Բաժիններ՝

Անօթևանների միակ կացարանը հաճախ է հոսանքազրկվում, նաև վարձի պատճառով անջատում են գազը

Հայաստանում գործող անօթևանների միակ բաշխիչ կացարանը, որի տանիքի տակ մինչև 110 մարդ է ծվարում, այսօր կանգնած է լուրջ խնդրի առաջ. Սոցապնախարարությունը կոմունալ վարձերը չի փոխանցում:

2018 թվականից այս կողմ կացարանի անպաշտպան բնակիչները հաճախ են մնում խավարի ու սառը պատերի մեջ, պատճառը կառավարության սուբսիդիայից հանված 5.5 մլն դրամ խնայողությունն է, որը բյուջեի տողով հենց կոմունալ վարձերի՝ գազի, ջրի ու հոսանքի համար է մշտապես հատկացվել:

Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը ստեղծված իրավիճակում հապճեպ լուծում գտել է դեռ անցած տարի: Երևանի քաղաքային ընտրություններից հետո հանդիպել է քաղաքապետ Հայկ Մարությանին և ստացած միանվագ 5 մլն դրամ նվիրատվության հաշվին զրոյացրել է ողջ տարվա կոմունալի բեռը, դեռ մի բան էլ խնայել է 2019-ի հունվարի համար:

Նույն խնդիրը, սակայն, 2019-ին նորից գլուխ է բարձրացրել: Վերադաս համարվող Սոցիալական պաշտպանության ոլորտի նախարար Զարուհի Բաթոյանը մինչ օրս անհաղորդ է մնում խնդրին, լուծումներ չի առաջարկել անօթևանների կացարանին:

Նախարարությունն առաջվա պես բյուջետային հատկացումներով սուբսիդավորում է կացարանի 28 աշխատակիցների նվազագույն աշխատավարձը, անօթևանների նախաճաշի ու ճաշի ծախսը, իսկ կոմունալ վարձերը, որ 6 տարի շարունակ փոխանցվել է բյուջեից՝ 7 մլն դրամի չափով, այլևս ներառված չէ սուբսիդավորվող ծախսերի տողում:

Պատվիրակվող ծառայությունների մեջ պետության հոգսը հիմա միայն անօթևանների սնունդն ու նրանց խնամողների աշխատավարձն է համարվում, կենցաղային մյուս բոլոր պայմաններն ապահովվում են բարեգործական հիմնադրամի դոնոր կազմակերպությունների հաշվին:

Քաղաքապետարանը, իհարկե, գործընկեր կառույց է համարվում, նկատում է կացարանի տնօրենը, սակայն Մարությանի աջակցությունը լոկալ ժամանակավոր բնույթ է կրում: Ասում է՝ ինստիտուցիոնալ լուծում պիտի տրվի հարցին, որ ամեն անգամ սրա-նրա դուռը չգնա, ելքեր չփնտրի:

Տնօրենի խոսքով՝ քաղաքապետարանի բյուջեից հատուցվող կոմունալ վարձերը ոչ միշտ են ամբողջովին ծածկում կացարանի պարտքերը, տնօրինությունը հաճախ է ստիպված լինում ծանոթ-բարեկամ կապերին դիմել՝ մեկից՝ 20 հազար, մյուսից՝ 30 հազար դրամ հավաքելով:

Ընդ որում, ոչ միշտ է հաջողվում խուսափել պարտքի պատճառով գազի ու հոսանքի անջատումներից:

«Ներկայում փոխանցումները դարձյալ մեկիկ-մեկիկ փոխադարձ ակտերով արվում են քաղաքապետարանի միջոցներով, և ուշացումներով այդ անհարկի թղթաբանությունը ոչ միշտ է սահուն ստացվում՝ մեկ քաղաքապետի կարգադրությունն է պետք, մեկ ավագանու որոշումն է ուշանում»,- ասում է նա:

Այս անգամ Մարությանը փաստացի խուսափել է միանվագ փոխանցումով կացարանին աջակցել, ուստի չի բացառվում, որ ինչ-որ պահի հրաժարվի կոմունալ ողջ բեռը վերցնել իր վրա:

Տնօրեն Շավարշ Խաչատրյանը փոխված մոտեցումներում ոչ մի կերպ չի ուզում Հայկ Մարությանի փոխված վերաբերմունքը տեսնել՝ համարելով, որ որոշ բարդություններ առաջ են գալիս զուտ չինովնիկների թերի իմացության պատճառով: Այլընտրանքը, կրկնում է, պետական մոտեցումը պիտի լինի, կառավարությունը մի գրչով կարող է խնդրին համակարգային լուծում տալ ու հարցը փակել մեկընդմիշտ, սակայն ուշացնում է:

Իսկ արտասահմանցի դոնոր կազմակերպություններն արդեն նախազգուշացման ազդակներ են տալիս:

«Ասում են՝ եթե պետությունը վերանայել է իր պարտավորությունների շրջանակը, ուրեմն մենք էլ մեր հերթին՝ կվերանայենք կենցաղային հարցերի սպասարկման մասով, իսկ սա մեզ համար խիստ վտանգավոր ազդակ է»,- ասում է Շավարշ Խաչատրյանը և ընդգծում խնդրի հրատապության հարցը:

«Թող նախարարությունը խնայողություն անի, տենց ճոխ-ճոխ պրեմիաներ իրենց գրելու փոխարեն՝ իր անօթևան քաղաքացու հոսանքի հարցը լուծի, մի մեծ բան չի էդ 5 մլն դրամը:

Շների հավաքագրման նպատակով մինչև 600 մլն դրամ էր քաղաքապետարանը հատկացնում ինչ-որ ընկերության, ասում եմ՝ մեր ուզածը մարդ արարածի համար է, ընդամենը 5 մլն դրամ, զարմանում եմ, էլի, ո՞նց կարելի է մարդու շահը ստորադասել շների թեմայի կողքին, անօթևան, խեղճ ու կրակ 100 մարդու: Հաշվի չեն առնում՝ առջևում ձմռան ցրտերն են, էսօր էդ անօթևանները գյուղերում ցրվել, հովիվ են աշխատում, այգիներ են մշակում փողով, քնում են փողոցներում, վաղը ցուրտը սկսվեց, գալու են նորից հերթով դռան մոտ շարվեն՝ 50-60 հոգի: Ի դեպ, անօթևանները շատ են ավելացել անցած տարվանից:

Ասում եմ՝ այ մարդ, առանց ավելորդ քաշքշուկների՝ էդ նվազ գումարը տվեք, որպեսզի ամեն վարձի օրը ես  հարյուրավոր տարեցների հետ տագնապ չապրեմ, վախով ճրագ չվառենք, հետո էլ լարված աջ ու ձախ հետևենք, թե հանկարծ ծերերը անզգուշորեն կացարանը կրակի բերան չտան, մոխրացնեն: Ամեն ամսվա կեսին կոմունալ վարձերն ուշանալուց մենք վերապրում ենք էդ տագնապը՝ հես ա լույսերը կանջատեն, գազը կկտրվի, նորից կհայտնվենք անելանելի վիճակում, բա տենց կարելի՞ է, չեմ հասկանում, ինչքան դիմանանք»,- հուսահատ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմում կացարանի տնօրենը:

Հիշեցնենք, սա Թիվ 1 տուն-ինտերնատում գործող կացարանն է ըստ էության, որը հետագայում սոցապնախարար Արտեմ Ասատրյանի օրոք միավորվեց Վարդաշենում գործող հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կացարանին և դարձավ մեկ լիարժեք կիսապետական կառույց, որտեղ սնվում են փողոցներից հավաքագրված հարյուրավոր անօթևաններ, հիգիենիկ պայմաններում են ապրում, դեղորայք են ստանում, զանազան զբաղմունք ունեն և սպասարկվում են սոցծառայություններով:

Իսկ մասնավոր և պետական կացարանների միավորման իմաստն այն էր, որ պետությունը որոշեց իր պատասխանատվությունը կիսել մասնավորի հետ՝ միաժամանակ ավելացնելով անօթևան շահառուների քանակը և իր հսկողության տակ առնելով բարեգործական ներդրումներն ու մատուցվող ծառայությունների սպասարկման որակը:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս