News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր՝ Հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում այնտեղ տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկմանը հետեւելու նպատակով:

Հրթիռների փորձարարական կրակոցները հաջողվեցին, նախորդ փորձարկման ժամանակ արձանագրված խնդիրները վերացվել են, իսկ մեծ տրամաչափի փողից (ствол) կրակոցի իրականացման ժամանակ արձանագրվեցին աննշան տարբերություններ:

ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ եւ Արտաշավան համայնքներում տեղադրված հրթիռային 3 կայանները հակակարկտային պաշտպանության տակ կառնեն Արմավիրի մարզի 33, Արագածոտնի մարզի 26 եւ Կոտայքի մարզի 1 համայնք:

Պիլոտային ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացվել են հետեւյալ աշխատանքները`

1. Արդիականացվել է Արագածոտնի մարզի ռադիոլոկացիոն կայանը,

2. Իրականացվել է անձնակազմի ուսուցում,

3. Արմավիրի ու Արագածոտնի մարզերի հակակարկտային կենտրոններում վերակառուցվել են հրթիռների պահպանման պահեստները,

4. Մշակվել եւ ընդունվել է հրթիռային կրակոցների իրականացման կարգը` արտակարգ իրավիճակների նախարարի, պաշտպանության նախարարի եւ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի համատեղ հրամանի ձեւով,

5. Ձեռք է բերվել եւ Արմավիրի ու Արագածոտնի մարզերում տեղադրվել հրթիռային արձակիչ 3 կայան,

6. Գնվել ու Հայաստան է տեղափոխվել «ԱՍ» տեսակի 120 հակակարկտային հրթիռ: Փորձարարական կրակոցներ իրականացնելու նպատակով հրթիռներ արտադրող գործարանի կողմից անվճար տրամադրվել է լրացուցիչ 6 հրթիռ:

7. Իրականացվել է հրթիռային կայանների ու հրթիռների 2 փորձարկում՝ ՀՀ ԱԻՆ եւ ՊՆ մասնագետների մասնակցությամբ:

Հրթիռային պաշտպանության համակարգի գործարկումից, 120 հրթիռների օգտագործումից եւ արդյունքների ամփոփումից հետո համապատասխան որոշում կկայացվի հրթիռային պաշտպանության ընդլայնման վերաբերյալ:

Մայիսի 22-25-ը Հայաստան կժամանեն արտադրող «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի եւ «Իրվիս» ընկերության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԻՆ աշխատակիցների համար վերապատրաստման դասընթաց անցկացնելու, հրթիռային կայանների եւ հրթիռների փորձարկում իրականացնելու, ի հայտ եկած մասնագիտական հարցերին պատասխանելու եւ հետագա զարգացման ծրագրերը քննարկելու համար:

Տպել
Ամենաշատ