Արցախի ԱԳՆ․ Թուրքիան այլևս չի կարող համարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ

Արցախի ԱԳՆ․ Թուրքիան այլևս չի կարող համարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ

PanARMENIAN.Net - Արցախում պատերազմին միջամտելուց հետո Թուրքիան այլևս չի կարող համարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ինչպես նաև որևէ կերպ մասնակցել ղարաբա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ շրջանակում միջնորդական առաքելության գործողություններին, հայտարարել են Արցախի արտաքին գործերի նախարարությունից:

Արցախի ԱԳՆ-ն պատմական ակնարկով ներկայացրել է Թուրքայի ծավալապաշտական նկրտումները տարածաշրջանում ու նշել, որ այդ երկրի էական դերն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ կատարված հանցագործություններում ունի բավարար փաստագրական ապացույցներ և կասկածից վեր է:

«Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից, քանի որ նրա ներկայությունն այս միջազգային միջնորդական կառույցում կնշանակի Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելուն ուղղված ապակառուցողական և հանցավոր գործողությունների խրախուսում: Այն պայմաններում, երբ Ադրբեջանը, Թուրքիայի ուղղորդմամբ, անտեսում է միջազգային հանրության կոչերը` անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, և հետևողականորեն հրաժարվում է լուծել ղարաբա-ադրբեջանական հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, ԱՀ միջազգային ճանաչումը կդառնա համաշխարհային հանրության հավաքական ներդրումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման, ինչպես նաև բանակցությունների միջոցով մնացած բոլոր հարցերի լուծման համար պայմաններ ստեղծելու գործում»,-հայտարարել են Արցախի ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Արցախի միջազգային ճանաչումը լիովին տեղավորվում է քաղաքակիրթ աշխարհի պարտավորությունների շրջանակում, որոնք ճանաչել և դատապարտել են 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը:

ԱԳՆ-ից նշել են նաև, որ միջազգային հանրությունը պետք է լիովին գիտակցի, որ Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, կրում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խախտման համար ամբողջ պատասխանատվությունը և պետք է հավասարապես էլ պատասխանատվության ենթարկվի միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության հետևողական խախտման համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---