Փաշինյանը խոսել է ԼՂ հարցի շուրջ քննարկումների մասին․ Գլխավոր թեզերն ու Քոչարյանի գրասենյակի արձագանքը

Փաշինյանը խոսել է ԼՂ հարցի շուրջ քննարկումների մասին․ Գլխավոր թեզերն ու Քոչարյանի գրասենյակի արձագանքը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում պատերազմին զուգահեռ ընթացող բանակցությունների, ԼՂ հարցի կարգավորման մասին։

Վարչապետը խիստ իմաստավորված է համարել հետ գնալ ու պատասխանել հարցին՝ «ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ»: PanARMENIAN.Net ն առանձնացրել է վարչապետի գրառումների գլխավոր կետերը։

- Դեռ 2011 թվականին Կազանում Հայաստանը ստանձնել է 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն և պատրաստ է եղել այդ մասին պարտավորություն ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել: Ադրբեջանական կողմը պնդել է, որ ԼՂ կարգավիճակի հարցն ընդհանրապես պետք է դուրս բերվի օրակարգից, Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ:

- 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի պահանջները և դրանց կատարումը Մինսկի խմբի համանախագահների կողմից հընթացս դարձան առաջնահերթության նման մի բան, որովհետեւ այլընտրանքը պատերազմն էր: Այս իրավիճակում տեղի ունեցածի այլընտրանքն այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմը կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց: Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան» ու էլի պատերազմ պիտի սկսվեր:

Պատերազմը շուտ կանգնեցնելու գինը նույնն էր. 7 շրջանների հանձնում: Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու:

- Հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զանգահարել և ասել է, որ պետք է կանգնեցնել պատերազմը, ասել է դա ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, թե հարցը կարելի է լուծել ռուսական տարբերակով՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Այս տարբերակին համաձայն է եղել նաև Արցախի նախագահը։ Դրանից հետո արտախորհրդարանական ուժերը, ԱԺ ներկայացուցիչները տեղեկացվել են այդ մասին։ ՌԴ նախագահը տեղեկացվել է, որ հայկական կողմը համաձայն է, որոշվել է այդ մասին հայտնել Ադրբեջանի ղեկավարին։ Սակայն հաջորդ օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը հայտնել են, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության, նրանք նաև փոխանցել են ՀՀ 3 նախագահների՝ Տեր-Պետորսյանի, Քոչարյանի և Սարգսյանի կարծիքը։ Այդ ժամանակ ադրբեջանական կողմից դրվել է նաև Շուշիում ադրբեջանցիներ բնակեցման հարցը, որը մերժվել է։ Պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

«Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում։ Ավելի մանրամասն կանդրադառնանք գալիք շաբաթվա ընթացքում»,- հայտարարել է գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---