Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պատրաստ է մասնակցել խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին


Երրորդ նախագահը պատրաստ է ապրիլի 16-ին մասնակցել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստին, սակայն միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի գրասենյակը գրություն է ուղարկել հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվում է, թե՞ ոչ։

2016-ի քառօրյա պատերազմի օրերին Հայաստանի նախագահի և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ ինքը նպատակահարմար է համարում քննիչ հանձնաժողով այցելել արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվի իրեն՝ եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:

Ավելի վաղ հանձնաժողովի ղեկավարը տեղեկացրել էր, որ Սարգսյանը կարող է հանձնաժողով ներկայանալ կա՛մ ապրիլի 13-ին, կա՛մ 16-ին։

Հայաստանում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը ավարտվում է ապրիլի 14-ին։

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վաղը հանձնաժողովի աշխատանքային նիստ է նշանակված, և քննարկումների արդյունքում Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերին պատասխաններ կտրվեն․ - «Իրենց բոլոր բարձրացրած իրավական հարցերին մենք վաղը կտանք հստակ պատասխաններ և կուղարկենք իրենց գրասենյակ և կներկայացնենք նաև մամուլին։ Մենք պատրաստվում ենք արդեն ամսի 16-ին պարոն Սարգսյանին ընդունել հանձնաժողովում և տալ մեզ հետաքրքրող հարցերը և ստանալ պատասխաններ»։

Հարցին, թե արդյոք արդեն տասն ամիս գործող հանձնաժողովի մյուս նիստերը ձայնագրվել են, Քոչարյանը դրական արձագանքեց. - «Այո, ամեն ինչ ձայնագրվել է։Մմենք ունենք 100 ժամից ավելի ձայնագրություն։ Ամեն ինչ ձայնագրվում է մեզ մոտ։ Եվ նաև Սերժ Սարգսյանի հետ մեր հանդիպումը ձայնագրվելու է»։

Իսկ հարցին, թե արդյոք ձայնագրությունը տրամադրելու նախկին նախագահին, Քոչարյանն արձագանքեց․ - «Մեր քննարկումների արդյունքները կներկայացնենք վաղը մեր հասարակությանը։ Դուք բոլորդ տեղյակ կլինեք։

Դեռ ևս պարզ չէ, թե արդյոք Սերժ Սարգսյանը կհրաժարվի մասնակցությունից, եթե ձայնագրությունն իրեն չտրամադրվի։ «Ազատությանը» չի հաջողվել կապ հաստատել Երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուի հետ։

2018-ին ժողովրդական ճնշմամբ իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջը հայտնում է նաև. «Չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այդուհանդերձ, նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ հանձնաժողովում և ո՛չ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին, առավել ևս, որ ռազմական լայնածավալ այդ գործողությունների վերաբերյալ մինչ այժմ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային բազմաթիվ անդրադարձներ են եղել` ելույթներ, հարցազրույցներ, նախագահի մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններ, հանդիպումներ, նիստեր, որոնցում բավականին հանգամանալից անդրադարձ է կատարվել այդ իրադարձություններին»:

Ավելի վաղ քննիչ հանձնաժողով էր հրավիրվել ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը, սակայն նա Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ, մերժել էր հրավերը։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ բարձրաստիճան պաշտոնյաների՝ ապրիլյան քննիչ հանձնաժողով հրավիվելուն․ - «Ես կարծում եմ, որ երբ որ Սերժ Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը ներկայանան հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան։ Բայց ուզում եմ ասել նաև, որ հանձնաժողովը էս ընթացքում մոտ 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել և ծավալուն աշխատանք է կատարել։ Հիմա աշխատանքի ժամկետը երկարացվել ա հանձնաժողովի մինչև հունիս ամիսը։ Հույս ունեմ, որ մինչև այդ հանձնաժողովը կկարողանա եզրակացություն անել»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ՝ գրեթե մեկ տարի գործող հանձնաժողովը արդեն կարողացել է ստանալ 2016-ի իրադարձությունների ընդհանուր պատկերը։

XS
SM
MD
LG