News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Հիմնական զեկուցողը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն է, համազեկուցողը՝ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ այս քննարկումը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 27-ին, սակայն հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հետաձգվել էր:

«Ելք» խմբակցության ներկայացրած օրինագծում, մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ ԵՏՄ) միանալու արդյունքում էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում, ինչպես նաեւ չի ամրապնդվել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

ԵՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի:

ԵՏՄ անդամակցության հետեւանքով առաջնային անհրաժեշտության եւ լայն սպառման շուրջ 900 անուն ապրանք Հայաստանի Հանրապետության տարածքում անխուսափելիորեն թանկանալու է:

ԵՏՄ անդամակցությունը սահմանափակում է երրորդ երկրների, այդ թվում անմիջական հարեւաններ Վրաստանի եւ Իրանի, հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը,

ԵՏՄ համաձայնագրով երաշխավորված բազմաթիվ դրույթների խախտմամբ չի ապահովում աշխատուժի, ապրանքների, ֆինանսական միջոցների եւ ծառայությունների ազատ տեղաշարժը:

ԵՏՄ անդամ պետությունները չեն նպաստում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով վերջինիս բանակի տեխնիկայի եւ հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր եւ հակամարդկային զինատեսակներ։ Որպես հետեւանք՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցելուց հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ ծավալներն ավելացել են, եւ ԼՂ հակամարտության գոտում՝ 1994 թվականի զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր հայկական կողմն առաջին անգամ էական տարածքային կորուստներ է ունեցել՝ 2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում:

ԵՏՄ անդամ երկրներում առկա ավտորիտար ավանդույթների շարունակական ներմուծումը Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգ, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների սահմանափակումների, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումների աճը ԵՏՄ անդամակցությունից հետո եւ ծայրահեղ վտանգավոր ու անընդունելի համարելով այս գործընթացի հետագա շարունակությունը»:

Տպել
Ամենաշատ