Բաժիններ՝

«Այս գործում ամենակարևորը Լևոն Սարգսյան անուն ազգանունն է, որ շրջանառվել է». Ամրամ Մակինյան

Այսօր Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին:

«Լևոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»,- ասել էր Հարությունյանը:

168.am-ի հետ զրույցում Լևոն Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նախ նշեց, որ խոսքը մեղադրանք առաջադրելու մասին չէ. իր պաշտպանյալը որպես մեղադրյալ է ներգրավվել: Բացի դրանից, խոսքը նաև այսօրվա մասին չէ: Որպես մեղադրյալ` այդ գործում Լևոն Սարգսյանին ներգրավելու մասին որոշում կայացրել են օրեր առաջ` սեպտեմբերի 5-ին, սակայն չգիտես ինչու, այդ մասին խոսում են հիմա:

«Փաստական առումով այն նյութերը, որոնք դրված են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքում, խոսում են այն մասին, որ Լևոն Սարգսյանն ընդհանրապես առնչություն չունի իրեն վերագրված արարքին: Իրավական առումով ես, առանց անուններ նշելու, ասեմ, որ գործի նյութերում որպես մեղադրյալ ներգրավված ինչ-որ X անձ ցուցմունք է տվել և իմ տեղեկությունների համաձայն` ցուցմունքը տալուց հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է շատ կասկածելի հանգամանքներում: Ամեն դեպքում ես այդպես եմ գնահատում: Փաստորեն տվյալ անձի կալանավորումը դատախազության կողմից վերացվել է: Տվյալ անձը ցուցմունք է տալիս, որ մեկ այլ անձից լսել է, մեկ այլ անձն էլ ուրիշ այլ անձից է լսել, որ ևս մեկ այլ անձ կա, և նա ասել է, որ ենթադրաբար Լևոն Սարգսյանն առնչություն ունի այն ամենին, ինչ իրեն այժմ վերագրվում է»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Վերջինս նշում է, որ ուղղակի աբսուրդ է այս մեղադրանքը, և ցանկանում է ընդգծել, որ բացի այս անձը, որն այսօր գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, այս գործով անցնող բոլոր անձանցից որևէ մեկը, իր ունեցած տեղեկությունների համաձայն, որքանով որ տիրապետում է իրեն հասանելի գործի նյութերին, հարցաքննված չէ և որևէ տեղեկություն այդ ամեն ինչի մասին չի հայտնել:

«Ես չեմ վախենում ասել, որ այդ անձը, այո, գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, և այս մեղադրանքը իր ամբողջ ծավալով ամբողջովին ենթադրությունների վրա կառուցած մեղադրանք է: Ես ուզում եմ ընդգծենք նաև, որ լրատվամիջոցներում, հղում կատարելով Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, նշվում է, որ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն: Ես` որպես իրավաբան, զարմացած եմ, թե նշած ապացույցներից որո՞նք էին ապացույց, և ի՞նչն էր բավարար: Այս գործում ամենակարևորը Լևոն Սարգսյան անուն ազգանունն է, որ շրջանառվել է: Այս քրեական գործում ամենակարևոր ապացույցը իմ գնահատմամբ Լևոն Սարգսյան անուն ազգանունն է: Մնացածը ինձ հասանելի գործի նյութերը ամբողջությամբ ուսումնասիրելիս համոզվել եմ, որ չկա անգամ ապացույցի նշույլ, որ կհիմնավորի առնչությունը իմ պաշտպանյալի: Էլ չեմ խոսում բավարար ապացույցների համակցության մասին»,-ասաց Լևոն Սարգսյանի պաշտպանը:

Մեր այն հարցին, թե Քննչական կոմիտեն հոդվածներ էր նշում իր հայտարարության մեջ, Ամրամ Մակինյանն ասաց, որ որպես մեղադրյալ Լևոն Սարգսյանին ներգրավելիս վերջինիս մեղսագրել են ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխանող մեղադրանք:

«Դա փողերի լվացման հատկանիշներ պարունակող հոդվածն է և իրական կամ ենթադրյալ իրավունքների ազդեցությունը օգտագործելու մասին է, որ իբր թե Լևոն Սարգսյանը, հանդիսանալով Սերժ Սարգսյանի եղբայրը և Հատուկ հանձնարարություններով դեսպան, օգտագործելով իր իրական ազդեցությունը պաշտոնատար անձանց վրա, այս կամ այն ընկերության օգտին առավելություններ ձեռք բերելու մասով որոշակի գործողություններ է կատարել»,- մեկնաբանեց փաստաբանը:

Նա հավելեց նաև, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը որևէ նշույլ չի պարունակում, թե Լևոն Սարգսյանն ի՞նչ գործողություն է կատարել, ի՞նչ է արել:

168.am-ի այն հարցին, թե ի պաշտոնե Լևոն Սարգսյանը որևէ առնչակցություն կարո՞ղ էր արդյոք ունենալ Հյուսիս-Հարավի շինարարությանը, Ամրամ Մակինյանն ասաց, որ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ու այն պարտականություններն ու լիազորությունները, որոնք ունեցել է Լևոն Սարգսյանը, որևէ առնչություն չունեն, չեն ունեցել ու չէին կարող ունենալ Հյուսիս-Հարավ նախագծի հետ:

«Այս գործի հիմքում զուտ ենթադրություններ են, իսկ այն մասին, թե կոնկրետ ինչո՞ւմ են արտահայտվել Լևոն Սարգսյանի կատարած գործողությունները, նշույլ իսկ չկա»,- նշեց փաստաբանը:

«Երբ անձին որպես մեղադրյալ են ներգրավում, պարտավոր են բոլոր ապացույցների բավարար շեմը հաղթահարել: Նախաքննական մամինը, որ անձին առանձնապես ծանր հանցագործության` փողերի լվացման մեջ է մեղադրում, պարտավոր է ներկայացնել բավարար ապացույցների ողջ զանգվածը: Ու մի հատ էլ բարձրաձայնում են, թե կալանավորելու միջնորդություն են ներկայացրել առաջին ատյանի դատարան»,- ասաց Ամրամ Մակինյանը` շեշտելով, որ այստեղ իրավական մեծ խնդիր կա:

«Եթե անձը, որ մեկ այլ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված և որպես խափանման միջոց` նրա նկատմամբ կալանավորում է ընտրված, Վճռաբեկ դատարանն անգամ ասում է, որ եթե արդեն կա կալանավորում, այլ դեպքով կալանավորումն արդեն առարկայազուրկ է: Հիմա նորից կրկնակի կալանավորման որոշում կայացնելով`ի՞նչ են ուզում ապացուցել»,-եզրափակեց Լևոն Սարգսյանի պաշտպանը` հավելելով, որ միջնորդությունն, ըստ քննիչի, մուտք է արվել դատարան:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս