News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախկին նախագահ, ներկայումս բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանը, որը նշում է իր 70-ամյակը, այդ առիթով ԳԱԱ միջոցառումից հետո խոսելով լրագրողների հետ, արել է անակնկալ եւ նույնիսկ սենսացիոն հայտարարություններ: Հարությունյանը կիսաբաց է արել իշխանության «արխիվը», ասելով, որ Հոկտեմբերի 27-ից Մարտի 1-ի արանքում իշխանությունը մեկ անգամ էլ եղել է կրիտիկական իրավիճակում եւ հանրության հանդեպ զենք կիրառելու շեմին, եւ զոհերից հաջողվել է խուսափել միայն իր կամքի եւ ինչ-որ մեկի շնորհիվ, որը «շինելի» գրպանից հանել է Սահմանադրությունը եւ մատնացույց արել լուծումները: 

Հարությունյանի խոսքով՝ դա եղել է կրիտիկական գիշեր, երբ իշխանությունը հավաքվել է թեժ քննարկումների, թե ինչպես հանգուցալուծել իրավիճակը, շատերն արդեն վերցրել են զենքը կիրառելու համար, սակայն ինքը հայտարարել է, որ եթե լինելու է զոհ, ապա առաջին զոհը կլինի հենց ինքը: Հետո, ինչ-որ մեկը «շինելի» գրպանից հանել է Սահմանադրությունն ու գտել են առանց զոհերի հանգուցալուծման ելքը:

Թե Հայաստանի իշխանության պատմական ո՞ր ժամանակահատվածի, այսինքն՝ 1999-ից 2008-ն ընկած միջակայքում ո՞ր հատվածի, ո՞ր օրվա եւ իրադարձության մասին է խոսքը, Գագիկ Հարությունյանը չի բարձրաձայնել, փաստորեն թողնելով ենթադրությունների եւ գուշակությունների բավական լայն տեղ, թերեւս հստակ իմանալով, որ դրանք լինելու են եւ լինելու են բավականին առատորեն: Մեծ հավանականություն կա, որ Գագիկ Հարությունյանը խոսել է 2003 թվականի նախագահի ընտրության հետընտրական իրավիճակից, որն առավել քան լարված էր:

Իհարկե լարվածության այլ պահեր էլ եղել են, սակայն թերեւս հենց այդ ժամանակահատվածում էր, որ իշխանությունը կանգնած էր հանրության կրիտիկական ալիքի խնդիր լուծելու անհրաժեշտության առաջ: Եվ այդ ժամանակ էր, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընտրության արդյունքը ճանաչելով հանդերձ, հայտարարեց նաեւ «վստահության հանրաքվե» անցկացնելու տարբերակի մասին՝ ընտրություններից մեկ տարի անց:

Այսպես թե այնպես, խնդիրը տվյալ պարագայում թե կոնկրետ դեպքի, իրավիճակի, դրա վերաբերյալ ենթադրությունների կամ գուշակությունների ճշգրտությունը չէ, այլ այն, որ ՍԴ նախկին նախագահը կիսաբաց է անում արխիվը կամ ավելի շուտ՝ ներիշխանական «պանդորայի արկղը»: Ավելորդ է ասել, թե ինչքան հատկանշական է հենց ներկայիս փուլում այդ արկղը բացելու հանգամանքը: Գագիկ Հարությունյանը հանրության համար չի բացահայտում իհարկե այլ մանրամասներ, անուններ, ազգանուններ, բայց իշխանական համակարգում այդ ամենը, թերեւս, տիրապետում է ամենայն մանրամասնությամբ:

Եվ այստեղ հրապարակային կամ հանրային այլ մանրամասները, երեւի թե, կախված կլինեն այն բանից, թե իշխող համակարգում տարբեր թեւերն ինչպես կընկալեն Հարությունյանի բացահայտած մեսիջները: Այսինքն՝ «պանդորայի արկղը» ավելի կբացվի՞, թե՞ հակառակը՝ կփակվի: Հավանական է, որ առնվազն մինչեւ նոր կառավարության կազմավորում «արկղը» կմնա բաց, որպես իրավիճակի կառավարման հավելյալ լծակ: Երեւի թե ավելորդ է ասել, որ Գագիկ Հարությունյանը տվյալ դեպքում խաղում է այն գույնով, ինչ գույնով խաղում է Սերժ Սարգսյանը:

Բանն այն է, որ Հարությունյանը բացում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության արխիվը եւ առավել ուշագրավ է, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը արձագանքել էր իրենց հարցաքննելու վերաբերյալ գլխավոր դատախազությանը Նիկոլ Փաշինյանի միջնորդությանը: Քոչարյանի պատասխանը, խոշոր հաշվով, առերեւույթ ուղղված լինելով Փաշինյանին, տողատակում պարունակում էր նրա քայլերի հետեւում Սերժ Սարգսյանի մասին ակնարկներ, մասնավորապես Մարտի 1-ի թեմայով ԱԺ լսումների եւ ԱԺ նախագահի աթոռին Փաշինյանի նստած լինելու մասով:

Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը պատասխանում է Գագիկ Հարությունյանի միջոցով, նրան հիշեցնելով իրադարձություններ, որոնք կարող են ունենալ բավականին տհաճ նստվածք: Հարությունյանը հազիվ թե միամիտ լինի այնքան, չպատկերացնելու համար այն ռեզոնանսը եւ հնարավոր սլաքները, որ առաջանալու են իր հայտարարություններից հետո: Դժվար է հավատալ, որ այդ ամենը չպատկերացնող մարդուն կարող էին երկու տասնամյակից ավելի վստահել կարեւորագույն կնիքներից եւ ստորագրություններից մեկը:

Այստեղ իհարկե առավել հետաքրքիր է այն, թե արդյո՞ք ներկայիս այս փոխադարձ ակնարկները պայմանավորված են զուտ Մարտի 1-ի հետ կապված ապահովագրումներով, թե՞ սեղանին դրված է համակարգային առավել խոր խնդիր, եւ այդ իսկ պատճառով խաղադրույքները նվազելու փոխարեն, համենայնդեպս, առայժմ դրսեւորում են աճման միտումներ, քանի որ Մարտի 1-ն այդ առումով, փաստորեն, «քիչ եկավ» հարաբերությունները պարզելու կոնտեքստում, եւ այժմ բացվում են պատմության նոր էջեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ