HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամի և Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի համագործակցությունը

«Հետք»-ի հրապարակած հոդվածը՝ Արամ Խաչատրյանի անվան XI միջազգային մրցույթում (6-14 հունիս, 2015) տեղ գտած ամենաթողության մասին, լայն արձագանք գտավ ընթերցողների շրջանում։ Հոդվածը վերահրապակեց նաեւ Ռուսաստանի կայքերից մեկը։ Հայտնի բրիտանացի քննադատ Նորման Լեբրեխտն իր քննադատական վերաբերմունքն արտահայտեց հռետորական հարցի միջոցով. «Ինչո՞ւ պետք է որևէ խելամիտ արվեստագետ մասնակցի այդպիսի կեղծիքի»։

Հոդվածը վերաբերում էր մրցույթի դափնեկիրների մասնագիտական ցածր մակարդակին, ժյուրիի անդամների հետ նրանց կապերին և Սմբատյանների անձնական շահերին: Հետագա ուսումնասիրությունից պարզվեց, որ մրցույթում հնարավոր եղավ ցանկալի արդյունքներ ապահովել «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Վիեննայի Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի համագործակցության շնորհիվ:

Ստորև կներկայացնենք, թե ինչ չափանիշների համաձայն են նախապես ընտրվել Արամ Խաչատրյանի անվան 11-րդ՝ ջութակ մասնագիտությամբ մրցույթի ժյուրիի անդամները։ Նրանցից ոմանք կասկածելի կենսագրականներ ունեն, եւ ամեն ինչ արվել էր, որպեսզի հնարավոր լիներ մրցույթում ապահովել Սմբատյանների համար շահեկան արդյունքներ:

Հետազոտությունը բացահայտեց շահերի ակնհայտ բախման փաստեր. ժյուրիի անդամների մեծ մասը կապեր ունեն միմյանց և Արմեն Սմբատյանի հետ: Ժյուրիի 7 անդամներից 5-ը «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամի պաշտոնական գործընկեր Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի դասախոսական կազմի հոգաբարձուների խորհրդի անդամներ են, կամ ինչ-որ ժամանակ անդամներ են եղել. Ինո Միրկովիչ, Իգոր Պետրուշևսկի, Պաոլո Պետրոչելլի, Թոնգ Վեիդոնգ, Սերգեյ Կրավչենկո: Ինչ վերաբերում է ժյուրիի նախագահ Էդուարդ Թադևոսյանին, նա պրոֆեսոր և դեկան է Երևանի պետական կոնսերվատորիայում, որը նույնպես վերահսկվում է նախկին ռեկտոր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի կողմից:

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ մրցույթի ժյուրին / paolopetrocelli.com

Ինո Միրկովիչ – Սմբատյանների վաղեմի գործընկերն է: Տնօրենն է Swiss Global Art Management (Swissgart) երաժշտական գործակալության, որը ներկայացնում է Սերգեյ Սմբատյանին: Swissgart-ի լոգոն Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի կայքի գլխավոր էջում էր մինչև վերջերս։ Երբ սկսեցինք հետաքրքրվել կոնսերվատորիայով, հարցումներ ուղարկել, կայքից լոգոն անհետացավ, բայց շարունակում է պահպանվել առցանց արխիվում։

Միրկովիչը եղել է Ռիխարդ Վագներ միջազգային մրցույթի ժյուրիի անդամ։ Նա նաև ավելի քան 15 տարի՝ Արմեն Սմբատյանի ռեկտորության տարիներից, եղել է Երևանի կոնսերվատորիայի պետական ավարտական քննությունների ժյուրիի նախագահ/անդամ, ինչպես նաև Արամ Խաչատրյանի անվան մի քանի մրցույթների ժյուրիի անդամ:

Ինո Միրկովիչը նաև հիմնադիրն ու տնօրենն էր Խորվաթիայի մասնավոր Ինո Միրկովիչ ակադեմիայի, որն իր գործունեությամբ շատ նման է Ռիխարդ Վագներ կոնսերվատորիային:

Swissgart շվեյցարական ընկերությունը հիմնադրման սկզբից՝ 2013-ից, 2 տարվա ընթացքում 3 անգամ տեղափոխվել է և 2 անգամ փոխել գործադիր տնօրենին: Երկու դեպքում էլ այդ տնօրենները աշխատակիցներն էին շվեյցարական օֆշորային խորհրդատվական կազմակերպության` Financial Yard or Global Financial Yard (http://www.swissfinancialyard.ch/), որը հանդես էր գալիս որպես «անտես գործընկեր»: Ընկերությունը ծառայություններ է մատուցում օֆշորային ընկերությունների հիմնադրման, արտասահմանյան բանկային հաշիվների բացման կամ արտասահմանյան բանկային հաշիվներին դրամական փոխանցումների հարցերում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեյցարիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Սինգապուրը, Լիխտենշտեյնը:

2015թ. վերջից Ինո և Օլիվերա Միրկովիչներն ընկերության միակ գործադիր տնօրեններն են:

Swissgart-ի կայքում որպես հաճախորդ ներկայացված են հայտնի արվեստագետներ, օրինակ՝ իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին և նույնիսկ Վիեննայի ֆիլհարմոնիկը, որոնց ներկայացուցիչներն այդ մասին ոչինչ չգիտեն: «Ինչպես գիտեք, մաեստրո Մուտին չունի անձնական մենեջեր և ոչ էլ ներկայացված է որևէ գործակալության կողմից: Ցանկացած կայք կամ տեղեկատվություն, որը հակառակն է պնդում, կեղծ է»,- մեր գրավոր հարցմանը պատասխանեց Ricardo Muti Music-ի աշխատակիցը։ Ricardo Muti Music-ին են ներկայումս պատկանում երաժշտի պատկերների և ձայնագրությունների բոլոր իրավունքները:

Վիեննայի ֆիլհարմոնիկը նույնպես անակնկալի եկավ Swissgart-ի գովազդից, որի համաձայն՝ ֆիլհարմոնիկն իբրև թե ներկայացվում է Swissgart-ի կողմից: 2015 թվականի ապրիլին նվագախումբը հանդես է եկել Ռիկարդո Մուտիի հետ: «Դա մի անգամվա ծրագիր էր»,- ասում է նվագախմբի ղեկավար Հարալդ Քրումփյոքը: Դրանից բացի, ոչ մի համատեղ պլաններ չկային:

Իսկ ընկերության հետքերը տանում են դեպի «Դել Ջեզու» հիմնադրամը. Swissgart–ի կայքում իբրև հաճախորդ ներկայացված Կորեայի կամերային նվագախմբի 2012թ. Ռուսաստանի շրջագայության արտիստիկ տնօրենն էր «Դել Ջեզու» հիմնադրամի Ռուսաստանի ներկայացուցիչ հանդես եկող Միխայիլ Բերեզնիցկին, իսկ հովանավորների թվում էր «Դել Ջեզու» հիմնադրամը:

Սմբատյաններ-Միրկովիչ համագործակցությունը բավականին փոխշահավետ է. «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամը ՀՀ պետական բյուջեի միջոցներով շարունակաբար գովազդում և Երիտասարդական պետական նվագախմբի հետ համերգների է հրավիրում Swissgart-ի հաճախորդներին. օրինակներից մեկն է Ջոն Մալկովիչի վերջին համերգը Հայաստանում։

Համանման կեղծարարություններ են բացահայտվել Խորվաթիայի Ինո Միրկովիչ մասնավոր ակադեմիայի գործունեության ուսումնասիրության արդյունքում: 2001թ.-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը հայտարարում է, որ «…ոմն Ինո Միրկովիչ … հիմնել է գավառական փոքր մասնավոր դպրոց Հարավսլավիայում: Մենք ապշած էինք, երբ իմացանք, որ նա աշխատում է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի լիցենզիայով, որը նրան ոչ ոք չէր տվել»: Այնուհետև նա շարունակում է պատմել, թե ինչպես Ինո Միրկովիչը՝ խրախուսված նախկին ռեկտոր Վլադիմիր Օվչիննիկովի կողմից (Օվչիննիկովը Սերգեյ Սմբատյանի համակազմակերպած Armenia 2017 մրցույթի ժյուրիի կազմում էր), նաև հիմնադրել է մի շվեյցարական ընկերություն, որն առանց ամաչելու անվանել է «Չայկովսկի. Կոնսերվատորիա Ա.Գ.» և, թե ինչպես է նա ապօրինաբար շարունակել տրամադրել Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դիպլոմներ: Սոկոլովն Ինո Միրկովիչի գործողությունները որակում է իբրև «բանդիտիզմ» և հայտարարում, որ իրենք այդ առթիվ դիմել են միջազգային իրավական կազմակերպությունների:

Ենթադրաբար՝ այս խնդիրների և Խորվաթիայի գիտության և տեխնոլոգիայի նախարարության կողմից անբավարար համարված որակի պատճառով 2003 թ. Միրկովիչ ակադեմիայի գործունեությունը դադարեցվում է: Չնայած սրան` տարիներ անց Հայաստանում նա դեռ շարունակում է ներկայացվել որպես «Ինո Միրկովիչ» ակադեմիայի ռեկտոր:

Երևանի կոնսերվատորիայի աշխատակիցները պատմում են, որ այս նույն ժամանակահատվածում Արմեն Սմբատյանը՝ ռեկտորը, Երևանի պետական կոնսերվատորիայի դիպլոմներ է հանձնել արդեն նախկին Ինո Միրկովիչ ակադեմիայի ուսանողներին, որոնք երբեք չեն սովորել Երևանի կոնսերվատորիայում, բայց արդեն չեն կարողացել Ինո Միրկովիչ ակադեմիայի կամ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դիպլոմներ ստանալ: Օրինակ, խորվաթ երաժիշտ Վլադիմիր Բոդեգրաժացը սովորել է Ինո Միրկովիչ ակադեմիայում, իսկ ասպիրանտուրան ավարտել Երևանի կոնսերվատորիայում՝ միաժամանակ աշխատելով իբրև` ռեկտոր Արմեն Սմբատյանի ասիստենտ: Սակայն Երևանի կոնսերվատորիայի դասախոսները պնդում են, որ Սմբատյանը երբեք խորվաթ ասիստենտ չի ունեցել:

Արմեն Սմբատյանն այս գործունեությունը ձևակերպել է իբրև ուսանողների փոխանակում: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը և Երևանի կոնսերվատորիան «Հետք»-ի հարցմանը պատասխանեցին, որ համագործակցության արդյունքում կրկնակի դիպլոմներ չեն հանձնվել: Այդուհանդերձ, նրանք հաստատեցին, որ համաձայնագիր էր ստորագրվել Արմեն Սմբատյանի՝ Երևանի կոնսերվատորիայի ռեկտորի և Ինո Միրկովիչի՝ Ինո Միրկովիչ ակադեմայի հիմնադրի միջև՝ երկու կոնսերվատորիաների համագործակցության վերաբերյալ, որը ներառում էր նաև դասախոսների և ուսանողների փոխանակում 2000-2002 տարիներին:

Իգոր Պետրուշևսկի – Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի դասախոս և 2015թ. «Ռիխարդ Վագներ» միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ:

Պետրուշևսկին համագործակցել է Արմեն Սմբատյանի հետ Երևանի կոնսերվատորիայում և իբրև Արամ Խաչատրյանի անվան՝ ջութակ մասնագիտության մրցույթի ժյուրիի անդամ 2010թ-ից: Նրա ուսանող Յարոսլավ Նադրզիցկին Խաչատրյանի 2010 թ. մրցույթի դափնեկիր դարձավ, երբ Պետրուշևսկին ժյուրիի անդամ էր: Նադրժիցկին Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի դասախոսական կազմում է, և Սերգեյ Սմբատյանը պարբերաբար համերգների է հրավիրում նրան:

Երբ Լոնդոնի թագավորական ակադեմիան (Royal Academy of London) խզեց Պետրուշևսկու հետ աշխատանքային պայմանագիրը «կոնֆիդենցիալ» պատճառներով, նա Վիեննայում հիմնեց «Վիեննայի միջազգային ակադեմիան» Վիեննայի Ռուսական մշակութային կենտրոնի օգնությամբ: Այս ակադեմիան ևս համագործակցել է «Դել Ջեզու» հիմնադրամի հետ, որը, ըստ ակադեմիայի կայքի` ուսանողներին ապահովելու էր Ստրադիվարիուսի, Գուարներիի և այլ հայտնի վարպետների պատրաստած ջութակներով:

Ակադեմիան գրանցված էր Մշակութային ինստիտուտի հասցեում և առաջարկում էր երաժշտական ​​վերապատրաստման նույն հնարավորությունները, նույն ուսուցիչների և նույն համագործակիցների հետ, ինչ Վիեննայի Ռիխարդ Վագներ կոնսերվատորիան: Իսկ այսօր՝ շուրջ երեք տարի անց, ոչ ոք չի հիշում, որ ակադեմիան երբևէ գոյություն է ունեցել: Ո՛չ Պետրուշևսկին, ո՛չ էլ Ռուսաստանի մշակութային ինստիտուտը չպատասխանեցին ավստրիական DOSSIER թերթի մեր գործընկերների հարցերին:

Պաոլո Պետրոչելի – Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Պետրոչելին IMG Artists սկանդալային գործակալության փոխնախագահն էր այն տարիներին, երբ այն ներկայացնում էր Սերգեյ Սմբատյանին: Հիշեցնենք, որ գործակալության անվանարկման մեջ նշանակալից դեր ունեցավ այն փաստը, որ համանախագահ և գործակալության 95% բաժնետեր Բարեթ Վիսմանը 2009թ.-ին մեղավոր ճանաչվեց արժեթղթերի խարդախության մեջ՝ Նյու Յորքի պետական կենսաթոշակային հիմնադրամի կոռուպցիայի գործում:

Պետրոչելին չպատասխանեց «Հետք»-ի հարցերին՝ Խաչատրյանի 2015թ.-ի մրցույթի մանրամասների վերաբերյալ: Միակ պատասխանը, որ ստացանք, այն մասին էր, որ նա հեռացել էր IMG Artists–ից 2013թ.-ին և որ ոչ մի արտառոց խախտում չէր նկատել ժյուրիի որոշում կայացնելու և քվեարկելու գործընթացում, որը նա որակում է իբրև արդար և ժողովրդավարական:

Պետրոչելին նաև հիմնադիրն ու նախագահն է EMMA for Peace – Եվրամիջերկրական երաժշտական ակադեմիայի, որին, ի թիվս այլոց, անդամակցում է նաև Ինո Միրկովիչը: Փակագծում նշենք, որ օղակը կրկին սեղմվում է՝ Ջիանլուկա Մարչիանոն, իտալացի դիրիժորը, որի համար Սմբատյանները փորձում էին Երեւանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնն ապահովել, ևս անդամակցում է EMMA for Peace ակադեմիային:

Պետրոչելին ևս միևնույն «Ռիխարդ Վագներ» մրցույթի ժյուրիի անդամ էր:

Թոնգ Վեիդոնգ - նշված էր Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի դասախոսական կազմում, ավելին՝ իբրև Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի լարայինների բաժնի վարիչ 2015թ.-ին: Սակայն հետևյալ հղումը այժմ չի աշխատում:

Վեիդոնգն ընդհանրապես չպատասխանեց «Հետք»-ի հարցերին՝ Խաչատրյանի մրցույթի վերաբերյալ: Կուրտ Սասմանշաուսը՝ տնօրենը Պեկինի Great Wall երաժշտական ակադեմիայի, որտեղ Վեիդոնգը նշված էր դասախոսական կազմում, ևս հրաժարվեց Վեիդոնգի լռությունը մեկնաբանելուց:

Սերգեյ Կրավչենկո – Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի դասախոսական կազմում է, եղել է նաև Արամ Խաչատրյանի անվան նախորդ մի քանի մրցույթների ժյուրիի կազում:  

Էդուարդ Թադևոսյան – Արմեն Սմբատյանի մոր՝ Տատյանա Հայրապետյանի աշակերտն է եղել, Երևանի կոնսերվատորիայի դասախոս է և դեկան:

Ինֆոգրաֆիկան' Հրանտ Գալստյանի

Ինչպես տեսնում ենք, Արամ Խաչատրյանի մրցույթի արդյունքներն ապահովվել են ժյուրիի կազմի նախնական ընտրության միջոցով: Այս հետազոտությունն անուղղակիորեն պատասխանում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) նախագահ Դիդիե Շչնորհքի հայտարարությանը: Պրն Շչնորհքը, աչք փակելով դափնեկիրների կատարումների օբյեկտիվորեն ցածր մակարդակի, ժյուրիի անդամների հետ նրանց ունեցած կապերի, ինչպես նաև մրցույթի թափանցիկության խախտման այլ երևույթների վրա, «Հետք»-ին պատասխանեց. «…մենք չենք կարող պատկերացնել, թե ինչպես հնարավոր կլիներ մեզնից որևէ մեկի համար քաղաքականապես պատշաճ կերպով ազդեցություն գործել ժյուրիի հայտնի անդամների վրա: Դուք, վստահաբար, չգիտեք երաժիշտներին և ժյուրիի անդամներին, եթե պատկերացնում եք, որ դա հնարավոր է»:

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հեղինակազրկման գործում «նվաճումների» համար Միջազգային ֆեդերացիան ընդլայնեց «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամի կողմից իրականացվող մրցույթների ցանկը՝ համալրելով այն վոկալ և դիրիժորություն մասնագիտություններով: Միևնույն «նվաճումների» խրախուսմանն են նպաստում ՀՀ պետական բյուջեի տարեկան հատկացումները «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամին։

Այսպես օրինակ, 2014թ. մշակույթի նախարարությունից Խաչատրյանի մրցույթին ուղղակիորեն փոխանցվել է 43.170.000 դրամ, իսկ անուղղակիորեն՝ ևս 8.784.412 դրամ, որ փոխանցվել է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից, որին, սակայն, Մշակույթի նախարարությունը նախապես փոխանցած է եղել այդ գումարը:

Նույն մեխանիզմով 2015թ.-ին Մշակույթի նախարարությունը մրցույթը ֆինանսավորել է 52.106.000, իսկ Հումանիտար հիմնադրամը՝ 7.567.623 դրամով, որից 5.880.000-ը Մշակույթի նախարարությունը նախօրոք փոխանցած է եղել: Այս անգամ, սակայն, մրցույթի հաշվին 10.000.000 դրամ է փոխանցել նաև Երևանի պետական կոնսերվատորիան՝ այն դեպքում, երբ իր պրոֆեսորներին վճարում է 1 դասաժամի դիմաց՝ 1300, 1500 և 2000 ՀՀ դրամ՝ համապատասխանաբար կոչում չունենալու, «վաստակավոր» և «ժողովրդական» արտիստների կոչումներ ունենալու դեպքերում:

Մշակույթի նախարարությունը նաև վճարում է Արամ Խաչատրյանի անվան մրցույթի՝ Մրցույթների միջազգային ֆեդերացիայի անդամակցության ամենամյա գումարը՝ 4.989.030 ՀՀ դրամ:

Գլխավոր լուսանկարում ձախից` Թոնգ Վեիդոնգը, Ինո Միրկովիչը, Պաոլո Պետրոչելին և Իգոր Պետրուշևսկին / akhic.am, հեղ.` Լուսի Սարգսյան

Մեկնաբանություններ (1)

Армен
Уважаемая редакция, низкий Вам поклон за Вашу добросовестную и кропотливую борьбу сразу во всех фронтах, которую Вы ведете во имя спасения нашей родины в буквальном смысле! По моему глубокому убеждению, Ваши ГРОМКИЕ разоблачения не смогут послужить поводом для проведения расследования со стороны властей Армении и тем более никто не будет привлечён к ответственности. Учитывая факты, приведенные в Ваших статьях, действует международная преступная организация и привлечение их к ответственности исходит из интересов не одного государства. Мое личное мнение: необходимо направлять все материалы во все соответствующие службы всех заинтересованных государств, иностранные посольства и представительства в РА.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter