211652_close_icon
views-count2804 դիտում article-date 20:13 28-08-2018

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, անսահման պոպուլիզմ է, որի հետևանքները երկար ժամանակ հետ կպահեն երկիրը զարգացումից. Ռոբերտ Քոչարյան. Tert.am

Սերժ Սարգսյանը չպետք է սահմանադրական բարեփոխում կատարեր: Այս մասին ռուսական «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու իր կարծիքով տեղի ունեցավ այս տարվա մայիսյան հեղափոխությունը, թե արդյոք դա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սխալների արդյունքն էր, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/08/28/Kocharyan-2/2776367]Tert.am[/url]-ը։ «Ես այն ժամանակ քննադատական ելույթով եմ հանդես եկել: Նա չպետք է փորձեր պահպանել իշխանությունը՝ նստելով վարչապետի աթոռին», - ասել է Քոչարյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը գործնականում հնարավորություն չունի քաղաքականություն վերադառնալու, Քոչարյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արդեն վերադարձել է. «Ես չեմ հայտարարել, որ պատրաստվում եմ վերադառնալ, ես ասել եմ, որ արդեն վերադարձել եմ»: «Ես Հայաստանի նախագահն եմ եղել 10 տարի, այդ ընթացքում ՀՆԱ-ն աճել է ռեկորդային 5 անգամ, իսկ բյուջեն՝ 8 անգամ», - նշել է ՀՀ երկրորդ նախագահը՝ նկատելով, որ Երևանում կառուցված բոլոր հետաքրքիր շինություններն ստեղծվել են այդ տարիներին: Քոչարյանի խոսքով՝ իրենք տարեկան 35-40 հազար աշխատատեղ են ստեղծել: «Փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինն իմ նախագահության սկզբում աճել է 15- 46 տոկոսով, մասնավոր հատվածի ՀՆԱ-ի մասնաբաժինը հասել է 80 տոկոսի: Կյանքի որակը փոխվել է արմատական կերպով», - հիշեցրել է Քոչարյանը և վստահություն հայտնել, որ հենց այն մարդիկ, որոնք այդ ընթացքում բիզնեսներ են ստեղծել, կդառնան այն ընտրական բազան, որի կարիքն ինքն ունի: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք իր կուսակցությամբ է մտադիր Քոչարյանն ասպարեզ դուրս գալ, թե կոալիցիայով: Որպես պատասխան վերջինս ասել է, որ այդ հարցը դեռ բաց է: Նա նշել է, որ կարող է ուժեղ համախմբող ուժ դառնալ նրանց համար, ովքեր տեսնում են այսօրվա խնդիրները: Քոչարյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ վերջին հանրահավաքի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, որի համաձայն՝ «Հայաստանում դե ֆակտո կառավարման նոր համակարգ է ստեղծվել»: Քոչարյանի խոսքով՝ «հեղափոխական հրապարակը հայտարարվել է իշխանության բարձրագույն մարմին»: «Մեր սահմանադրության մեջ այդպիսի բան չկա, որ հրապարակը դառնա ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին»,– ասել է երկրորդ նախագահը: «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, անսահման պոպուլիզմ է, որի հետևանքները երկար ժամանակ հետ կպահեն երկիրը զարգացումից»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/08/28/Kocharyan-2/2776367]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր