News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր՝ օգոստոսի 16-ին ներկայացրեցին «Քո արվեստը դպրոցում» խորագրով դրամաշնորհային ծրագիրը։ Լիլիթ Մակունցի խոսքով՝ ծրագիրը ներառում է երեք ոլորտ՝ դասական երաժշտություն, կերպարվեստ եւ գրականություն:

«Դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ, նշված ոլորտների ներկայացուցիչները պետք է նախագիծ ներկայացնեն՝ մի քանի բաղադրիչներով: Նախագծի նպատակն է զարգացնել ստեղծագործ, քննադատական եւ վերլուծական միտքը»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Մշակույթի նախարարը մանրամասնեց. կընտրվեն 50 արվեստագետներ, որոնցից յուրաքանչյուրի ծրագրին կհատկացվի 1 մլն դրամ: Նաեւ վիճակահանությամբ կընտրվեն դպրոցներ ՀՀ տարբեր մարզերից, որտեղ արվեստագետներն իրենց նախընտրելի ձեւաչափով կներկայացնեն իրենց ծրագրերը կրթական հաստատություններում:

Ըստ Մակունցի՝ խնդիր է դրվում նաեւ մոտիվացնել արվեստագետներին, ավելին, նրանք ժամանակային առումով սահմանափակված չեն լինի, թե ծրագիրն ինչ ժամկետում են անցկացնելու։

ԿԳ նախարարն էլ շեշտեց, որ մշակույթն ու կրթությունը միասին շատ անելիք ունեն, ապա կատակեց. քանզի մշակույթի ու կրթության եւ գիտության նախարարությունների գործառույթները հաճախ խաչվում են, նախարարությունները կարող են միավորվել. «Մնում է որոշել՝ ով է մնում նախարար՝ ե՞ս, թե՞ տիկին Մակունցը»։

Տպել
Ամենաշատ