Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» երկրպագուների ուշադրության կենտրոնում էր: Այս թիմը համալրեցին մեկ տասնյակից ավելի ֆուտբոլիստներ՝ ինչպես արտասահմանցիներ, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչներ: Հրավիրված ֆուտբոլիստների կենսագրական և վիճակագրական տվյալները ստիպում էին ենթադրել, որ Հայաստանի առաջնության երկրորդ հատվածում «Ալաշկերտը» ցույց կտա բոլորովին նոր որակի ֆուտբոլ: Չորրորդ շրջանի հենց առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոնը բավական թույլ խաղով Երևանում զիջեց Գյումրիի «Շիրակին»: Այնուհետև «Ալաշկերտը» զիջեց նաև «Փյունիկին», իսկ վերջին խաղում՝ «Գանձասար-Կապանին»:
Այս երեք պարտությունները հիմք հանդիսացան, որպեսզի «Ալաշկերտի» ղեկավարությունը պաշտոնանկ անի թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին: Վերջինս մեր երկրում այն եզակի մասնագետներից է, որը ունակ է ստեղծել կոլեկտիվ և արդյունքներ ապահովել: Այսօր էլ «Ալաշկերտը» գլխավորում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ երեք միավորով գերազանցելով Գյումրիի «Շիրակին» և «Գանձասար-Կապանին»: «Ալաշկերտն» ուներ բոլոր նախադրյալները թե՛ Հայաստանի չեմպիոն դառնալու և թե՛ գավաթը նվաճելու:
Խիստ կարևոր և պատասխանատու այս ժամանակահատվածում Հայաստանի չեմպիոնը և վերջին տարիների լավագույն ակումբը զրկվեց մարզչից: Հայաստանում աշխատող, կարծում ենք, լավագույն մարզիչն այսօր խաղից դուրս է, իսկ լավագույն ակումբը՝ անորոշ վիճակում:
Տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել 14 նոր ֆուտբոլիստների հետ: Ըստ էության կարճ ժամանակահատվածում Խաշմանյանի տրամադրության տակ հայտնվել էր մի նոր թիմ: 14 ֆուտբոլիստների կարողություններին ծանոթանալու և նրանց խաղադաշտում տեսնելու համար նույնիսկ մեծագույն մարզչից որոշակի ժամանակ կպահանջվեր: Յուրաքանչյուր խաղում Խաշմանյանը դիմում էր փոփոխությունների, որպեսզի գտնի օպտիմալ կազմը: Սա գործընթաց էր, որը մնաց կիսատ:
Հայաստանի ընթացիկ առաջնությունը Գյումրիի «Շիրակն» ուղղակի գերազանց էր սկսել՝ հաղթելով առաջին շրջանի բոլոր 5 հանդիպումներում: Այնուհետև «Շիրակում» իրական ճգնաժամ սկսվեց, և տևական ժամանակ թիմին չէր հաջողվում ուշքի գալ: Ներկայումս Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Շիրակն» աչքի է ընկնում որակյալ՝ դինամիկ խաղով և լուրջ հայտ է ներկայացրել չեմպիոնի կոչման համար պայքարելու:
Ցանկացած թիմում լինում են վերելքներ և անկումներ: «Ալաշկերտի» վերջին ելույթները, սակայն, բավարար չեն խոսելու անկման մասին: Հետևաբար «Ալաշկերտի» ղեկավարության որոշումը կարելի է ցնցող անվանել: «Երբևիցե ոչ մի թիմ չի կարող անընդհատ լինել բարձունքում և միշտ չեմպիոն դառնալ: Թող դարձյալ նայեն մրցաշարային աղյուսակին և տեսնեն, թե որ տեղում է «Ալաշկերտը». չեմպիոնության մեծ շանսեր կան, նաև լավ շանսեր կան գավաթին տիրանալու համար: Բազմիցս ասել եմ, նորից եմ կրկնում. եթե նախագահը կարծում է, որ թիմը միշտ առաջին տեղում պետք է լինի, ապա դա սխալ կարծիք է: Հայաստանում բոլոր թիմերն էլ ձգտում են դառնալ չեմպիոն, բոլորն էլ ունեն այդ հնարավորությունը»,- Armsport.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խաշմանյանը:
Հիշեցնենք, որ Խաշմանյանի հրաժարականի նույն օրը «Ալաշկերտի» մարզիչ էր նշանակվել Վարուժան Սուքիասյանը: Այս մարզչի գլխավորությամբ շատ թիմեր բարձր արդյունքների են հասել Հայաստանի առաջնությունում: Այդուհանդերձ, ֆուտբոլասերների շրջանում Վարուժան Սուքիասյանը հայտնի է Հայաստանի ազգային հավաքականը երկու անգամ տապալելով: Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը մասնակցել էր 2002 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլին: Մեր ազգային թիմը 5 միավորով 5-րդ ենթախմբում զբաղեցրել էր վերջին 6-րդ հորիզոնականը: Սուքիասյանին Հայաստանի ազգային հավաքականը վստահվել էր նաև 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում: Տապալելով ընտրական փուլի բոլոր երեք հանդիպումները՝ Սուքիասյանը հրաժարական էր տվել: Ի դեպ, այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական հանդիպումներում ոչ մի հաղթանակ չի տարել:
Վիճակագրական այս տվյալները, կարծում ենք, խոսուն են: Ինչևէ, երեկ «Ալաշկերտը» առաջին մարզումն է անցկացրել Սուքիասյանի գլխավորությամբ: «Ալաշկերտում» Սուքիասյանին կօգնի Կարեն Բարսեղյանը, որը նախորդ շաբաթ պաշտոնանկ էր արվել «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Վաղը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Ալաշկերտը» հյուրընկալվելու է «Շիրակին»: Վերջինս հաղթանակի դեպքում միավորների քանակով կհավասարվի Հայաստանի գործող չեմպիոնին:
Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի