300,000 դրամը գերազանցող գործարքները հուլիսի 1-ից՝ միայն անկանխիկ․ Կվերահսկեն ՊԵԿ-ը, ԿԲ-ն և Աշխատանքի տեսչությունը

300,000 դրամը գերազանցող գործարքները հուլիսի 1-ից՝ միայն անկանխիկ․ Կվերահսկեն ՊԵԿ-ը, ԿԲ-ն և Աշխատանքի տեսչությունը

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ասուլիսում ներկայացնելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր ընդունված կարգավորումները, հիշեցրել է, որ 300,000 դրամը գերազանցող գրանցում չպահանջող գործարքները հուլիսի 1-ից քաղաքացիները պարտադիր պետք է կատարեն անկանխիկ եղանակով:

Երանուհի Թումանյանցի խոսքով՝ այդ գործարքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու են ՊԵԿ-ը, ԿԲ-ն և Աշխատանքի տեսչությունը, եթե POS տերմինալները խափանվում են, ապա երկօրյա ժամկետում այն պետք է վերականգնվի, իսկ ՀԴՄ սարքերի դեպքում՝ մեկ օրվա ընթացքում, տեղեկացնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ գրանցում պահանջող գործարքների դեպքում 500,000 դրամը գերազանցող գործարքները պետք է անպայման իրականացվեն անկանխիկ եղանակով, որի սահմանը հուլիսի 1-ից կրկին կիջեցվի 300,000 դրամի շեմ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ գրավատների համար մի փոքր բացառություն է սահմանված և օրենքով նախատեսվում է, որ վերջիններս 2022-ի հուլիսի 1-ից վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ ձևով, եթե վարկի գումարը կգերազանցի 80,000 դրամը, 2023 թ հունվարի 1-ից՝ 50,000 դրամը և 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20, 000 դրամը:

ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը հավելել է, որ գրավատներից բացի մյուս վարկային կազմակերպություններն արդեն այսօր անկանխիկ են տրամադրում վարկերը, բայց դրանց մարումը կարող է լինել կանխիկ:

«Կան 0-ների սահմանաչափեր, օրինակ՝ պետական կառավարման մարմիններին, նոտարական գրասենյակներին և առողջապահական ու կրթական հաստատություններին հուլիսի 1-ից բոլորը վճարումներն անկանխիկ պետք է կատարվեն»,-ասել է ԿԲ փոխնախագահը։

Նա պարզաբանել է, որ հիվանդանոցների համար օրենքը Երևանի դեպքում ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, մեկ տարի անց՝ մարզկենտրոններում և երկու տարի անց՝ բոլոր բնակավայրերում:

ԿԲ փոխնախագահը հայտնել է, որ հուլիսի 1-ից հետո գրանցում պահանջող մեծ գոծարքները՝ բնակարանի, մեքենայի կանխիկով առքուվաճառքները կարող են առոչինչ ճանաչվել, և օրինական կարող են լինել, եթե առկա է գումարի անկանխիկ փոխանցումը հավաստող տեղեկանքը:

Արդարադատության փոխնախարարն ասել է, որ քաղաքացին չի կարողանալու վճարվող գումարը մասնատել 300,000-ից քիչ չափի՝ որոշակի ժամանակահատվածում վճարելու պայմանով, որպեսզի խուսափի անկանխիկ գործարքից, քանի որ այդ հարցը նույնպես կանոնակարգված է օրենքով և կդիտարկվի պահանջից խուսափելու դեպք:

«Գործարքի առոչինչ լինելը նշանակում է, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ 10 տարվա ընթացքում կարող է դիմել դատարան և կկիրառվի առոչինչության հետևանքները, որը նշանակում է, որ յուրաքանչյուր կողմից կվերադարձվեն այն ինչ տրվել են»,-պարզաբանել է Երանուհի Թումանյանցը։

Նա նաև տեղեկացրել է, որ եթե ֆիզիկական անձինք օրենքի պահանջն առաջին անգամ խախտեն, ապա կտուգանվեն 100,000 դրամի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում այն կրկնվելու դեպքում 200,000 դրամ, բայց գործարքը, միևնույնն է, առոչինչ է ճանաչվելու:

Ավելի վաղ նախատեսվում էր, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022–ի հունվարի 1-ից։ Բայց մինչև երկրորդ ընթերցումը Կենտրոնական բանկի առաջարկով կիրառման ժամկետը փոխվել է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---