Փաշինյանը՝ ԱԺ-ում. «Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով» (վիդեո)

Փաշինյանը՝ ԱԺ-ում. «Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով»

PanARMENIAN.Net - Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվի, քանի որ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի քննարկման ժամանակ՝ հավելելով, որ սա իրենց քաղաքական թիմի ձևակերպած խնդիրներից է:

«Եթե, օրինակ, դպրոցից գողություն է արվում, դրա բացահայտման ամենահեշտ ձևն այն է, որ երեխաներն, ովքեր տեսել են, հայտնեն այդ մասին: Քրեական ենթամշակույթը տալիս է հետևյալը՝ «հո դուք գործ տվող չե՞ք»: Եվ քրեական ենթամշակույթը, կոռուպցիայի հետ համատեղ պետք է արմատախիլ արվի»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է այս օրերին ԲՀԿ-ական պատգամավորների կողմից հնչեցված հայտարարություններին, թե քրեական հեղինակություններն այժմ Հայաստանի թիվ մեկ խնդիրը չեն՝ նշելով, որ այս հարցում կոմպրոմիսներ չեն լինելու:

«Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, որ այս հարցում կոմպրոմիսներ են լինելու կամ մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում ենք՝ կպառկացնենք ասֆալտին, հանկարծ մտքով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերին՝ բառիս բուն իմաստով»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, թե չի կարող երաշխավորել, թե օրենքն ընդունելով հնարավոր կլինի պայքարել քրեական հեղինակությունների դեմ ու, եթե օրենքը բավարար չլինի, ապա այլ մեթոդներ կձեռնարկեն:

«Որևէ մեկը չփորձի՝ նախկին լինի, ներկա կլինի, որ հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարա թպրտա: Կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ», - ասել է Փաշինյանը՝ ակնարկելով Գյումրու նախկին քաղքապետ Վարդան Ղուկասյանին:

Նոյեմբերի 13-ին ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհում չկան՝ նշելով, որ օրենքով գողերի մշակույթը Հայաստանում վերացել է, իսկ նրանց դեմ օրենքը հատուկ քննարկման առարկա պետք է լինի: «Էս օրենքով վերցնենք նմանատիպ մարդկանց ուղարկենք գաղութ, պատկերացնում եք՝ ի՞նչ կլինի: Մի երկու ոստիկան մեկին կասի՝ «սա գողական ա, արագ կարգով ներկայացրեք, թող բերեն գաղութ», այ այդպես բոլոր բանտերը կլցվեն: Անմեղ մարդկանց սրա անվան տակ կլցնեն բանտերը», - ասել էր պատգամավորը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---