211652_close_icon
views-count1365 դիտում article-date 12:39 21-09-2020

Զոհրաբ Մնացականյանն ընդգծում է՝ ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացն այլընտրանք չունի

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում հայկական կողմի վճռականությունը՝ շարունակել խաղաղ բանակցային գործընթացը երբեք չի նվազել, խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: «[url=https://armenpress.am/arm/news/1028274.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին վերադառնալ առանց նախապայմանների բանակցության: «Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով, որ այդ ամենը մենք ասում ենք բացարձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանը և Արցախն ամբողջովին ի զորու են պաշտպանել իրենց, պաշտպանել իրենց շահերը, իրենց սահմանները: Եվ այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այն տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս ամբողջ շրջանում»,-ասաց Մնացականյանը: Նախարարը հիշեցրեց, որ ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպումը եղել է հունվարին, հետո եղել է համավարակի հետ կապված իրավիճակը: «Սակայն մեր վճռականությունը՝ շարունակելու խաղաղ գործընթացը և բանակցային գործընթացը, երբեք չի նվազել: Եվ մենք պատրաստ ենք: Եվ, երբ որ կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, կլինի հստակություն, մենք կհայտարարենք»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե կա՞ արդյոք հստակություն բանակցությունների սեղան վերադառնալու հարցում, Մնացականյանը պատասխանեց. «Մեր կողմից կա հստակություն, մյուս կողմի համար ոչինչ ասել չեմ կարող: Մենք պատրաստ ենք շատ արագ դա անել, հիմա խոսում ենք համանախագահների հետ, կապի մեջ ենք, աշխատում ենք, կկարողանանք պայմանավորվել, անմիջապես կհայտարարենք»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հրավիրել են նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով:

Նմանատիպ նյութեր