211652_close_icon
views-count2109 դիտում article-date 16:40 14-07-2021

«ԿԸՀ-ն երբևէ որևէ իշխանության չի ծառայել». Մուկուչյանը հերքում է, որ ծառայություն է մատուցել Փաշինյանին․ «Առավոտ»

Այսօր Սահմանադրական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, արձագանքելով Արա Զոհրաբյանի դիտարկմանը, որ կա՛մ նախկինում իսկապես ԿԸՀ-ն ընտրախախտ է եղել, կա՛մ հիմա ծառայություն է մատուցում Փաշինյանին, ասաց. «ԿԸՀ-ն երբեւէ որեւէ իշխանության չի ծառայել: ԿԸՀ-ն բացառապես առաջնորդվել է «Ընտրական օրենսգրքի» պահանջներով»: Գրում է «Առավոտը»։

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դատավարության կողմերի փաստարկներին ԿԸՀ-ն փորձում է ներկայացնել հակափաստարկներ, իսկ վերջնական գնահատական կտա դատարանը:

Անդրադառնալով ուռճացված ընտրացուցակներին՝ Մուկուչյանն ասաց. «Գիտեք, ուռճացված ցուցակ օգտագործել ինքնին շատ սխալ է, որովհետեւ ուռճացնել նշանակում է, որ պետք է լինի ինչ-որ մի բան, որը արհեստականորեն մեծացվել է, փոփոխվել է: Այստեղ ավելի շատ խոսքը վերաբերում է ցուցակների կազմման մեթոդաբանությանը: Գուցե որեւէ մեկը չի ընդունում այդ մեթոդաբանությունը: Մեր ցուցակները կազմվում են հետեւյալ կերպ. ընդգրկվում են 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք ունեն հաշվառում ՀՀ-ում: Սա է այն կանոնը, որի համաձայն մարդը պետք է ընդգրկվի ընտրողների ցուցակում ու խնդիր դրված չի՝ այս պահին բնակվո՞ւմ է մարդը ՀՀ-ում, թե՞ չի բնակվում»:

Մուկուչյանը վստահեցրեց, որ ողջ դատավարության ընթացքում մեկ ապացույց չլսեցին, որ մարդը, օրինակ, 18 տարին լրացած չէ, կամ ՀՀ քաղաքացի չէ, կամ հաշվառում չունի ու ընդգրկվել են հիմնական ցուցակներում. «Նման պայմաններում խոսել ուռճացման մասին՝ տեղին չէ»:

ԿԸՀ նախագահը հորդորեց զուգահեռներ չանցկացնել այլ ընտրությունների հետ, որովհետեւ յուրաքանչյուր ընտրության ընթացքում փորձում են կատարելագործվել. «Ինչ վերաբերում է այս ընտրություններին, ԸՕ-ն հնարավորություն էր տալիս գործընթացի մասնակիցներին իրականացնել հանրային վերահսկողություն գործընթացի նկատմամբ, կարող էին օգտվել այդ գործիքներից»:

Տեսանյութը՝ «Առավոտ»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր