Բաժիններ՝

«Գահերի խաղի» երկրպագուները պահանջել են վերանկարահանել սերիալի ութերորդ եթերաշրջանը

«Գահերի խաղի» երկրպագուները պահանջել են վերանկարահանել սերիալի եզրափակիչ Էպիզոդը: Համապատասխան հանրագիրը հայտնվել է Change.org կայքում։ «Դեւիդ Բենիոֆը եւ Դենիել Բրեթ Ուայսն ապացուցեցին, որ չափազանց անձեռնհաս սցենարիստներ են, երբ չունեն ելակետային նյութ (այսինքն՝ գրքեր), որոնցից կարելի լիներ օգտվել: Այս սերիալն արժանի է այնպիսի եզրափակիչ եթերաշրջանի, որն իմաստ կունենա»,-ասված է հանրագրի տեքստում: Ներկայում այն ստորագրել է ավելի քան 230 հազար հանդիսական:

«Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 14-ին: Այդ ժամանակվանից երկրպագուները քանիցս իրենց դժգոհությունն են հայտնել սերիաների սյուժեից, ինչպես նաեւ կինովրիպումներից, որոնք թույլ են տվել սերիալի ստեղծողները: «Գահերի խաղը» կինոսագայի ութերորդ եթերաշրջանի նախավերջին սերիան դիտումների նոր ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում՝ 18,4 մլն դիտում հավաքելով եթերային ցուցադրությունում, ինչպես նաեւ HBO GO եւ HBO NOW հարթակներում:

Հանդիսատեսների միջին թիվն ութերորդ եթերաշրջանի ընթացքում գնահատվում է 43 միլիոն՝ մեկ սերիայի համար, ինչը 10 միլիոնով ավելի է, քան յոթերորդ եթերաշրջանում: Կինոսագայի վերջին սերիան կցուցադրվի մայիսի 19-ին: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա:

Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս