Կրաշեննիկով․ Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց Կովկասում Կրեմլի ազդեցության նվազումը

Կրաշեննիկով․ Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց Կովկասում Կրեմլի ազդեցության նվազումը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում մարտերի վերսկսումը ցույց է տալիս Կրեմլի արտաքին քաղաքական նկրտումների և ազդեցության իրական հնարավորությունների անհամապատասխանությունը։ Այս տեսակետին է քաղաքագետ Ֆեդոր Կրաշեննիկովը։ Deutsche Welle-ում հրապարակված նրա հոդվածում նշվում է, որ Ղարաբաղում պատերազմը ցույց տվեց Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազումը։

Կովկասում նոր պատերազմը ստիպում է ևս մեկ անգամ մտածել, թե ինչքանով է Ռուսաստանն ազդեցիկ այս տարածաշրջանում, որը ավանդաբար համարում է իր պատասխանատվության գոտին: Երկար տարիներ Կրեմլը պնդում էր, թե ոչ միայն նախկին Խորհրդային Միության տարածքը, այլև նույնիսկ Կենտրոնական Եվրոպան պետք է դիտարկել որպես գոտի, որտեղ կարևորագույն քաղաքական որոշումները պետք է կայացվեն՝ հաշվի նստելով իր շահերի հետ։

Նշվում է, որ հուրախություն Կրեմլի, Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ օգնության խնդրանքով, եթե դիմի, կառույցի ապագան վտանգված է։

Քաղաքագետի խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորումը եղել և մնում է համաշխարհային քաղաքականության դժվարագույն խնդիրներից մեկը, որի լուծումը հնարավոր է միայն երկրների և միջազգային կազմակերպությունների լայն շրջանակի ներգրավմամբ, որոնք հակամարտող կողմերից որևէ մեկի նկատմամբ հատուկ պարտավորություններ չեն ունենա: Առանձնահատուկ խնդիր է նաև Թուրքիայի վրա ճնշում գործադրելը, ինչը տեսականորեն հնարավոր է ՆԱՏՕ-ի միջոցով։

Կրաշեննիկովը գրում է՝ թվում է, թե Արևմուտքի հետ հարաբերությունները փչացրած Ռուսաստանը չի կարող խաղաղություն պարտադրել հակամարտող կողմերին, և պատրաստ չէ, որ այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ ներգրավվեն դրանում: Ըստ քաղաքագետի՝ սկզբի համար անհրաժեշտ է առնվազն հասնել կայուն հրադադարի: Ոչ ոք չգիտի, թե որքան կտևի Կովկասում լարվածության նոր ալիքը, բայց որքան այս պատերազմը շարունակվի, այնքան ավելի ակնհայտ կլինի Ռուսաստանի ազդեցության անկումը տարածաշրջանում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---