Երևանում վերելակի հորանը քաղաքացի է ընկել
ԱԻՆ-ն այսօր առավոտյան ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 30 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ա. Ե.-ը շենքի առաջին հարկից ընկել է վերելակի հորանը:
Փրկարարները հորանից դուրս են բերել Ա. Ե-ին, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
Հիշեցնենք, որ վերջին երեք տարիներին՝ 2015-2017թթ. Երևանում վերելակների շահագործման ժամանակ տեղի է ունեցել երկու արտադրական դժբախտ դեպք՝ մեկ ծանր վնասվածքներ ստանալու և մեկ մահացու ելքով:
Այս տարվա ընթացքում «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննության արդյունքում բացասական եզրակացություն է ստացել երևանյան շենքերի 31 վերելակ: Դրանց մեծ մասը Քաջազնունու, Վրացյան, Շինարարների, Հալաբյան, Խորենացի փողոցների շենքերում են:
Հարակից հրապարակումներ`
- Վերելակներն ու Երևանի բյուջեն
- Քաղաքապետարանի վերելակը փոխելու համար 78 մլն դրամ, ողջ քաղաքի վերելակների համար՝ 109 մլն դրամ