211652_close_icon
views-count1630 դիտում article-date 20:40 04-04-2019

«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մասնագիտական ծրագրի համար ԵՊՀ-ում բացվել է համակարգչային ուսումնական լաբորատորիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի համար նախատեսված համակարգչային ուսումնական լաբորատորիայի բացումը: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ: «Այսօր մեր ֆակուլտետի համար կարևոր օր է, քանի որ մենք մեծ գործի սկիզբ ենք դրել և հուսով ենք, որ այն հաջողությամբ կպսակվի»,- նշեց Արթուր Սահակյանը և հավելեց,- «փորձը ցույց է տվել, որ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը հաջողված է»: Դեկանը հայտնեց, որ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ում գործող «IBM» ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ: «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանը նշեց, որ նորաբաց լաբորատորիան «Webb fontaine» և «2Hz» ընկերությունների աջակցությամբ համալրվել է «GPU»-ներով հագեցած 12 համակարգչով: «Այս համակարգիչներն ունեն այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս աշխատել մեծ տվյալների հետ: Լաբորատորիան նպաստելու է «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսուցման արդյունավետությանը: Այժմ վերոնշյալ մագիստրոսական ծրագիրն ունի 9 ուսանող»,- հավելեց նա: Կարեն Քեռյանի խոսքով, «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իսկապես կարիք ուներ այսպիսի համակարգչային ուսումնական լաբորատորիայի, քանի որ ուսանողները պետք է հնարավորություն ունենան կիրառելու իրենց տեսական գիտելիքները, ինչպես նաև դասերից հետո աշխատելու տարբեր նախագծերի վրա: ԵՊՀ-ում գործող «IBM» ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Արեգ Գևորգյանը վստահեցրեց, որ այս ծրագիրը ոլորտում կարող է մեծ փոփոխություններ բերել, իսկ լաբորատորիայի առկայությունը մի քանի անգամ կմեծացնի այս ծրագրի արդյունավետությունը: Նա շնորհակալություն հայտնեց մասնավոր հատվածին՝ լաբորատորիայի ստեղծմանը աջակցելու համար: Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր Գեղամ Գևորգյանի խոսքով, այս լաբորատորիան նոր ճանապարհ կբացի ուսանողների համար: «Այսօր ինձ համար շատ ուրախալի օր է, քանի որ ես տեսնում եմ, որ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը հնարավորություն ունի վերաձևակերպվելու և նոր շունչ հաղորդելու ոլորտին, ինչպես նաև ժամանակին համահունչ քայլելու: Ես շնորհակալություն եմ հայտնում այս լաբորատորիայի ստեղծմանն աջակցող բոլոր մասնավոր ընկերություններին, քանի որ առանց նրանց աջակցության այս ամենը ձեռք բերելն անհնար կլիներ: Շնորհակալություն եմ հայտնում նաև այն մասնավոր ընկերություններին, որոնք այս ծրագրի ուսանողներին տրամադրել են կրթաթոշակ՝ թեթևացնելով նրանց ծնողների բեռը»: ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը նշեց, որ այսօր ակնհայտ են մի քանի ցուցիչներ, որոնք փաստում են, որ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը որակյալ է և ունի բարձր արդյունավետություն: Նա նույնպես շնորհակալություն հայտնեց ծրագրի պատասխանատուներին, որոնք շատ կարևոր առաքելություն են իրականացրել՝ապահովելով աշխատաշուկայի և այս մագիստրոսական ծրագրի միջև առկա կապը: ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց նաև մասնավոր այն ընկերություններին, որոնց աջակցությամբ բացվեցին լաբորատորիան և կրթական ծրագիրը: Նշված մագիստրոսական կրթական ծրագրում սովորող 9 ուսանողից լավագույն առաջադիմություն ունեցող 4-ը 1 տարով կրթաթոշակներ ստացան ուսման վարձի 50-75 տոկոսի չափով: Կրթաթոշակներն ուսանողներին տրամադրել են ՏՏ ոլորտի տեղական 4 ընկերություններ: Ուսանողներին կրթաթոշակներ տրամադրած ՏՏ ոլորտի տեղական ընկերությունների ներկայացուցիչներ պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում ևս աջակցել կրթական այս ծրագրին: «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը ԵՊՀ-ում գործում է 2018-2019 ուստարվանից: Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Օհանյանը հայտնեց, որ 2019-2020 ուստարում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատում գործելու է նաև «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրի կրթական նոր ծրագիրը, որը միավորում է վիճակագրական մոդելավորման, մեքենայական ուսուցման և համակարգչային գիտությունների հիմունքները: Նրա խոսքով, ծրագրի նպատակն է սովորեցնել ուսանողներին օգտագործել մաթեմատիկական մեթոդներն ու համակարգչային տեխնոլոգիաները կիրառական խնդիրներում: Կիրառական վիճակագրությունը և տվյալների գիտությունը մեթոդների ու գաղափարների համախմբություն են, որը թույլ է տալիս իմաստավորել ահռելի ծավալով տվյալներ: Դրա հիմքում ընկած են մաթեմատիկական վիճակագրության կիրառումը, մեքենայական ուսուցումը: Այս ծրագրի շրջանավարտները կկարողանան ազատ կողմնորոշվել վիճակագրական տվյալների մշակման ժամանակակից մոտեցումների և ալգորիթմների մեջ՝ հետագա կրթության համար առաջատար դիրքեր ապահովելով արդի վիճակագրության և տվյալագիտության բնագավառում: «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի դասախոս Վազգեն Հակոբջանյանի խոսքով, մեծ պատիվ է և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն դասավանդել այսպիսի ծրագրում: «Համոզված եմ, որ այս ծրագիրը մեծ հաջողություններ է ունենալու և աշխատաշուկա է ներկայացնելու որակյալ կադրեր»,- հավելեց նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր