Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անտեսվել են էական փաստեր». լրագրողը դժգոհ է բռնարարին առաջադրված մեղադրանքից (տեսանյութ)

Հասարակություն
Narine-Avetisyan

Մեղադրանք է առաջադրվել «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանին, որն օրեր առաջ բռնություն էր գործադրել «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանի նկատմամբ։ Տուժող ճանաչված լրագրողը դժգոհ է, որ մեղադրանքի հիմքում դրվել է միայն քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասը։ Ըստ Նարինե Ավետիսյանի՝ քննիչը ոչ բոլոր փաստերն է ներգրավել գործում, մասնավորապես՝ անտեսվել են լրագրողին բռնի ուժով գետնին տապալելու և գույքը հափշտակելու փաստերը։ Ինչպես նաև կեղծ ցուցմունքներ են տվել «Շինպլյուս»-ի աշխատակիցները, նշելով, թե բռնություն ենթարկողը ոչ թե իրենց տնօրենն է եղել, այլ վարորդը։ Քննիչի կողմից փաստերի անտեսումն, ըստ Նարինե Ավետիսյանի, ոչ պատահական է. «Գետնին տապալել, բռնություն գործադրել, ձեռքերս ոլորել, կարգադրել աշխատողներին մասնակցել բռնությանը, այդ ամենը տեղ չի գտել քրեական գործում, ամենամեղմ հոդվածով է առաջարդել մեղադրանք։ Մենք գտնում ենք, որ քննիչը կամ կաշկանդված է, կամ ուղղորդված, կամ էլ ոչ պրոֆեսիոնալ։ Մենք քննարկել ենք իմ ներկայացուցչի՝ Հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ, պատրաստվում ենք մի շարք միջնորդություններ ներկայացնել, ընդհուպ մինչև՝ անվստահություններ, բացարկներ»։