211652_close_icon
views-count1898 դիտում article-date 14:25 11-02-2021

Ամերիկացի 54 սենատորներ Թուրքիային քննադատող նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

ԱՄՆ 54 սենատորներ նամակ են հղել երկրի նախագահ Ջո Բայդենին, որում դատապարտում են Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումը, և ԱՄՆ նախագահին կոչ անում Անկարային հորդորել կատարել իր պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը՝ հղում անելով Al-monitor կայքը:

Թուրքիային դատապարտող նամակը հեղինակել են դեմոկրատ սենատոր Ռոն Ուայդենը Օրեգոնից և հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն Ֆլորիդայից:

Նամակում ասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «մարգինալացրել է ներքին ընդդիմությանը» և «լռեցրել է կամ համագործակցում է քննադատող լրատվամիջոցների հետ»:

Ամերիկացի սենատորները Թուրքիային քննադատել են նաև ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման և Սիրիայում ԱՄՆ-ի աջակցության տակ գտնվող քրդական խմբերի հետ հակամարտության համար:

Նշվում է նաև Թուրքիայում լրագրողների ու ընդդիմադիր կուսակցությունների դեմ երկրի կառավարության կողմից բռնությունների մասին:

ԱՄՆ Կոնգրեսը վերջին ամիսներին Թուրքիային խիստ քննադատում է վերոհիշյալ թեմայներով: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մայքլ ՄքՔոլը դեկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիայի «սադրիչ վարքագիծը» խարխլում է ՆԱՏՕ-ի դաշինքը:

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության սենատորների խումբը հոկտեմբերին Թրամփի վարչակազմից պահանջել էր ուսումնասիրել Լիբիայում, Իրաքում և Սիրիայում Թուրքիայի կողմից մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ մեղադրանքները: Թուրքիան ներգրավված է տարածաշրջանային մի շարք հակամարտությունների մեջ:

Նույն  ամսին դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին, որն այժմ ղեկավարում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը, հաջողվել էր Կոնգրեսի գրադարանին համոզել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պարբերականը նշում է 20-րդ դարի սկզբին հայերի, հույների և ասորիների սպանությունների մասին, ինչը Թուրքիան չի ճանաչում որպես ցեղասպանություն:

Կոնգրեսի կողմից անդադար քննադատությունները կարող են բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները Ջո Բայդենի ղեկավարման օրոք: Այժմ այդ հարաբերությունները ցածր մակարդակի են: Բայդենի և Էրդողանի օգնականներն այս ամիս հեռախոսազրույց են ունեցել՝ փորձելով «արդյունավետ հարթել տարաձայնությունները»:

Նմանատիպ նյութեր