HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳ նախարարը հանդիպել է Հանրային խորհրդի անդամներին և քննարկել ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը

Հանրային խորհրդում  տեղի է ունեցել  ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի   քննարկում,  որին մասնակցել  և ելույթով հանդես է եկել  նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Այս մասին հայտնում է ԿԳՆ-ն: 

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ընդգծելով հարցի քննարկման կարևորությունը և հանրային  հետաքրքրությունը, ներկայացրել է հանրության շրջանում հայեցակարգի հետ կապված հիմնական մտահոգություններն ու հարցադրումները. «Բոլոր լեզուներն էլ պետք է ուսումնասիրել, դա կարևոր է, դա շփում է աշխարհի հետ: Այն, որ ռուսերենի ուսուցումը մեզ համար կարևոր է՝ դա կասկած չի հարցում. մենք Եվրասիական միության անդամ ենք, հազար ու մի թելերով տարբեր ոլորտներում կապված ենք Ռուսաստանի հետ, բայց ռուսերենի հայեցակարգի հետ կապված  հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռուսերենն առանձնացվել մյուս օտար լեզուներից : Եթե խոսքը գնում է նոր գիտելիքներ ստանալու, գիտության առաջընթացի մասին, ապա այսօր ամբողջ աշխարհն ընտրում է անգլերենը: Մյուս հիմնական մտահոգությունը կապված է որոշ առարկաներ զուգահեռ նաև ռուսերեն լեզվով դասավանդելու հետ: Արդյոք դա համապատասխանո՞ւմ է «Լեզվի մասին»  ՀՀ  օրենքին ու դրա բովանդակությանը»,-իր բացման խոսքում նշել է Վ. Մանուկյանը:

ՀՀ ԿԳ նախարարն իր ելույթում ներկայացրել է բարձրացված հարցումների պատասխանները, նշելով, որ  օտար լեզուների, այդ թվում նաև ռուսաց լեզվի ուսուցման զարգացման հրամայականը պայմանավորված է գիտության, մասնավորապես բնագիտության ոլորտում արձանագրված հետընթացով. «Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է, մնացած բոլոր լեզուները օտար լեզուներ են, և բոլոր օտար լեզուների համար պետք է մշակել հայեցակարգ: Օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման դեպքում որևէ  ժամ հայագիտական առարկաներից չի պակասում: Կրթական ծրագրերում  հայագիտական առարկաների բլոկը պաշտպանված է:  Երբ մենք անցյալ տարի ուսումնասիրեցինք բուհական կրթության մասնագիտական պատկերը՝ պարզվեց, որ բարձրագույն կրթությունը խիստ հումանիտարացված է: Բնագիտական հատվածի մեջ էլ մեծ մասը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտն է, հիմնական բնական գիտելիքներն ու գիտությամբ առաջնորդվելու հնարավորությունները վտանգված են: Օրինակ` առաջին անգամ երկար տարիների ընթացքում մենք արդեն ֆիզիկայի ֆակուլտետում ունենք թափուր տեղեր: Մենք հասկանում ենք, որ բնական գիտությունների հեղինակության  և պահանջարկի բարձրացումը պետք է դպրոցներից սկսենք: Եվ այստեղից առաջ եկավ  օտար լեզուների հայեցակարգի խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնագիտական ուղղությունների զարգացումն ուղղակիորեն պայմանավորված է օտար լեզուներով: Բոլոր միջազգային և տեղական փորձագետները նույն բանն են ասել. եթե ուզում եք օտար լեզուների վիճակը բարելավել,  պետք է դասավանդման արմատական փոփոխություն կատարել: Ընդ որում պետք է լեզուների ուսուցման հիմքում ավելի շատ դնել, ոչ թե հաղորդակցական հմտությունենրի ուսուցումը, այլ տեխնիկական և մասնագիտական բառապաշարի զարգացումը: Երբ մենք օտար լեզուների ուսուցման ներկա վիճակը համեմատեցինք օրինակ խորհրդային ժամանակների հետ, արձանագրեցինք մի քանի կարևոր հիմնահարցեր, որոնց լուծումները մեթոդական նոր մոտեցումներ են պահանջում: Նախկինում բոլոր օտար լեզուների ժամերը կիսվում էին՝ փոքր խմբերով էր կազմակերպվում՝ առավելագույնը 10-15 հոգով: Սա առաջ է բերում լրացուցիչ դասաժամերի խնդիր և դրան մենք պետք է լուծում տանք: Մյուս խնդիրն այն է, որ մեր երեխաներն անհամեմատ ավելի բարդ վիճակում են, քանի եվրոպական  երկրների երեխաները, որտեղ առաջին դասարանից միանգամից երեք լեզվի ուսուցման խնդիր է դրվում:  Մեր երեխաները առաջին դասարանից սովորում են մեսրոպյան այբուբենը, երկրորդ  դասարանից ռուսական կիրիլիցան, իսկ երրորդից՝ լատինական այբուբենը /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն/:  Եվրոպական երկրներում ուսուցանվող լեզուները լատինական են և դա երեխաների մոտ աշխարհընկալման և լեզվի յուրացման առումով խնդիրներ չի առաջացնում:  Սա մասնագետների մոտեցումն է: Մենք գտնում ենք, որ մեզ մոտ իրատեսական է երկրորդ դասարանից մտցնել և ռուսերենը, և լատինական որևէ լեզու. դա էլ մենք առաջարկել ենք օտար լեզուների զարգացման հայեցակարգով: Իսկ հարցադրումը, թե ինչու են առանձին դրվել անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի հայեցակարգերը՝ ռուսերենից ունի հետևյալ պատասխանը. ԿԳՆ-ն նախապես մշակել և հանրային քննարկման էր ներկայացրել օտար լեզուների՝ անգլերենի, ֆրանսերենի և գերմեներենի հայեցակարգը, որը բացարձակապես հանրային ուշադրության չարժանացավ: Երբ դրանից հետո քննարկման ներկայացվեց ռուսերենի հայեցակարգը, հարցն անհարկի  մտավ քաղաքական տիրույթ և սկսվեցին շահարկումներ: Առանձնացված մոտեցումը մեթոդաբանությամբ է պայմանավորված. ի վերջո  բուհերում ևս լեզուների ուսուցումը նույն տրամաբանության շրջանակում է կատարվում. կան  ռոմանագերմանական լեզուների, ռուսական բանասիրության և արևելագիտության   ֆակուլտետներ: Վստահեցնում եմ, որ այլ տարբերություններ ներկայացված երկու հայեցակարգերում չկան»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ խորացված օտար լեզուների  ուսուցմամբ  դպրոցների ստեղծումը կարևոր է՝ բոլոր լեզուների համար:

Նախարարի խոսքով՝ ֆրանսերենի խորոցված ուսուցմամբ դպրոցների մեթոդաբանության մշակման հարցում ԿԳՆ-ն համագործակցել է «Այլաս Ֆրանսես» /Ayla Francis/, անգլերենը՝ Բրիտանական խորհուրդներ, իսկ ռուսերենը՝ «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպությունների հետ. «Կրկնում եմ՝ միակ պետական լեզուն հայերենն է, որևէ այլ լեզու չի կարող այլ կարգավիճակ ունենալ, մնացած լեզուները օտար լեզու են և այս հայեցակարգերով ևս մի անգամ ամրագրվում է այդ թեզը: Իսկ օտար լեզուների ուսուցման համար սահմանվում է  երկու մակարդակ՝ համընդհանուր և խորացված: Խորացված ուսուցումը կարող է կազմակերպվել մի շարք համապատասխան ուղղությամբ դպրոցներում»,- նշել է Լևոն  Մկրտչյանը:

Անդրադառնալով  ռուսերենի  հայեցակարգի վերաբերյալ  հանրային սուր արձագանքներին՝  ԿԳ նախարարն ընդգծել է, որ լեզուն հայ հասարակության համար պետականության և անկախության ամենկարևոր խորհրդանիշն է: Այս սուր արձագանքները նաև ցույց են տալիս մեր հասարակության պատրաստակամությունը՝ պաշտպանելու պետական անկախությունը:

Նիստի ընթացքում ԿԳ նախարարը պատասխանել է Հանրային խորհրդի անդամների հարցերին:

 

Մեկնաբանություններ (5)

Սահակ
Հայկ, եթե դուք ձեզ և ձեր նման մտածողներին համարում եք հայ ժողովրդի գերակշռող մաս, ապա շատ ու շատ սխալվում եք: Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ժողովուրդներին ռուսական զորքը փրկել է Սահակաշվիլիի կողմից ծրագրված կոտորածներից...ի դեպ ՛՛քաղաքակիրթ աշխարհի ՛՛ սիրեցյալ Մ.Սահակաշվիլին 2007 թ. մայիսի 12-ին՝ Իլհ.Ալիևի հետ կատարեց Հեյդար Ալիևի արձանի բացումը Թբիլիսի քաղաքում: Ռուսաստանի քաղաքական մերձեցումը Թուրքիայի և ներկայիս Ադրբեջանի հետ կապված է այժմյան համաշխարային գեոքաղաքական սիտուացիայից, իսկ այդ սիտուցիան առաջիկա ժամանկներում կփոխվի (արդեն իսկ սկսել է փոխվել): Սակայն այդ նույն չի կարելի ասել Վրաստանի պարագայում, որի քաղաքատնտեսական մերձեցումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսվել է մոտ 15-20 տարի առաջ և շարունակվում է առ այսօր:
Սահակ
Ի դեպ վերջին ՞Հայկական ՈՒրբաթ՞ հաղորդման ընթացքում, որտեղ քննարկվում էր ՊՆ-ն կողմից ազգային ժողով մտցված (ու այսօրվա դրությամբ արդեն ընդունված) բուհերում տարկետման իրավունքի վերացման նախագիծը՝ վերջինս պաշտպանողներից մեկն էր հրապարակախոս Տիգրան Հակոբյանը: Նա քննադատելով վերոհիշյալ հայեցակարգը «Հոդված 3» ակումբում (28-09-2017թ.)՝ մեղադրում էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ՀՀ հարգարժան մանկավարժ Ռուբեն Միրզախանյանին ստրկաբարո պահվածքի մեջ (չեմ հասկանում, թե ինչ ստրկաբարոյություն կա այն փաստի մեջ, որ առողջ մտածող մարդիկ ուզում են, որ ԵԱՏՄ տարածքում շատ կարևոր նշանակություն ունեցող ռուսաց լեզուն մեր դպրոցներում ուսուցանվի լավ մակարդակով): Բայց մոռացա ասել, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը, հաղորդման սկզբում չհիշեցրեց, որ այդ օրը լրանում էր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 18-րդ տարին: Գու՞ցե Վազգեն Սարգսյանի նախկին մամլո խոսնակը մոռացել էր այդ մասին: Հնարավոր էր և ներելի էր: Բայց իմ կարծիքով ներելի չէր նրա ստրկաբարո պահվածքը՝ նախագիծը պաշտպանող թեզեր հնչեցնելիս:
Սահակ
Երեկ նայեցի այն հարցազրույցը, որտեղ այդ հրպարակախոսը քննադատում է ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին ( http://www.1in.am/2216927.html ): Անկեղծ ասած առնվազն տարօրինակ է, որ Մոսկվայի Գորկու անվան Գրական ինստիտուտ նախկին շրջանավարտ Տիգրան Հակոբյանը (1983-1988, ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ, գրականագետ) մի մարդու է մեղադրում ռուսաց լեզվի ջատագովության ու դրանով իսկ անգլերենի արժեքը ցածրացնելու մեջ, ով ավարտել է հայկական (անգլիական թեքումով) N 114 դպրոցը, որից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Տ.Հակոբյանի հարցազրույցի մյուս զարմանք պատճառող դրվագն այն էր, երբ որ նա հայոց պետականության սոցիալիստական ժամանակաշրջանը անվանում է օկուպացիայի ժամանակաշրջան: Եվ դա անում է մի մարդ՝ ով 1988-1990 թվականներին եղել է հայկական ՛՛Կոմունիստ՛՛ թերթի բաժիններից մեկի պետը:
հայկ
Ասում են խեղդվողը ձեռը փրփուրներին էլ է գցում։ Ռուսաստանը մոտ ապագայում մեկընդմիշտ ոտը կքաշի Հարվ֊Կովկասյան տարածաշրջանից և ոչ միայն․․․Բռնազավթելով Վրաստանի տարածքները Ռուսաստանը ամփոխարինելի ծառայություն մատուցեց ԱՄՆ ով չհապաղեց վերջնականապես Վրաստանը ազատել ռուսական ազդեցությունից։ Ադրբեջանի և Թուրքիայի սիրախաղերը Ռուսաստանի հետ կավարտվեն նրանով, որ Ռուսաստանը կզրկվի առայժմ իր կազմում գտնվող թուրքալեզու տարածքների վրա ունեցած ազդեցությունից ևս։ Հայ ժողովրդի գերակշռող մասը այսօր լավատեղյակ է, թե ինչպիսի դերակատարում է ունեցել Ռուսաստանը մեր պատմության արյունալի անցուդարձերի ընթացքում, ընդհուպ Արցախյան ազատագրական պայքարը ։ Այսօր էլ հայ ֊ադրբեջանական հակամարտության որևե լուծում չի նշմարվում քանի դեռ չենք թոթափել ռուսական լուծը։ Դեռ ավելին ՝ ռուսաց լեզվին արտոնյալ կարգավիճակ տալով էլ ավելի ենք սուղվում ճահիճի մեջ։ Բարեբախտաբար ամեն ինչ կորած չէ, Ռուսաստանը իր վարած քաղաքականության շնորհիվ քաղաքակիրթ աշխարհի համար դարձել է ամենամեծ սպառնալիքը և ԽԱՀՄ նման անպայման ենթակա է ոչնչացման։
Գեւորգ Կիրակոսյան
Հարգելի հայրենակիցներ, - ի՞նչու ենք այդքան հիվանդագին ընդունում ռուսաց լեզվի հետ կապված այդ հարցը: Թող խորացնեն ինչքան ուզում են, թող անգլերենն էլ խորացնեն, արաբերեն, պարսկերեն ու թուրքերեն էլ սովորեցնեն, որովհետեւ ցանկացած լեզվի իմացություն միայն օգուտ կարող է բերել, դրա վնասը ո՞րն է: Որեէ օտար լեզու սովորելու մեջ վտանգ տեսնել ու այն արգելելը մի քիչ տարօրինակ ու վայրենի բան է երեւում աչքիս, շատ կներեք: Կամ, պատկերացնենք որ որոշել ենք սահմանափակվել մեր հրաշք հայերենով ....! Ինչ է եղել, հիմա թող ռուսները խորացնեն, վաղը անգլիացիները կամ մյուսները: Կարծում եմ սա այն դեպքը չէ որ հեղափոխություն սկսենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter