Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն. Նիկոլ Փաշինյան

Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է լսել երկրի անվտանգության միջավայրի վերաբերյալ ՀՀ զինված ուժերի և Ազգային անվտանգության մարմինների զեկույցները: Ազգային ժողովում վարչապետի ընտրության ավարտից հետո այս մասին Փաշինյանը նշեց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե որն է լինելու իր առաջնահերթ անելիքը:

«Բոլոր ոլորտների հետ կապված ունենք առաջարկություններ, սակայն դա առավել հստակ կլինի այդ բոլոր զեկույցները լսելուց, ինֆորմացիան ամբողջական ունենալուց հետո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների հետաքրքրվեցին Նիկոլ Փաշինյանի կադրային սպասվող քաղաքականությամբ:

«Այդ բոլոր հարցերը քննարկվում են: Այսօր անուններ հրապարակելը ճիշտ չէ: Այո, բազմաթիվ թեկնածուներ կան, ունենք պրոֆեսիոնալներ, որոնք պետք է ներգրավվեն կառավարման ոլորտում: Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն: Ի դեպ, երբ մենք ասում ենք ազգային համերաշխություն և միասնություն, դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին նույն կերպ ենք մտածում, մեր տեսակետները նույնական են, իսկ քննադատությունը համարվում է միասնության խաթարում: Իհարկե ոչ: Հաշվի առնելով ընթացիկ քաղաքական վիճակի առանձնահատկությունները՝ մենք պետք է այդ մթնոլորտը կարգավորենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախատեսում է ընտրական համակարգի բարեփոխումների գործընթաց և այդ ուղղությամբ անպայման միջոցներ ձեռնարկելու են: Այն հարցին, թե արդյոք հստակ են արտահերթ ընտրությունների ժամկետները, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ բոլոր հարցերը քննարկվում են:

Լրագրողների հետաքրքրվեցին, թե վարչապետի, որ լիազորություններն է նա պատրաստվում նվազեցնել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սուպերվարչապետական համակարգ չպետք է լինի և ինքն աշխատելու է այդ ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մայիսի 9-ին պատրաստվում է մեկնել Արցախի Հանրապետություն: Նա նաև նշեց, որ առաջիկայում մասնակցելու է ԵԱՏՄ գագաթնաժողովին: Նա հույս հայտնեց, որ ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպում կլինի:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]