Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Երկրաշարժից րոպեներ առաջ ձեռքերս դողում էին…». Որպեսզի չկրկնվի 1988-ի դեկտեմբերյան դժոխքը

«Երկրաշարժից րոպեներ առաջ ձեռքերս դողում էին…». Որպեսզի չկրկնվի 1988-ի 
դեկտեմբերյան դժոխքը

1988 թ. դեկտեմբերի 7 ՝ հայոց պատմության ամենաողբերգական օրերից մեկը, երբ վայրկյանների ընթացքում ավերակների վերածվեցին տասնյակ ու տասնյակ ծաղկուն գյուղեր ու քաղաքներ, ունեցանք շուրջ 30 հազար մարդկային զոհեր, հողին հավասարվեցին հարյուրավոր գործարաններ, ուսումնական հաստատություններ, մշակութային օջախներ, արտադրական հսկա համալիրներ: Սեւով երիզվեց նաեւ երկրաշարժի էպիկենտրոնը խորհրդանշող Սպիտակ քաղաքը՝ իր մերձակա բնակավայրերով: Եղերական այդ օրերին շրջանը ղեկավարում էր արմատներով ղարսեցի, ընտանյոք Սպիտակում հաստատված՝ այսօր արդեն տնտեսագիտության դոկտոր Նորիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ՝ հայրենի երկրամասի եւ մայր հայրենիքի համար ջանք ու եռանդ չխնայած մի գործիչ, որին էլ «ՀՀ»-ն հրավիրել է զրույցի:

-Պարոն Մուրադյան, նախ խնդրելու եմ խոսել Ձեր ղեկավարած տարիներին շրջանում արված գործերի մասին, այնուհետեւ անդրադառնալ ողբերգության օրվան:

-Կարծում եմ, այսօր էլ շատերը երանությամբ են հիշում Սպիտակի՝ նախկին  միությունով մեկ հայտնի կարի արտադրական միավորումը, որտեղ աշխատում էր շուրջ 10 հազար մարդ: Նույնքան կարեւոր էր ու հայտնի նաեւ վերելակների գործարանը: Ես առանձնացնում եմ հատկապես այս երկու խոշոր ձեռնարկությունները, որովհետեւ դրանք կենսական նշանակություն ունեին ոչ միայն շրջանի, այլեւ ծաղկող մեր երկրի համար: Գալով երկրաշարժի օրվան, ասեմ, որ այդ օրը, առավոտյան ժամը 6-ին ինձ հրավիրեցին Կենտկոմ: Ինձ հետ էր նաեւ շրջանի ագրոարդի նախագահը: Մեզ ընդունեց Վլադիմիր Մովսիսյանը եւ խոստացավ, թե հաջորդ տարվա համար ինչ կառույցներ են նախատեսված շրջանում՝ գյուղատնտեսության գծով: Նույն օրը, ժամը 11:15-ի կողմերն ինձ հրավիրեցին բյուրո՝ որպես քարտուղար հաստատվելու համար: Ստորագրելու փաստաթուղթ կար, նորանշանակ քարտուղարներն ստորագրեցին, եւ երբ ես մոտեցա նույնն անելու, զգացի, որ ձեռքս դողում է, չեմ կարողանում գրիչը բռնել: Երկրորդ անգամ փորձեցի՝ ձախով բռնելով աջս: Հենց այդ պահին երկրաշարժը խփեց… Վիճակն ահավոր էր, ես՝ ցայտնոտի մեջ, թե ինչ պիտի անենք: Գիտեի, որ Սպիտակում վթարային շենքեր կան, որոնցից մեկում էլ ապրում էր քույրս՝ իր ընտանիքով: Արագորեն նստեցինք մեքենան՝ հարկավոր էր շուտ հասնել հարազատ քաղաք: Աշտարակի ճանապարհին հանդիպեցինք մեր շրջանի ՆԳ բաժանմունքներից մեկի պետին՝ արյան հետքերով, դեմքը վիրավոր: Հարցումիս, թե ինչ է պատահել՝ պատասխանը եղավ. «Սպիտակն այլեւս չկա…»: Չէի ուզում հավատալ կատարվածին: Մինչ Սպիտակ հասնելը, հասանք Ապարան, մտա քարտուղարի՝ Թամարա Ալոյանի մոտ, ներկայացրի իրավիճակը: Իսկ այստեղ արդեն շատ ու շատ էին սպիտակից ու շրջանից տուժածները: Թամարան անմիջապես կազմակերպեց հրապարակում հավաքված եւ անընդհատ եկող տուժյալների օգնությունը՝ հիվանդանոց, բուժօգնություն եւ հետո՝ Երեւան: Իսկ երբ հասա Սպիտակ՝ երկինքն աչքերիս սեւացավ. ծաղկուն քաղաքը դժոխքի էր վերածվել: Հետո ուղղաթիռով, զինվորականների հետ վերադարձա Երեւան, եղա նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի մոտ, ներկայացրի շրջանի աղետալի վիճակը՝ հավաստելով, որ երկրաշարժի էպիկենտրոնը հենց Սպիտակն է՝ ավերված իր քսան գյուղերով: Ոչ մի կառույց չէր մնացել գոնե կիսավեր. ամեն ինչ հավասարվել էր հողին: Ֆադեյ Սարգսյանն առաջինը զանգահարեց Վրաստան, տեղեկացրեց կատարվածի մասին եւ օգնություն խնդրեց: Եվ նույն օրը փրկարարներ եկան Ջավախքից, բարեկամ հանրապետության այլ շրջաններից՝ իրենց հետ բերելով սննդամթերք, առաջին անհրաժեշտության այլ միջոցներ ու պարագաներ: Իսկ նրանցից առաջ, կարող եմ ասել՝ մերկ ձեռքերով ավերված քաղաք հասան ապարանցիները, ուսանողական խմբեր՝ մայրաքաղաքից: Նույն գիշերը, ժամը 4-ին էպիկենտրոն եկավ երկրի ղեկավարը՝ Սուրեն Հարությունյանը, որ այցելել էր Գյումրի, աղետյալ այլ շրջաններ: Իսկ ճանապարհներ չկային՝ ողջը քարուքանդ էր… Դեկտեմբերի 8-ին աղետի գոտում էր նաեւ Նիկոլայ Ռիժկովը եւ առանց Գորբաչովի հետ համաձայնեցման՝ նա երկրում չէր, ելույթով դիմեց տարբեր երկրների՝ շեշտելով, որ աղետն ահռելի է եւ միայնակ անհնարին է փլուզված երկիրը վերականգնել: Դա շատ համարձակ քայլ էր, որը հսկայական օժանդակություն էր բերելու վիրավոր մեր հայրենիքին: Եկան Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, միության մյուս հանրապետություններից, աշխարհի տարբեր երկրներից: Կես տարում ահռելի աշխատանք կատարվեց: Չմանրամասնեմ բոլորը:

-Եվ ժամանակներ անց Դուք նախաձեռնեցիք հուշահամալիրի կառուցումը Սպիտակում:

-Այո, այն նվիրված է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին եւ երախտագիտության խորհուրդ ունի հանդեպ այն երկրների                                                                                                                        կազմակերպություններն ու մարդիկ, ովքեր եկել էին մեր ցավը կիսելու, օգնելու մեր ժողովրդին: Փրկարարներ էին նրանք, բժիշկներ, երկրաբաններ, երկրաշարժագետներ, զինվորականներ, ովքեր անձնուրաց նվիրումով աշխատեցին, որպեսզի դուրս գանք երկիրը պատուհասած դժոխային վիճակից: Այս հուշահամալիրով հայ ազգի շնորհակալական վերաբերմունքն ենք կամեցել հայտնել օտարազգի մեր բարեկամներին:

-Եվ սա Ձեր անձնակա՞ն նախաձեռնությունն է, թե՞… Եվ ի՞նչ է ներկայացնում հուշահամալիրը:

-Անձնական նախաձեռնություն է, որով իմ հոգու պարտքն եմ կատարել: Ասեմ, որ հանքերից բերված շուրջ հիսուն բազալտե խոշոր քարերի խորքային մակերեսում տեղադրված գրանիտե սալիկների վրա փորագրված են բոլոր այն կազմակերպությունների, դրանց ղեկավարների անունները, որոնք տարբեր բնակավայրերում կառույցներ են վերհառնել, վերստին տնավորել բնավեր մեր հայրենակիցներին, մշակույթի ու հասարակական նշանակության տարբեր շենքեր կառուցել: Տեղադրել ենք նաեւ արձաններ:

-Ո՞ւմ, ի՞նչ արձաններ են դրանք:

-Մի քանիսն են դրանք՝ սգացող մոր, զոհված երեխաների՝ աղետի գոտում մոտ 6000 երեխա է մնացել փլատակների տակ: Դրել ենք սովետական զինվորի հուշարձանը՝ զինվորը երեխային փլատակներից հանելուց: Նիկոլայ Ռիժկովի հուշարձանը՝ սեփական միջոցներով, բայց փորագրված՝ «Հայ ժողովրդի կողմից»: Հարթեցրել ենք գերեզմանոցային տարածքի բլրակի գագաթը եւ այնտեղ հառնեցրել եկեղեցի, որի բացումը կատարեց հայոց վեհափառը: Դա 1989-ին էր՝ երկրաշարժի տարելիցի առիթով: Չմոռանամ նշել, որ նախաձեռնել էինք նաեւ թանգարանի ստեղծման գործը, որով շահագրգռված էր նաեւ Շառլ Ազնավուրը: Մոսկվայում երգչի հետ մեկ-երկու անգամ հանդիպեցինք, հիշեցրի ձգձգվող թանգարանի մասին, ցավով նկատեց, որ դրա համար ինքը գումարներ փոխանցել է այն ժամանակվա իշխանություններին. «Գնացեք, նրանցից ուզեք» ասաց: Տհաճ իրավիճակ էր, իմ նյութականն էլ այլեւս առաջվանը չէր, եւ ստիպված տարբեր մարդկանց, կազմակերպությունների դիմեցի, մինչեւ ինչ-որ բան հայթայթվեց: Բայց թանգարանը, որ Ռուսաստանի հարավի եւ Միջին Արեւելքի տարածաշրջանի համար նաեւ երկրաշարժագիտական կենտրոն էր ունենալու, այդպես էլ մնաց: Խնդրի առնչությամբ շուրջ մեկ տարի առաջ նամակ գրեցի ՌԴ նախագահ Պուտինին, տեղյակ եմ, այն հասավ հասցեատիրոջը, բայց հետո սկսվեց ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմը, եւ նամակս մնաց անպատասխան: Նույն խնդրով ժամանակին դիմել եմ նաեւ Հայաստանի նախկին, ներկա իշխանություններին. նորություն առ օրս չկա:

-Ամեն դեպքում, Դուք հայրենանվեր ու գործունյա մարդ եք եւ անհնարին է, որ ինչ-որ նոր բան ձեռնարկած չլինեք:

-Հիմա նախատեսում եմ նոր շինարարություն սկսել: Ասեմ, որ Երեւանում կառուցել եմ լողի, թենիսի մարզահամալիր: Մտադիր եմ այս համալիրի հարեւանությամբ նոր կառույց ստեղծել, որի եւ գործող մարզահամալիրից ստանալիք շահույթը ներդնելու եմ վերը նշածս թանգարանը կյանքի կոչելուն:

-Նվիրական նպատակ, որը, հուսանք, կիրականանա: Իսկ այժմ ամենքիս մտահոգող հարց. մայրաքաղաքի շատ տարածքներ շինհրապարակ են հիշեցնում՝ տարեցտարի բարձրահարկ նոր շենքեր, կարելի է ասել՝ նոր թաղամասեր են վեր խոյանում: Դուք, որպես երկրաշարժի դժոխքով անցած մարդ, ի՞նչ կասեք նորօրյա կառուցողներին:

-Ասեմ. երկրաշարժից հետո, երբ մասնագետները եկան եւ ստուգեցին փլուզված շենքերի ցեմենտի որակը, պարզվեց, որ այն ունի ընդամենը 70 տոկոսանոց կպչողականություն: Այսինքն՝ դա ցեմենտ չէր, թեեւ կրում էր այդ անունը, ամբողջությամբ հող էր: Նորօրյա կառուցողներին կառաջարկեի, որ լրջորեն հետաքրքրվեն, թե ինչ որակի ցեմենտ են օգտագործում որեւէ կառույցի հիմքերը դնելիս, այն երկինք բարձրացնելիս: Այլապես մեր տեսած դժոխքը կարող է եւ կրկնվել, ով իմանա…

Զրույցը՝ Հակոբ ՍՐԱՊՅԱՆԻ

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am