15:47:25 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանի քարոզն ու վիճկոմի թվերը

    17:54 31 Հունվար 2020

    Փաշինյանի քարոզն ու վիճկոմի թվերը
    ———————

    Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019–ի սոցիալ–տնտեսական պատկերը։

    Այս տարվա հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,8 տոկոս։ Դա 0,1 տոկոսով ավելին է, քան 2017–ի՝ 2016–ի համեմատ արձանագրված ՏԱՑ–ը, ինչը հնարավորություն է տվել Փաշինյանին խոսել 2011–ից այս կողմ ունեցած աննախադեպ տոկոսի մասին և «մոռանալ» այն մասին, որ 2018–ին խոստացվել էր թռիչքաձև տնտեսական աճ։

    Եթե թռիչքը 0,1 տոկոսն է, որն առավելապես ապահովվել է շահումով խաղերի (ծառայությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 15 տոկոսով), հայտնի պատճառներով ավտոմեքենաների մեծաքանակ ներկրումների և ՀԴՄ–ական արշավի միջոցով, ապա դա մեկանգամյա էֆեկտով ապահովված աճ է։ Տնտեսական 0,1–տոկսանոց «հեղափոխություն»։

    Ի դեպ, ուշագրավն այն է, որ «թավշյա» տղաներն ու աղջիկներն ինչպես պայքարում էին արագաչափերի դեմ ու իշխանության գալուց հետո ավելացրեցին դրանք ու դեռ մի բան էլ բալային հրեշավոր համակարգ մտցրեցին, այնպես էլ հեղափոխությունից առաջ խոսում էին շահումով խաղերի բիզնեսի դեմ, իսկ իշխանությունը վերցնելուց հետո զբաղված են շահումով խաղերի բիզնեսի լոբբինգով ու մեր տնտեսությունը դարձրել են «ստավկա»յահենք։

    2018–ի ապրիլին խոստացվել էր տնտեսական թռիչք, բայց այդ տարի արձանագրվեց ՏԱՑ 5,8 տոկոս աճ՝ ի հաշիվ նույն տարվա մինչհեղափոխական առաջին եռամսյակում Կարեն Կարապետյանի կառավարության արձանագրած ՏԱՑ 10,6 տոկոս աճի։

    Մեզ ասացին, որ 2018–ը խառը տարի էր ու իրական թռիչքը կլինի արդեն 2019–ին։ Թռիչք չեղավ։ Ներդրումային ու տուրիստական բում՝ նույնպես։ Տուրիզմի աճի տեմպը և՛ 2018–ին, և՛ 2019–ին զիջում է 2017–ի տուրիզմի աճի տեմպին (18,7 %)։

    2020–ի համար պլանավորված է 4,9 տոկոս տնտեսական աճ։ Դա կրկին թռիչք չէ։ Մի բան էլ հետընթաց է 2019–ի «աննախադեպի» համեմատ։

    Հիշեցնեմ, որ մինչև 2050 թվականը մնացել է ընդամենը 30 տարի։ Խոստացվել է, որ այդ ժամանակ մեր ՀՆԱ–ն 15 անգամ կգերազանցի 2019–ի ցուցանիշը։ Հայտնի ժողովրդական խոսք կա, բայց չեմ ուզում հիշեցնել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ