Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաքվի 1905թ. հայկական ջարդերը և ինքնապաշտպանությունը

Բաքվի 1905թ. հայկական ջարդերը և ինքնապաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում 1905թ. փետրվարի 6-9-ին թաթարների կողմից կազմակերպվեցին և իրականացվեցին հայերի ջարդեր, որոնք ուղեկցվում էին ավերածություններով և թալանով: Հետագա ջարդերը ժամանակավորապես կանխվեցին հայերի կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ: Փետրվարյան ջարդերից ամիսներ անց՝ օգոստոսին, կրկին տեղի ունեցան հայկական ջարդեր, որոնց այս անգամ զոհ գնաց 100-ից ավել հայ, հրդեհվեցին ու ավերվեցին հայերին պատկանող նավթահորեր, խանութներ: Բաքվի հայերի ջարդերը շարունակվեցին նաև սեպտեմբերին և հոկտեմբերին: Հայերի ընդհանուր զոհերի և նյութական կորուստների վերաբերյալ համապարփակ տվյալներ մինչ օրս չեն հրապարակվել: Բաքվին զուգահեռ թաթարների կողմից հայկական ջարդեր էին իրականացվում Նախիջևանում, Շուշիում, Ելիզավետպոլում (Գանձակ) և այլ վայրերում:

20-րդ դարի սկզբին Բաքուն դարձել էր նավթարդյունաբերական խոշոր կենտրոն: Հայերը Բաքվում թվով երրորդն էին՝ ռուսներից և կովկասյան թաթարներից (ներկայիս ինքնանվանումը՝ ադրբեջանցիներ) հետո: Ըստ բրիտանացի լրագրող Ջեյմս Դոդդս Հենրիի՝ Բաքվում 1905թ.-ի դրությամբ բնակվում էր 34.259 հայ: Ըստ հայ պատմաբան Հովհաննես Տեր-Մարտիրոսյանի (Ա-Դո) ներկայացրած տվյալների՝ 1905 թ. Բաքվում մշտական և ժամանակավոր բնակություն հաստատած հայերի թիվը հասնում էր 50 հազարի:

Հայերն ունեին հսկայական ներդրում Բաքվի մշակութային և տնտեսական կայացման գործում՝ այդ թվում նաև առաջատար դիրքեր ունենալով նավթարդյունաբերության ոլորտում՝ վերահսկելով նավթային բիզնեսի ավելի քան 35 տոկոսը:

Կովկասում հայերի ունեցած տնտեսական միջոցների մասին են վկայում նաև Ֆրանսիացի լրագրող Կլոդ Անեի հուշերը. «….հենց հայերն են ձևավորում [Բաքվի] առևտրային և ակտիվ դասը»:

1905 թ. Բաքվի ջարդերի հետևանքով հայի հրդեհված բնակարան. Աղբյուրը՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Ջարդերի նախադրյալները, պատճառները.

1905 թ. Ցարական Ռուսաստանի հեղափոխական գործընթացներից անմասն չէր մնացել նաև Անդրկովկասը: Բաքվում ակտիվ գործունեություն էր ծավալում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը (ՀՅԴ), որը Ցարական Ռուսաստանի կողմից դիտարկվում էր որպես վտանգ: Դաշնակցության նկատմամբ թշնամական դիրքորոշում ունեին նաև թաթարները, և այս տեսանկյունից արժի մեջբերել Բաքվի քաղաքային դումայի պատգամավոր, ադրբեջանական կապիտալիստ Իսրաֆիլ Հաջիևի՝ 1905թ. փետրվարի 18-ին Բաքվի նորանշանակ գեներալ-նահանգապետ Ի. Ամիլախվարիի հետ հանդիպման ընթացքում արած հայտարարությունը. «Ի՞նչ արժեք ունի, թե հայերը վստահեցնում են, որ հեղափոխականները գործում են Թուրքիայի դեմ, այդ Թուրքիան հարազատ է Այսրկովկասի մահմեդականներին. ով գործում է Թուրքիայի դեմ` նա բնականաբար և Այսրկովկասի թուրքերի թշնամին է»:

Այսպիսի պայմաններում Բաքվի թաթար վերնախավը ջանում էր ցարական իշխանությունների աջակցությամբ պահն օգտագործելով ճնշել հայկական ազգաբնակչությանը և տիրանալ հայերի ֆինանսական միջոցներին:

Ցարական իշխանություններին Անդրկովկասը հեղափոխությունից հեռու պահելու համար անհրաժեշտ էր քայլեր ձեռնարկել ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու համար: Ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը գրել է. «…. Այդ դիվային դերը ստանձնել էին ռուսական վարչակարգի ներկայացուցիչները՝ Բաքվի նահանգապետ Միխայիլ Նակաշիձեն, Բաքու քաղաքի և շրջանի ոստիկանապետ Ֆյոդոր Դիմինսկին, նավթաշրջանի ոստիկանապետ Յուլիան Խոմեցկին, Հանրային ապահովության տնօրեն (ժանդարմերիայի պետ) իշխան Թաքվերիձեն»:

Ըստ պատմաբան Միքայել Վարանդյանի՝ «….Բաքվում հայ-թաթարական բախումները քաղաքական, տնտեսական, մշակութային, կրոնական պատճառների հյուսվածք էին, որից առաջին երկուսը (ընդգծումը մերն է) առաջնային և վճռական դեր խաղացին անակնկալ գործողությունների բռնկման գործում»: 

Հայկական ջարդերի հրահրման և կազմակերպման ընթացքում իրենց ուրույն դերակատարությունն են ունեցել նաև թաթար կրոնավորները, որոնց մասին Մ. Վարանդյանը նշել է. «… 1905 ի սկզբներուն Բագուի թուրքերու մէջ արդէն իսկ տարածւած էր այն չարաշուք համոզումը՝ որ կարող են անպատիժ թալանել և կոտորել հայերը և որ կառավարութիւնը իրենց կողմն է: Թաթար կղերն ալ իր եռանդուն աջակցութիւնը կը բերէր խուժանավար «ընտրանիին», հրահրելով մութ ամբոխի կրօնական մոլեռանդութիւնը, հնչեցնելով «ջհաթի», սրբազան պատերազմի կարգախօսը, հաւաստիացնելով ամենուրեք, թէ իբր հայ կոմիտէները կռիւ են յայտարարեր Իսլամի դէմ և մտադիր են օդը հանել մզկիթները»:

Հատկանշական է, որ Բաքվում նույն թվականի օգոստոսին հայկական ջարդերի վերաբերյալ իր հուշերում թաթար կրոնավորների ներգրավվածության մասին նշել է Կլոդ Անեն՝ . «….Երբ սա գրվել է, Բաքուն եղել է կրակի տակ, և 1905թ. օգոստոսին ամենուրեք թաթարները պանիսլամիզմի համար կոտորում էին հայերին»: 

Ջարդերի սկիզբը, ընթացքը, արդյունքները.

Հայ-թաթարական ջարդերը, որոնք ուղեկցվում էին ավերածություններով, թալանով, տեղի ունեցան 1905թ. փետրվարի 6-9-ին: Բախումները սկսվել են հետևյալ կերպ՝ Բաքվում սպանվել է դաշնակցական Միսաք Ենգոյանը: Սպանության մեղադրանքով ձերբակալվել է թաթար Աղա-Բալան, ով 1905թ. հունվարի 12-ին բանտից քննիչի մոտ տանելիս սպանվել է, և նրան ուղեկցող զինվորները իրենց արարքը բացատրել են նրանով, որ Աղա-Բալան ցանկացել է փախչել:

Փետրվարի 6-ին, երբ պատարագի եկած հայերը եղել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, Աղա-Բալայի ազգական, քաղաքի հայտնի ավազակ Աղա-Ռիզա Բաբաևը փորձել է վրեժ լուծել և ատրճանակով կրակել է հայ զինվորներից մեկի վրա: Հայերը նրան բռնել են և հանձնել են ոստիկանության պաշտոնյային, սակայն Աղա-Ռիզա Բաբաևը ազատ է արձակվել, որից հետո կրկին հարձակվել է հայերի վրա, բայց այդ ընթացքում սպանվել է:

Ըստ պատմաբան Մ. Վարանդյանի՝ Բաբաևի դին կառքով պտտել են թաթարական թաղերի մեջ և վրեժ լուծելու կոչեր են արել, որին սակայն իշխանությունները չեն արձագանքել: Նույն օրը երեկոյան թաթարներն իրենց զինված խմբերով դուրս են եկել փողոցներ և սկսել են սպանել հայերին: Հայերի ուղղությամբ կրակել են նաև տների պատշգամբներից ու պատուհաններից՝ ազգամիջյան ատելության և բախումների կոչեր անելով: Առաջին օրվա կորուստների վերաբերյալ Մ. Վարանդյանը նշել է մի քանի տասնյակ զոհ և վիրավոր:

Նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի վերաբերյալ Մ. Վարանդյանը նշել է. «…. Նահանգապետ Նակաշիձէ չէր իսկ թագցներ իր մեղսակցութիւունը, շնականօրէն կը ղեկավարէր թուրք հերոսակներու արշաւները հայ անզէն ժողովուրդին դէմ, ինքը ձիու վրա, կոզակներուն հետ կերթեւեկէր փողոցներու մեջ, իր աչքի առջեւ կը կատարւէին սարսափներ և իբր իրեն կը դիմէին զոհերը աղերսանքով, լաց ու կոծով, կը պատասխանէր, թէ անզոր է կոտորածի դէմ, թէ չունի բաւականաչափ զօրք...Նահանգապետը մերժեց նաև հայերու խնդիրը՝ զէնք տալ իրենց ինքնապաշտպանութեան համար»:

Թաթար հրոսակախմբերը անարգել ավերել, թալանել ու հրկիզել են հայերի տները, խանութները, արհեստանոցները, դաժանաբար սպանել են հայերին, այրել են իրենց սեփական տներում: Որպես թաթարական վայրագությունների օրինակ կարելի է մեջբերել բրիտանացի լրագրող Ջեյմս Դոդդս Հենրիի հուշերը Ադամովի տանը թաթարների իրականացրած ջարդերի մասին: Ջ.Դ. Հենրին նշել է, որ «երբ սպանվել են տան պաշտպանները, թաթարները հրկիզել են Ադամովի  տունը, ներխուժել են տան նկուղ, որտեղ գտնվող 9 տղամարդու սպանել են, իսկ 11 կանանց տարել են, և նրանց ճակատագիրն անհայտ է մնացել»:

Ադամովի ավերված տան լուսանկարը,  աղբյուրը՝ Henry J. D., Baku. An eventful History, Arno Press, New York, 1977, p 156

Նշենք, որ իշխանությունները հայերին պաշտպանելու համար գործողություններ չեն իրականացրել: ՀՅԴ Բաքվի կոմիտեն սկզբից բավարարվում էր խաղաղության կոչերով  և հեղափոխական կուսակցությունների հետ թռուցիկներ տարածելով: Սակայն դեպքերի զարգացման ընթացքից կախված՝ նահանգապետ Նակաշիձեին սպառնագիր է հղում՝ նշելով. «...Պաշտպանեցէք ժողովուրդը, եթէ ոչ, անձամբ պատասխանատու կը լինիք»: Հայկական ջարդերի վերաբերյալ իշխանությունների անտարբերության մասին է վկայում նաև այն, որ կազակները, որոնք որևէ քայլ չէին իրականացնում հայկական ջարդերը դադարեցնելու, թաթարներին զինաթափ անելու և պատժելու համար, հետապնդում էին հայերին, որ հայերի ունեցած զենքը բռնագրավեն:

Իրավիճակի ծանրացմանը զուգահեռ ՀՅԴ-ն կազմակերպեց ինքնապաշտպանություն, ինչի նպատակով Բալախանից (Բալաքան) Բաքու տեղափոխվեց Նիկոլ Դումանը: Ն. Դումանի հետ գործում էին Մարտիրոս Չարուխչյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը, Հմայակ Ջանփոլադյանը և այլք: Բախումները դադարեցվել են փետրվարի 9-ին: Ըստ Մ. Վարանդյանի՝ հայերի կորուստները եղել են 205 սպանված և 121 վիրավոր, իսկ թաթարներինը՝ 111 սպանված և 128 վիրավոր: Ա-Դո-ի տվյալներով 205 սպանված հայերից  7-ը կանայք էին, 20-ը երեխաներ և 13 ծերունիներ: Ըստ սենատոր Ալեքսանդր Կուզմինսկու զեկույցի՝ Բաքու քաղաքում սպանվել է 232 մարդ՝ 192 հայ, 36 թաթար և 4 ռուս:

Թ.Ռ. Վարդանյանի հոդվածում նշվում է, որ բախումներից հետո, ըստ Աբրահամ Գյուլխանդյանի, Բաքվից փախել է մոտ 8-10 հազար հայ:

Կլոդ Անեն գրել է. «….Գիտենք, թե ինչ է տեղի ունեցել փետրվարին, Բաքվի սարսափելի կոտորածները, ամենուրեք եղել են սպանություններ, լուրջ անկարգություններ: Կառավարությունը մեղադրում է հայերին, որ նրանք մեղավոր են: Ես կարծում եմ, որ կառավարությունը սխալ է: …Բաքվում ականատեսներից մեկն ինձ ասաց, որ տեսել է, որ կոտորածների ժամանակ մի թաթար մայթին դանակահարել է չորս հայի»:

Հայերի շրջանում զոհերի թիվը շատ ավելի մեծ չի եղել միայն ի շնորհիվ ինքնապաշտպանության:

Ուշագրավ է, որ չնայած ռուսական 1 223 ռազմուժի (սվին) առկայությանը՝ ոչ-ոք չի ձերբակալվել ու պատասխանատվության չի ենթարկվել:

Փետրվարյան ջարդերից հետո ՀՅԴ-ն նախաձեռնեց նահանգապետ Նակաշիձեին պատժելու գործողություն, ինչը և Բաքվում իրականացրեց Դրաստամատ Կանայանը (Դրո). «…. Մայիս 11ի ցերեկւան ժամը 3-ի ատեն, երբ գեներալ-նահանգապետը կառքով կը սլանար քաղաքի կեդրոնական պողոտայով, ռումբ մը նետւեցաւ անոր վրա և ահաւոր դղրդիւնի մէջ Նակաշիձէի ջախջախւած ու այլանդակւած դիակը փռւեցաւ գետնին...» [Մ. Վարանդյան, նշվ. աշխ., էջ 305]:

Հայերի ջարդերը չսահմանափակվեցին միայն Բաքվով՝ տարածվելով ողջ Հարավային Կովկասում: 1905թ. օգոստոսին Բաքվում կրկնվեցին հայերի վրա թաթարների հարձակումները: Ըստ Մ. Վարանդյանի՝ դա երկրորդ «պոգրոմն էր», որի ընթացքում

  • սպանվեց շուրջ 130 հայ
  • հրդեհվեցին Բալախանիի հանքերը, այրվեցին հայերի նավթահորերը Սաբունչիում, Ռոմանիում, Բիբի Էյբաթում

Օգոստոսյան ջարդերի ընթացքում հրդեհվել են հայերին պատկանող տներ, նավթահորեր, արհեստանոցներ: Արյունահեղությունը շարունակվեց նաև աշնանը: Դ. Անանունը նշել է, որ ըստ Ա-Դո-ի՝ 1905թ. հոկտեմբերի 20-25-ին Բաքվում կրկին տեղի են ունեցել հայկական ջարդեր, որոնց ընթացքում տասնյակ հայեր են սպանվել, և բազմաթիվ հայկական տներ են հրդեհվել:

1905թ. Բաքվի հայ համայնքը մեծ կորուստներ կրեց, բազմաթիվ հայեր ստիպված եղան լքել քաղաքը, սակայն հայության մեծ մասը շարունակեց ապրել քաղաքում: Հայկական համայնքի նկատմամբ բռնությունները, սակայն, սրանով չսահմանափակվեցին: Բաքվի հայությունը նոր կոտորածների ենթարկվեց 1918 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որին զոհ գնաց շուրջ 20 հազար հայ: ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ՝ 1988-1990թ. Բաքվում կազմակերպվեց և իրագործվեց հայերի ջարդերի երրորդ ալիքը, որի հետևանքով քաղաքն ամբողջովին հայաթափվեց: Այսօր Բաքվի հայկական համայնքի բազմադարյա պատմության մասին հիշեցնում է միայն Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի խաչը հանվել է, մաքրվել են հայկական զարդաքանդակները, իսկ կառույցը վերածվել է գրապահոցի: Ադրբեջանը շարունակում է նույն այլատյացության քաղաքականությունը:

Արամ Կոստանյան

Աղբյուրներ

  1. Ա–Դո. Հայ-թաթարական ընդհարումը Կովկասում (1905–1906 թթ. փաստական, վիճագրական,տեղագրական լուսաբանություններով), Երևան, 1907
  2. Դ. Անանուն, Ռուսահայերի հասարակական զարգացումը, հատոր երրորդ(1901-1918), տպարան ս. Ղազարու, Վենետիկ, 1926թ.
  3. Միքայէլ Վարանդեան, Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան-1992
  4. Հր. Սիմոնյան, Ադրբեջանցիների պատմության «հերոսական» էջերից մեկը լուսանկարներում, ԵՊՀ հրատարակչություն, Երևան-2014
  5. Հրաչիկ Սիմոնյան, Ազատագրական պայքարի ուղիներում, գիրք, «Հայագիտակ», Երևան-2003
  6.  Խաչատուր Դադայան, Հայերը և Բաքուն (1850-ական թթ. - 1920թ.), «ՆՈՐԱՎԱՆՔ» գիտակրթական հիմնադրամ, Երևան-2006
  7. Հայկ Մարտիրոսյան, Հովհ. Քաջազնունու գործունեությունը Բաքվում (1905 թ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ)
  8. Թ. Ռ. Վարդանյան, Թաթարական ազգայնամոլության դրսևորումներն Անդրկովկասում 20-րդ դարի առաջին տասնամյակում
  9. Кузминский А., ОТЧЕТ 1905 ГОДА О РЕВИЗИИ Г. БАКУ И БАКИНСКОЙ ГУБ. -1
  10.  Henry J.D., Baku. An eventful History, Arno Press, New York, 1977
  11. Claude Anet, Les Roses d'Ispahan - La Perse en Automobile, à travers la Russie et le Caucase (1906), Société d'Edition et de Publications Librairie Félix Juven, Paris, 1906

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am