1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հաղթաթուղթը թիմային ֆուտբոլն է. Ժիրայր Շաղոյան  

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հաղթաթուղթը թիմային ֆուտբոլն է. Ժիրայր 
Շաղոյան

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում քիչ-քիչ, բայց վստահ քայլերով սերնդափոխություն է կատարվում: Այժմ եկել է մի պահ, երբ ավագների փորձը և կրտսեր սրնդի նոր ավյունը համադրելով, փորձ է կատարվում ստանալ մրցունակ և հավասարակշված հավաքական:

Հայաստանի ազգային թիմի հեռանկարային ֆուտբոլիստներից մեկը 20-ամյա Ժիրայր Շաղոյանն է:  Նա հանդես էր գալիս առաջին խմբում, երբ առաջին անգամ հրավիրվեց ազգային հավաքական և տպավորեց իր վստահ խաղով: Թեպետ այս անգամ Խոակին Կապառոսը Շաղոյանին չհրավիրեց հավաքական, սակայն նա ընդգրկված է երիտասարդական ընտրանու հայտացուցակում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Շաղոյանը անդրադարձել է հավաքականում իր ելույթներին, անցած ֆուտբոլային ուղուն և իր ապագային:

-Ժիրայր, ինչպես և երբ եք ձեզ հիշում առաջին անգամ ֆուտբոլի գնդակով:

-Ֆուտբոլ սկսել եմ խաղալ փոքր հասակից` 5 տարեկանից: Չեմ հիշում, դա իմ ցանկությունն էր թե ոչ: Բայց հայրս ֆուտբոլիստ է եղել և հենց նրա ցանկությունն էլ էր, որ ես ֆուտբոլիստ դառնամ: Միայն ընթացքում, երբ սկսեցի առավել լավ հասկանալ ֆուտբոլից, շատ սիրեցի այն, մինչև օրս էլ ֆուտբոլը շատ եմ սիրում: Ժամանակի ընթացքում և իրար հաջորդող հաջողություններից հետո էր, որ հասկացա` ֆուտբոլն իմն է:

-Ասացիք, որ ձեր հայրը ֆուտբոլիստ է եղել: Այժմ քննարկո՞ւմ եք իրար հետ խաղերն ու լսո՞ւմ եք, արդյոք, նրա քննադատությունը, խորհուրդները:

-Այո, զրուցում ենք, իհարկե: Եվ հիմնականում ասում է այն, ինչում թերանում եմ դաշտում: Եվ ես գիտեմ, որ դա ինձ օգուտ է տալու տարիներ անց:

-Դուք հայկական ֆուտբոլի հեռանկարային ֆուտբոլիստներից մեկն եք: Ի՞նչ ապագա եք ուզում տեսնել ինքներդ ձեզ համար:

-Ինքս ինձ ուզում եմ տեսնել բարձրակարգ ֆուտբոլային լիգաներում: Չեմ ուզում հանդես գալ միջին առաջնություններում: Նպատակս է նաև հավաքականի հետ հնարավորինս բարձունքների հասնել: Ուզում եմ Հայաստանի համար անել ամենալավը, որով նաև կհանրահռչակենք մեր հայրենիքը:

  

-Դուք այն տարիքում եք, որ ժամանակը չէ՞, արդյոք, խաղալու և ուժերը փորձելու այլ մակարդակում, այլ լիգայում:

-Առաջարկներ եղել են, և հիմա էլ կան: Եղել են առաջարկներ տարբեր լիգաներից, որտեղ ես չէի ուզում հանդես գալ, և եղել են առաջարկներ, որտեղ կուզենայի խաղալ, սակայն վերջին պահին խնդիրներ ի հայտ եկան: Մտածում եմ մոտ ապագայում այլ երկրում խաղալու մասին: Խոսքը եվրոպական որևէ առաջնության մասին է:

-Ֆուտբոլային կարիերան սկսել եք «Փյունիկ»-ում, այնուհետև հանդես եք եկել ԲԿՄԱ-ում և հիմա էլ «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ եք: Ի՞նչ տվեցին ձեզ այս երեք ակումբները:

-Երբ «Փյունիկ»-ում էի հանդես գալիս, շատ փոքր էի: Այնտեղ խաղացի մինչև 12 տարեկան դառնալս: Երբ 13 տարեկան էի, տեղափոխվեցինք ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո գործող թիմեր: «Փյունիկ»-ում հասունացա որպես տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստ, իսկ 14-15 տարեկանների հավաքականներում մարզիչների հետ լավ աշխատեցինք, ինչպես, օրինակ, Արամ Դանիելյանի հետ էր: ԲԿՄԱ-ում մեծ առաջընթաց ունեցա: Այստեղ զարգացա թե որպես մարդ, թե որպես ֆուտբոլիստ: Այս ամենում մեծ դեր է խաղում մարզիչ Ռաֆայել Նազարյանը: Նրա հետ աշխատանքը սկզբում դժվար էր, նրա պահանջները շատ բարձր էին: Բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ եթե նա պահանջում է, ուրեմն գիտի, որ կարող ենք: Հիմա «Արարատ-Արմենիա»-ում եմ, ամեն ինչ իր հունով է ընթանում:

-Հայաստանի առաջնությունը՝ Պրեմիեր լիգան քիչ-քիչ հունի մեջ է ընկնում: Ըստ ձեզ ի՞նչ առաջնության ենք ականատես լինելու:

-Այս առաջնությունն այնքանով է հետաքրքիր, որ թիմերն են շատ, հանդիպումներն էլ հետաքրքիր ու գոլառատ են: Հիմա «Արարատ-Արմենիա»-ի խաղը լավ է ստացվում, թիմային ենք գործում: «Արարատ-Արմենիա»-ն այս մրցաշրջանում պայքարում է երկրի չեմպիոնության համար:

-Գանք ազգային թիմին: Թեպետ նորեկ եք հավաքականում, ինչ է ձեզ համար նշանակում երկրի ընտրանու կազմում հանդես գալը:

-Իսկապես շատ էի ուրախացել, և ինչ-որ տեղ նաև զարմացած էի, երբ առաջին անգամ հրավեր ստացա հավաքականից: Գիտեինք, որ ԲԿՄԱ-ի երիտասարդ ֆուտբոլիստները Կապառոսի ուշադրության կենտրոնում են: Կարծում եմ, նորմալ է, որ 20-21 տարեկանում հրավիրվում ես ազգային հավաքական: Հավաքականում խաղալը ուրիշ զգացողություն է, երբ գիտես, որ մի ամբողջ ժողովուրդ հետևում է ձեզ:

-Ինչպիսի՞ն է աշխատանքը Խոակին Կապառոսի հետ:

-Կապառոսը դաշտում շատ պահանջկոտ է և իր ցանկությունն է, որ լուրջ մոտեցում լինի խաղին: Նրա կարծիքով, խաղի ընթացքում ամեն պահն է կարևոր: Իսկ խաղադաշտից դուրս շատ հանգիստ և մարդամոտ է: Իսկապես լավ խորհուրդներ է տալիս երիտասարդ ֆուտբոլիստներին` շեշտելով, որ պետք չէ վախենալ փորձություններից:

-Ժիրայր,  ո՞րն է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հաղթաթուղթը:

-Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հաղթաթուղթը թիմային ֆուտբոլն է: Կապառոսն էլ է այդ մասին շեշտում: Մեր հավաքականում լավ հանդես գալու ցանկությունը շատ մեծ է:

-Մի քանի բլից հարցեր ունենք: Թո՞մը, թե Ջերին:

-Ջերին:

-Պիցցա՞, թե պաղպաղակ:

-Պիցցա:

-Տոլմա, թե խորոված:

-Խորոված:

-Կլո՞պ, թե Գվարդիոլա:

-Գվարդիոլա:

-Մարադոնա՞, թե Պելե:

-Մարադոնա:

-Նարդի՞, թե շախմատ:

-Ոչ մեկը:

-Գի՞րք, թե ֆիլմ:

-Ֆիլմ:

-Սո՞ւրճ, թե թեյ:

-Սուրճ:

-Ծո՞վ, թե լեռ:

-Լեռ:

-Շնորհակալ եմ հաճելի զրույցի համար:

 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]