ կդառանա։

Մարիամը Բուռնազյան փողոցի բնակիչ է։ Արդեն 15 տարի բնակվում է ջրանցքին կից տանը, այդ տարիների ընթացքում ջրանցքը ամբողջովին մաքրված չի հիշում։ Նրա փոխանցմամբ՝ ջրանցքի մաքրման համար մշտական պայքարի մեջ են։ Ասում է՝ վերջին անգամ ջրանցքը մաքրվել է գարնանը, իսկ ընդհանրապես տարվա ընթացքում այն երկու անգամ է մաքրվում՝  բնակիչների մշտական բողոքներից և զանգերից հետո։

Տարվա ընթացքում բնակիչները ևս իրենց միջոցներով են կազմակերպում աղբի դուրսբերումը ջրանցքից, կամ որոշ բնակիչներ, այլ ելք չունենալով, այրում են ջրանցքում կուտակված աղբը։

Մարիամը հավաստիացնում է, որ տարածքի բնակիչները ջրանցքում աղբ չեն թափում հոսող ջուրն է այն իր հետ բերում․ «Ինչ ասես կա ջրանցքում։ Շուն են գցում, գալիս է այստեղ սատկում է։ Լինում է, որ հանում ենք, լինում է, որ չենք էլ կարողանում, ու էդ շունը նեխում է։ Եթե մենք կռվով-դավով բերել, մաքրել տանք, երկու անգամ գան, եթե չէ, միայն գարնան են գալիս»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց բնակիչը։

Մարիամը ցույց է տալիս տան փակ դուռն ու պատուհանը և ասում, որ այս ամիսներին տունը ամբողջովին փակ է լինում, քանի որ տանն անչափահաս երեխաներ կան․ վախենում են մոծակներից և առնետներից։ Նա դժգոհ է ջրանցքի մաքրման աշխատանքներից․ ասում է՝ աշխատակիցները այն նորմալ չեն մաքրում, աղբը քերելով դուրս չեն բերում, հետագայում ջուրը հոսում է, հին աղբը կրկին բերում է` հավաքելով պատերի տալ։

Դեռևս 2016 թվականին Էրեբունի վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Էդվարդ Ենոքյանը Բուռնազյան փողոցի բնակիչների՝ այս տարածքում աղբարկղ տեղադրելու պահաջին ի պատասխան «Հետք»-ի հետ զրույցում ասել էր «Մինչ օրս Բուռնազյան փողոցից թաղապետարան զանգ չի եղել, քանի որ նման կարգի խնդիր չկա, որ աղբաման չունենանք, չկարանանք տեղադրենք: Եթե ինչ-որ մի տեղ ուզում են աղբաման տեղադրվի, էդ խնդրանքը 100%-ով բավարարվում ա»: Բաժնի պետի այս խոստումից անցել է շուրջ երկու տարի, տարածքում կրկին աղբաման չի տեղադրվել, իսկ վարչական շրջանը 2017 թվականից կոմունալ բաժնի նոր պետ ունի։

Էրեբունի վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժին պետ Արմեն Մամուլյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ պարբերաբար ծանուցագրեր են ուղարկում ջրանցքին կից տների բնակիչներին՝ խնդրելով ջրանցքում կենցաղային աղբ չթափել։ Վերջին նման իրազեկումը մեկ տարի առաջ են կատարել, սակայն այն այդպես էլ որևէ արդյունք չի տվել։

Արմեն Մամուլյանը ևս կարծում է, որ ջրանցքի մեկանգամյա մաքրումը բավարար չէ։ Ասում է՝ այն տարվա ընթացքում պետք է մի քանի անգամ մաքրվի, անգամ այդ խնդրանքով երկու ամիս առաջ դիմել է «Երևան» ջրօգտագործողների ընկերությանը, որն իրականացնում է ջրանցքի մաքրման աշխատանքները։ Սակայն ընկերության գործադիր տնօրեն Մերուժան Ասատրյանը բաժնի պետին պատասխանել է, որ ջրանցքի պլանային մաքրում տարվա ընթացքում մեկ անգամ է նախատեսված։

Մամուլյանը բնակիչներին ևս մեղադրում է ջրանցքում աղբ թափելու մեջ, չնայած նշում, որ հոսող ջուրը տարբեր վարչական շրջաններից թափված աղբն է բերում և կուտակում այդտեղ տեղադրված ցանցի դիմաց։

Անդրադառնալով կոմունալ բաժնի նախկին պետի չտեղադրած աղբամանին՝ Արմեն Մամուլյանը հավաստիացնում է, որ այդ տարածքում աղբաման տեղադրելով` հարցը չի լուծվի, քանի որ բնակիչները իրենք պետք է աղբը չգցեն ջրանցքը։

Սակայն բաժնի պետը ևս խոստացավ «Սանիթեք» ընկերությանը խնդրել այդ տարածքում աղբաման տեղադրել։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter