Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ն այս տարի նախատեսվածից 40 միլիարդ դրամով ավելի հարկ ու տուրք է հավաքելու 


Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան

Այսօր «Ազատության» հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մանրամասնեց, թե որոնք են պատճառները, որ թույլ կտան այս տարի պետբյուջե հաշվեգրել լրացուցիչ մի քանի տասնյակ միլիարդ դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում երեկ գրառում կատարեց, թե ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ «տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում»։

«Ազատություն»․ - Խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ է նշանակում 40 միլիարդ դրամի գերակատարում։

Մաշադյան․ - Ես կոնկրետ թիվ ասեմ․ դա նշանակում է, որ մենք հաստատ արդեն ասում ենք, որ հարկային եկամուտները 2020 թվականին գերազանցելու են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամը։ «ՀՀ 2020 թվականի բյուջեի մասին» օրենքով նախատեսված է, որ հարկային եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 320,5 միլիարդ դրամ, և մենք, այո, արդեն իսկ ասում ենք, որ այդ եկամուտները գերազանցելու են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամը։

«Ազատություն»․ - Դուք ինչպե՞ս եք բացատրում, ինչպե՞ս եք հավաքելու այս 40 միլիարդ դրամ ավելի տուրքն ու հարկը։

Մաշադյան․ - Դա գալիս է տարվա սկզբից։ Նախ ասեմ, որ ի սկզբանե հարկային եկամուտները դեռևս անցյալ տարի պլանավորված են եղել 1 տրիլիոն 600 միլիարդ դրամ, այնուհետև, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, դրանք փոփոխվել են և նվազեցվել են։ Սակայն եթե մենք վերցնում ենք միայն առաջին եռամսյակը, որտեղ մենք չենք ունեցել այդ համավարակը, հին թվին համապատասխան, այսինքն՝ 1 տրիլիոն 600 միլիարդին համապատասխան, հարկային եկամուտներն առաջին եռամսյակում պետք է կազմեին 340 միլիարդ դրամ։ Առաջին եռամսյակում փաստացի այդ եկամուտները կազմել են 349 միլիարդ դրամ։ Այսինքն՝ կային բոլոր այն հիմնավորումները կամ հիմքերը, որ մենք տարվա սկզբին ասեինք, որ «Պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված հարկային եկամուտները գերակատարվելու են։ Սա ի սկզբանե ենք ասել դեռևս տարվա սկզբին։ Այնուհետև, կապված համախառն ներքին արդյունքի սպասվելիք թվի վերանայման հետ, իջեցվեց նաև հարկային եկամուտների կանխատեսումը, և հաստատվեց 1 տրիլիոն 320,5 միլիարդ դրամը։ Դա օրենքով է նախատեսված։ Եվ մենք, այո, ասում ենք, որ այդ 1 տրիլիոն 320,5 միլիարդ դրամը առնվազն կգերակատարվի 40 միլիարդ դրամով։ Իհարկե, նաև օրենքով նախատեսված է, որ Կառավարության որոշումներով կարող են փոփոխություններ արվել հարկային եկամուտների մեջ, դրանք մշտապես ավելացվում են։ Այդ հաշվառումը վարվում է Ֆինանսների նախարարության կողմից։ Ես հիմա հստակ չեմ կարող ասել, թե ինչքան կկազմի այդ եկամուտների ավելացումը։ Համենայն դեպս, 9 ամսվա կտրվածքով, դրանք կազմել են ավելի քան 10 միլիարդ դրամ։ Թե ինչ կստացվի այս վերջին եռամսյակում, ես դժվարանում եմ պատասխանել։ Մեր առջև դրված խնդիրը նա է, որ անգամ այդ ավելացված թվից, որը կավելացվի Կառավարության որոշումներով, փորձելու ենք ամեն ինչ անել, որ այդ 40 միլիարդ ավել հավաքագրումը ապահովենք նաև ավելացված թվի նկատմամբ։

«Ազատություն»․ - Կարո՞ղ ենք ասել, որ տնտեսության մեջ չնախատեսված դրական զարգացումն է պատճառը, որ թույլ է տալիս ավելի քան 40 միլիարդ դրամ ավելի հարկ ու տուրք հավաքել։

Մաշադյան․ - Իհարկե, Պետական եկամուտների կոմիտեն հավաքող մարմին չէ։ Պետական եկամուտների կոմիտեի հիմնական գործառույթը հարկ վճարողների կողմից հայտարարագրվող եկամուտների նկատմամբ վերահսկողությունն է։ Իհարկե, ամենակարևոր ֆակտորը դա հարկ դա հարկ վճարողների պահվածքն է, հարկ վճարողների հարկային կարգապահությունն է, որի արդյունքում ձևավորվում են բյուջեի հարկային եկամուտները։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG