1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Stent for life». 2022 թվականին արդեն մոտ 1400 սրտի վիրահատություն է իրականացվել

«Stent for life». 2022 թվականին արդեն մոտ 1400 սրտի վիրահատություն է 
իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատական «Stent for life»  ծառայությունների տրամադրման արդյունքում այս տարի արդեն մոտ 1400 սրտի վիրահատություն է իրականացվել:

Պետությունը անվճար իրականացնում է սրտի անհետաձգելի վիրահատությունների՝ Stent for life՝ կյանքեր փրկող ծրագիրը 2015 թվականից: Ծրագիրը ավելի ընդլայնվել է 2018-2019 թվականների ընթացքում, որ կրում է շարունակական բնույթ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ խորհրդատու սրտաբանության գծով, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար Համլետ Հայրապետյան՝ ընդգծելով, որ 2015 թվականից սկսած տարեկան  միջինը 2000-ից 2200 շահառու է սպասարկվել:

Մասնագետի խոսքով ծրագրի արդյունավետ շահագործման արդյունքում սրտամկանի սուր ինֆարկտից մահվան դեպքերը վերջին տարիներին նվազել են: «Եթե 2015 թվականին սրտամկանի սուր ինֆարկտից մահացությունը կազմել է 8.4 տոկոս, ապա 2021-ին՝ 3.9: Ցուցանիշի նվազմանը նպաստել են սիրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները»,- ասաց նա:

Համլետ Հայրապետյանը նշեց, որ 2018 թվականին ոչ դեղապատ ստենտը փոխարինվեց դեղապատ ստենտով, և ևս մեկ տարի անց ավելի ընդլայնվեց շահառուների ցուցակը, նաև թույլատրվեց անհետաձգելի ստենտավորում իրականացնել ոչ ST էլևացիա ունեցող հիվանդների մի մասին՝ պայմանավորված տվյալ զարկերակի առանձնահատկություններով:

Բժիշկն ընդգծում է՝ առօրյայում հաճախ քաղաքացիները պահանջում են անվճար ստենտի տեղադրում, բայց կոնկրետ այս ծրագրի դեպքում կան սահմանված բժշկական չափորոշիչներ:

«Դա սրտամկանի էլևացիան է կամ գոտևորող զարկերակի ախտահարումը. բժշկական տերմիններ են, բայց ես ստիպված եմ ասել, որ իմանան՝ չափորոշիչներ կան, որ մենք պարտավոր ենք պահպանել: Դրանցից մեկն է, երբ հիվանդության սկզբից մինչև հիվանդանոց մտնելը անցած լինի ոչ ավելի, քան 12 ժամ, և կան իրավիճակներ՝ բարդացած սրտամկանի ինֆարկտներ, երբ գործողության՝ թեկուզ անվճար գնալը ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան չանելը»,- ասաց Համլետ Հայրապետյանը

Ծրագրի մեկնարկից մինչև հիմա մոտ 14 հազար ծառայություն է մատուցվել՝ փրկելով կյանքեր: Այս տարի հուլիսի 31-ի դրությամբ արդեն իրականացվել է 1427 վիրահատություն:

ՀՀ ԱՆ հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյան շեշտեց՝ եթե ծրագրի մեկնարկին՝ 2015 թվականին, «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի բյուջեն կազմել է 950 մլն դրամ, ապա 2022-ի համար պետության կողմից նախատեսված է 1 մլրդ 650 մլն դրամ:

Ծրագիրն իրականացվում է 13 բուժհաստատությունում, որից՝ երեքը մարզային:

Գայանե Գաբոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]