«ԱՄՆ Պետդեպի 2018թ. զեկույցը փոքր-ինչ մեղմացված է մոտեցել խնդիրներին, 2019թ. մասին զեկույցն ավելի հասցեական ու կետային կլինի». Լարիսա Ալավերդյան

ԱՄՆ Պետդեպը 2018-ի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում բարելավումներ է արձանագրել Հայաստանում մի շարք ոլորտներում, ընդ որում՝ փոփոխությունների «ջրբաժանն» անցած տարվա ապրիլ-մայիսն է։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Պետդեպը դրական փոփոխություններ է արձանագրել նաև քաղաքական ազատությունների ու իրավունքների ոլորտում:

Սակայն ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանը համարում է, որ այս զեկույցը փոքր-ինչ մեղմացված է մոտեցել խնդիրներին, և 2019թ. մասին զեկույցն ավելի հասցեական ու կետային կլինի։ Պետդեպի 2018-ի զեկույցի շուրջ մի քանի հարց ուղղեցինք Լարիսա Ալավերդյանին։

– Տիկին Ալավերդյան, ի՞նչ դիտարկումներ ունեք 2018թ. զեկույցի վերաբերյալ։

– Նախ և առաջ՝ անդրադարձը փոքր-ինչ հակասական է որոշ առումով, եթե հատկապես համադրենք «Freedom House»-ի զեկույցի հետ, ապա շատ հետաքրքիր դիտարկում կա՝ նկարագրական մասով կարծես բարձր է գնահատվում այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում և դրա հետ կապված մարդու իրավունքների ոլորտում, և հետաքրքրական է, որ մարդու իրավունքների մասով ավելի շատ դիտարկումներ կան մինչև ապրիլ և ապրիլ-մայիս ժամանակահատվածի վերաբերյալ: Այսինքն՝ այն բուռն զարգացումների, որոնք մեր կազմակերպությունը մոնիտորինգ է արել, և Պետդեպի զեկույցի որոշ դիտարկումներ մեր անդամներն են տրամադրել, մասնավորապես՝ դատարանի շենքում տեղի ունեցած բռնության մասին։

Այն զարգացումները, որ տեղի են ունեցել 2018-ի երկրորդ կիսամյակում, կարծես այդքան արտացոլված չեն։ Դրական է, որ իրենք համարում են, որ քաղաքական բանտարկյալներ, որպես այդպիսին, հիմա չկան։ Մի կողմ թողնենք՝ կա՞ն, թե՞ չկան, բայց դա դրական է բնութագրում երկիրը։ Մյուս կողմից՝ տարբեր դիտարկումներով ՀՀ-ն մնում է կիսաազատ պետությունների ցանկում, ինչը, անշուշտ, անհանգստություն է պատճառում։ Եթե խոսում ենք զուտ մարդու իրավունքների դաշտի մասին, ապա, կարծում եմ, որ դիտորդների աչքից չեն վրիպել հետհեղափոխական ժամանակահատվածում մարդու իրավունքների խախտումները, պարզապես, կարծում եմ, առայժմ իրենք սպասում են հետագա զարգացումներին։ Եվ որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ՝ ես միշտ ընդգծել եմ, որ ինչքան էլ տարօրինակ է, բայց ներսում մեր դիտարկումներն ավելի շատ խախտումներ են վեր հանում, քան որոշ անգամներ՝ Պետդեպի կամ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մենք միշտ ավելին ենք տեսնում, ավելին ենք վեր հանում և ավելի շուտ ենք արձագանքում այն բացասական միտումներին և երևույթներին, քան դա արվում է միջազգային զեկույցներում։

– Նշվում է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած նոր կառույցը՝ Բարձրագույն դատական խորհուրդը, դատավորներ է նշանակում միայն այն անձանց, որոնք կապ ունեն նախկին իշխանությունների հետ և ծառայում են նրանց:

– Ես ամբողջովին համաձայն չեմ դրա հետ։ Նախ՝ մենք չպետք է մեր դատական համակարգի ներկայացուցիչներին վերաբերվենք՝ որպես որևէ կոնկրետ իշխանության նվիրյալների։ Ճիշտ հակառակը՝ նրանք գրեթե բոլորը պատրաստ են ծառայելու օրվա իշխանություններին։ Այնպես որ, այդտեղ է ևս մեկ դիտարկում, որ մեր կարծիքը տարբերվում է ոչ միայն Պետդեպի, այլև միջազգային դիտորդների կարծիքներից։ Չգիտես՝ ինչու, այդ դիտարկումները գալիս են ապացուցելու առայժմ հների բացասական որակների մասին, ինչը որևէ մեկս չի վիճարկում, բայց կրկնում եմ՝ այդ որակները ոչ միայն և ոչ այդքան զուտ իշխանության վերևի շերտին են վերաբերում, որքան դատական իշխանությանը։ Ես և շատերը կարծում ենք և կարող ենք օրինակ բերել, որ դատական իշխանությունները, եթե անցյալում ամենատարբեր ձևերով դրսևորում էին իրենց նվիրվածությունն իշխանություններին, այսօր ևս կարելի է ոչ պակաս ապացույցներ բերել, որ հիմա է՛լ ավելի պատրաստակամ են ծառայելու, մինչև անգամ՝ կռահելու օրվա իշխանությունների ցանկություններն և կամքը։

Իհարկե, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կան իրենց սկզբունքներին, օրենքին ու իրավունքին նվիրյալ դատավորներ։

– Նշվում է, որ փորձ է արվել զինվորների զոհվելու դեպքեր «թաքցնել», իսկ մայիսի 24-ին վարչապետ Փաշինյանը պաշտոնանկ է արել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին, որին, սակայն, ոչ թշնամու գնդակից զոհված զինծառայողների ընտանիքներից շատերը պատասխանատու են համարում զինվորների մահվան համար և պահանջում հարցաքննել:

– ԶՈՒ մասին, եթե ընդհանուր վերցնենք, պետք է ընդգծենք, որ այդպիսի դեպքերը տարիների ընթացքում կրճատվում են, լինի դա ոչ կանոնադրական հարաբերությունների, կամ ոչ մարտական, կամ ոչ թշնամու գնդակից զոհերի թիվը։ Մենք պետք է այդ դրական միտումը նշենք։ Բայց ես եղել եմ այն մարդկանցից, որ ասել եմ՝ անգամ մեկ դեպքը, որը չի ստանում համարժեք գնահատական, կամ սխեման, որով նշանակում են մեղավորին, լինում է անարդար, դա բավական է, որ բնակչության բավականին մեծ խավ կարող է կորցնել իր վստահությունը բանակի ղեկավարության հանդեպ։

Դա այն դիտարկումն է, որ մենք արել ենք տարիներ շարունակ, և ես ցավով եմ նշում, որ, եթե դեպքերը չեն ստանում համարժեք գնահատական, և սխեման լինում է ոչ արդար, ապա վիճակը մնում է նույնը։

Պարզաբանեմ՝ վերջերս Գագիկ Ջհանգիրյանը բոցաշունչ ելույթ ունեցավ, բայց այն ժամանակ, երբ նա Զինվորական դատախազ էր, հենց այն ժամանակ էին գործում, ես կասեի, հանցավոր սխեմաներ։ Ընդամենը 2 դեպքում է, որ կարողացել ենք՝ թե՛ որպես հ/կ, թե՛ որպես ՄԻՊ, բացահայտել, որ ոչ թե պատժի են ենթարկվում և պատասխանատվության են կանչվում անմիջապես մեղավորները, այլ գտնում են բոլորովին այլ մեղավորների, որպես կանոն, նրանք լինում են այդ զոհվածների ընկերները։ Եվ ես կարծում եմ, որ, եթե որևէ մեկը ելույթ է ունենում, պետք է դրա բարոյական իրավունքն ունենա։ Ցավոք սրտի, մեզ մոտ դա կարծես ընդունված չի, և ամեն մեկը սկսում է արտահայտել այնպիսի մտքեր, որին դեմ էր գործում ինքը ժամանակին։

Այն, ինչ վերաբերում է զինվորականներին, ես համոզված եմ, որ բոլորը՝ թե՛ հին, թե՛ նոր իշխանությունները, պարտավոր են բոլոր դեպքերը շավ լավ ուսումնասիրել: Անկախ նրանից՝ դրանց մասին կհայտարարե՞ն, թե՞ ոչ, ես այստեղ ընդունում եմ, որ կարող են լինել հիմքեր, որոնց պատճառով դրանց մասին հայտարարություններն ուշանան, այսպիսի դեպքերում ինձ հետաքրքրում է իրավաչափ և արդար թե՛ նախաքննությունը, թե՛ դատավարությունը։ Կարծում եմ՝ այստեղ անելիքները դեռ շատ են։

Տեսանյութեր

Լրահոս