Իսպանիայի կառավարությունը մտադիր է վերահուղարկավորել Ֆրանկոյին
Հունիսին Իսպանիայում իշխանության եկած սոցիալիստները հայտարարել են նախկին դիկտատոր Ֆրանկոյի մասունքները տեղափոխելու մասին, որոնք հիմա դամբարանում են։
Ռիա նովոստին գրում է, որ Ֆրանկոյի դամբարանը Ընկածների Հովտում է։ Այս հուշարձանային համալիրը 1940-ականներին կառուցվել է հենց կաուդիլյոյի հրամանով, որպես 1936-39 թվականների քաղաքացիական պատերազմում զոհվածների հուշարձան։
Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը դեռ 2007 թվականին հասել էր պատմական հիշողության մասին օրենքի ընդունմանը, որը ենթադրում էր ֆրանկիզմի խորհրդանիշներից ազատում և Ընկածների Հովտի նշանակության փոփոխություն։ 2017 թվականին սոցիալիստները կոնգրեսում անցկացրեցին Ֆրանկոյին վերահուղարկավորելու նախագիծը, որը, սակայն, պարտադիր կիրառման օրենքի ուժ չունի։ Փոխվարչապետ Կարմեն Կալվոն հայտարարել է, որ իրենք կկատարեն այն, ինչ արդեն որոշել է անել կոնգրեսը։ Սոցիալիստների մեկ այլ ներկայացուցիչ՝ Օսկար Պուենտեն, հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է արտաշիրմում իրականացնել առավելագույն սեղմ ժամկետում։ Նա չի պարզաբանել՝ ինչ կերպ են իշխանությունները կարգավորելու գործընթացի շուրջ իրավական հարցերը։ Միևնույն ժամանակ սոցիալիստների հակառակորդները կասկածում են, որ կառավարության ծրագրերն իրական են։
Ֆրանկոյի հիմնադրամի ղեկավարը հայտարարել է, որ Պեդրո Սանչեսի կառավարությունը չի ունենա բավարար խորհրդարանական մանդատներ, որպեսզի իրագործի նախաձեռնությունը։ Գեներալը նաև հիշեցրել է, որ Ֆրանկոն հուղարկավորվել է Ընկածների Հովտում Իսպանիայի թագավորի կարգադրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ