19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չհասնելով որևէ հաջողության մարտի դաշտում՝ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը. ՀՀ ԱԳՆ

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակել է հանցավոր կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Այս անգամ հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին և Հադրութ քաղաքին, որի հետևանքով եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի զինված ուժերը, անկարող լինելով վեցօրյա մարտերի ընթացքում հասնել որևէ հաջողության մարտի դաշտում, ձեռնամուխ են եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը:

Հարձակումները մեծամասամբ իրականացվում են Թուրքիայի կողմից ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Ադրբեջանին տրամադրված զինտեխնիկայի և սպառազինության օգտագործմամբ և թուրքական ռազմական մասնագետների համակարգմամբ:

Միաժամանակ, փորձելով արդարացնել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային հումանիտար իրավունքի այս և այլ կոպիտ խախտումները` Ադրբեջանը ստահոդ լուրեր է տարածում իբր թե հայկական կողմից իր քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է ադրբեջանա-թուրքական դաշինքի այս հանցագործությունը և վերահաստատում իր վճռականությունն Արցախի իշխանությունների հետ համատեղ բոլոր միջոցներով չեզոքացնելու Արցախի ժողովրդին ուղղված գոյութենական ցանկացած սպառնալիք», – նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարությւոնում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ