News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր՝ հունվարի 29-ին ասուլիս է տվել՝ ամփոփելով 2017թ. դիվանագիտական տարին։

Ներկայացնում ենք Ասուլիսի սղագրությունը ըստ ԱԳՆ-ի։ Մաս 1

2017թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շարունակել է աշխատանքները Հանրապետության Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշերի եւ նրա կողմից տրված հանձնարարականների ու կառավարության ծրագրի հիման վրա, համակարգել է Հայաստանի պետական կառավարման մարմինների արտաքին կապերը եւ նպաստել դրանց խորացմանը:

Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ շարունակել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ուղղված ջանքերը:

2017թ. հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը: Տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացել է հինգ հանդիպում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեք անգամ այցելել են տարածաշրջան՝ հանդիպելով ՀՀ Նախագահի, ԱԳ նախարարի հետ: Նրանք այցելել են նաեւ Ստեփանակերտ, հանդիպել Արցախի ղեկավարության հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով ընդունվել է 14 հայտարարություն: Մասնավորապես, դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել տարեկան ամփոփիչ հայտարարությամբ, որում լիակատար աջակցություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի վրա: Շեշտել են, որ պետք է իրականացվեն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: Կոչ են արել ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունները եւ այլն: Սրանք այն դրույթներն են, որոնց բազմիցս իր աջակցությունն է հայտնել Հայաստանը, ի տարբերություն՝ Ադրբեջանի:

Հայկական դիվանագիտության առաջնահերթությունների թվում շարունակել է մնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը, ինչպես նաեւ Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերում: Ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ։ 2017թ.-ին ԱՄՆ եւս 4 նահանգ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը` դրանց քանակը հասցնելով 48-ի։

Մեր ջանքերը երկկողմ հարաբերությունների զարգացման առումով ուղղված են եղել Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ուղղություններով դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանը, գործնական քայլեր են իրականացվել հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների առավել ընդլայնման ուղղությամբ: Արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է շարունակել մնալ Եվրոպական միության հետ փոխգործակցության խորացումը։ Նոյեմբերի 24-ին ստորագրվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Քայլեր են ձեռնարկվել ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների եւ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Ջանքեր են գործադրվել եվրոպական երկրների հետ համագործակցությունը սերտացնելու ուղղությամբ։ Ուշադրության կենտրոնում են եղել Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաեւ Ճապոնիայի, Կորեայի եւ ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության ընդլայնման հարցերը: Քայլեր են ձեռնարկվել Մերձավոր Արեւելքի գործընկեր երկրների հետ համագործակցության օրակարգը նոր ոլորտներով համալրելու ուղղությամբ: Աշխատանքներ են տարվել ամերիկյան մայրցամաքի երկրների հետ փոխգործակցության խորացման նպատակով:

Շարունակվել է ակտիվ համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը:

2017 թվականին Հայաստանը շարունակել է սերտ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում:

Մենք ակտիվ ներգրավվածություն ենք ունեցել ՄԱԿ-ի եւ մի շարք այլ բազմակողմ հարթակներում։ Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) նախարարական համաժողովի նախագահությունը։ Մեր երկիրն իր կարեւոր նպաստն է բերել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, նաեւ Եվրոպայի խորհրդի աշխատանքներին։ Շարունակվել է Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) միջեւ փոխգործակցությունը։

Արտաքին քաղաքական կարեւորագույն ուղղություններից է եղել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացումը: Դեկտեմբերին Հայաստանը ստանձնել էՍԾՏՀԿ նախագահությունը:

Աշխատանքներ են իրականացվել խորհրդարանական դիվանագիտության, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ: Կարեւոր տեղ է հատկացվել միջազգային մշակութային համագործակցությանը։

Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 7 երկրի հետ՝ հարաբերությունների ընդհանուր թիվը հասցնելով 175-ի։ Ստորագրվել է 73 միջազգային պայմանագիր։ ԱԳՆ համակարգում շրջանառվել է 143.000 փաստաթուղթ։

Ուշադրության կենտրոնում է եղել արտերկրում ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված ՀՀ քաղաքացիներին եւ ազգությամբ հայերին աջակցության ցուցաբերումը: Հյուպատոսական ծառայության կողմից սպասարկվել է 151 000 քաղաքացի:

2017թ. ՀՀ Նախագահը կատարել է 21 օտարերկրյա այց: Պաշտոնական այցով Հայաստան են այցելել 4 պետության ղեկավար: ՀՀ ԱԺ նախագահը կատարել է 8 արտասահմանյան այց: Հայաստան է այցելել 3 պետության խորհրդարանի ղեկավար: ՀՀ վարչապետը կատարել է 8 այց արտերկիր: Հայաստան է այցելել 8 երկրի կառավարության ղեկավար։

ԱԳ նախարարի մակարդակով տեղի է ունեցել է 41 օտարերկրյա այց: Հայաստան է այցելել 19 արտգործնախարար եւ միջազգային կազմակերպության ղեկավար: Հայաստանի արտգործնախարարը 105 հանդիպում է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Շարունակվել են ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, մեր երկրի հեղինակության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Armenia TV. Դավիթ Սարգսյան. Պարոն նախարար, Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի մասին կցանկայանի հարցնել: Ին՞չ եք կարծում, ո՞րն է մեր ակնկալիքը, մենք երբ ենք սպասում, որ այն ամբողջությամբ կվավերացվի, եւ երբ կսկսի գործել, մեր ակնկալիքները դրանից:

Էդվարդ Նալբանդյան. Նախեւառաջ ընդգծեմ, որ Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լուրջ, կարեւոր հանգրվան է մեր Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններում:

Պետք է ամփոփենք այն ձեռքբերումները, որոնք կատարվել են Եվրամիության հետ, եւ դրա հիման վրա նախանշենք գալիք տարիների համար անելիքները: Այսօր մենք կենտրոնանում ենք այս կարեւոր շրջանակային փաստաթղթի վավերացման գործընթացի վրա: Հայաստանը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկում, որպեսզի այն վավերացվի մինչեւ ապրիլ: Իհարկե, հուսով ենք, որ այն առանց խոչընդոտների կվավերացվի նաեւ ԵՄ երկրների կողմից: Բայց մենք մեկ քայլ առաջ ենք նայում:

Մեր վավերացումով՝ համաձայն համապատասխան ընթացակարգի, եւ ԵՄ կողմից դրա մասին իրենց կայքէջում էլ է հրապարակվել, որ մեր վավերացումից հետո կարող է սկսվել այս համաձայնագրի իրականացումը: Հնարավոր է, որ դա լինի մայիսի 1-ից կամ հունիսի 1-ից սկսած:

Մենք շարունակելու ենք նաեւ ակտիվ ներգրավվածությունը այն ծրագրերի շրջանակներում, որոնց Հայաստանը միացել է կամ պատրաստվում է միանալ: Ես նկատի ունեմ՝ «Հորիզոն 2020», «ԿՈՍՄԵ», «Ստեղծարար Եվրոպա», «Միասնական ավիացիոն գոտի» եւ այլն: Եվ կարեւոր է նաեւ, որ առավել ջանքեր գործադրվեն Եվորպական միության անդամ երկրների հետ հարաբերությունների առավել զարգացման, ընդլայնման եւ ամրապնդման համար:

Armenia TV. Եվ դրա հետ կապված եւս մեկ հարց: Տեւական ժամանակ է, որ Ադրբեջանը պնդում է, որ Բրյուսելի գագաթաժողովից հետո այդ հռչակագրում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին շատ հստակ նրանց կողմից հռչակագրում ձեւակերպում է տրվել: Ես ճիշտն ասած չգտա այդպես էլ՝ ինչի մասին է խոսքը: Կխնդրեի բացատրեք, այդ պնդումները որքանով են հիմնավոր:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Ադրբեջանի պնդումներին, թե իբր բրյուսելյան հռչակագրում ինչ-որ նախընտրություն է տրվել միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքին, հատկապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում, դա իհարկե այդպես չէ: Հիշեցնեմ, որ բրյուսելյան գագաթաժողովի արդյունքում ընդունված հռչակագիրը վերահաստատեց այն դրույթները, որոնք պարունակվում էին նախորդ՝ Ռիգայի հռչակագրում եւ պարտավորությունը դրանք իրականցնել:

Դուք գիտեք, որ Ռիգայի հռչակագրում հստակ պարբերություն կար, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, որն աջակցում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, եւ հղում էր կատարվում այն հայտարարություններին, որորնք արվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով 2009 թվականից:

Դուք տեղյակ եք, թե դրանք ինչ հայտարարություններ էին եւ ինչ դրույթներ, ինչ սկզբունքներ էին պարունակում:

Բացի դրանից բրյուսելյան հռչակագրում նշվեց, որ աջակցություն է հայտնվում գործող ձեւաչափերին, ընդհանրապես կոնֆլիկտների մասին էր խոսքը։ Դրա դեմ էլ էր դուրս գալիս Ադրբեջանը: Ինչպես գիտեք, Ռիգայում Ադրբեջանը դեմ էր դուրս եկել հենց 2009 թվականից ի վեր արված այդ հինգ հայտարարություններին հղմանը: Եվ հենց այդ պատճառով էր, որ որոշ ընդհատվեց Ռիգայի գագաթաժողովը: Ադրբեջանը ստիպված էր առանձին հայտարարությամբ հանդես գալ։ Այնուամենայնիվ, Ռիգայի գագաթաժողովի հռչակագիրը ընդունվեց:

Նշեմ նաեւ, որ Բրյուսելում նույն գագաթաժողովի օրը բարձր հանձնակատար Մոգերինին հայտարարություն արեց կոնկրետ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որովհետեւ այս անգամ բրյուսելյան գագաթաժողովի հռչակագիրը շատ ավելի սեղմ էր եւ չէր պարունակում առանձին կոնֆլիկնտների վերաբերյալ դրույթներ՝ ներառյալ նաեւ ղարաբաղյան հակամարտության մասով։ Հռչակագրում ընդհանրացված մոտեցումներ էին:

Իսկ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բարձր հանձնակատար Մոգերինին հայտարարեց, որ Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների ջանքերին, եւ իրենց առաջարկություններին եւ մոտեցումներին: Այսինքն բավական հստակ հայտարարություն: Նաեւ Ձեզ հիշեցնեմ, դրա մասին էլ մենք ասել ենք բազմիցս, որ այն շրջանակային փաստաթուղթը, որը ԵՄ հետ ստորագրեցինք, պարունակում է դրույթ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որտեղ նշվում է ԵՄ աջակցության մասին Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումներին եւ հատկապես հիմնախնդրի հանգուցալուծմանը միջազգային իրավունքի հայտնի երեք սկզբունքների՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի, հիման վրա:

Սա հենց այն սկզբունքներն են եւ այն մոտեցումն է, որից Ադրբեջանը միշտ փորձում է խուսափել, որեւէ հղում կատարելուց կամ դրանց մասին հիշատակելուց: Սա է իրականությունը բրյուսելյան հռչակագրի վերաբերյալ:

Երկիր Մեդիա. Պարոն նախարար, օրերս Բաքու հասավ ռուսական զենքի հերթական խմբաքանակը: Ինչպե՞ս եք վերաբերվում դեպի Ադրբեջան ռուսական սպառազինության շարունակական մատակարարմանը, հատկապես երբ վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ ռուսական զինատեսակը Ադրբեջանը լայնորեն կիրառել է 2016թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տրամադրվող սպառազինությանը, դրան Հանրապետության նախագահը եւ արտգործնախարարը ոչ մեկ անգամ արդրադարձել են: Չեմ կարծում, որ կրկնելու կարիք կա, բայց նշեմ, որ նաեւ հայտնի է, թե ինչ պատճառներով է հատուկ շեշտադրումներով այս թեման շահարկվում Բաքվի քարոզչամեքենայի կողմից:

Հայաստանն անում է հնարավորը, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի, ներառյալ նաեւ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերություններից, ավելի մատչելի գներով գնելով սպառազինություն:

Հիշատակեմ նաեւ, որ 2010 թվականին ստորագրվեց 5-րդ արձանագրությունը՝ կից 1995թ պայմանագրին, որը վերաբերում էր ռուսական բազայի ներկայությանը Հայաստանում: Այդ արձանագրությամբ որոշ փոփոխություններ մտցվեցին հիմնական փաստաթղթի մեջ։ Դրանցով Ռուսաստանը պարտավորվում է ստանձնել Հայաստանի անվտանգության ապահովման դերակատարությունը՝ Հայաստանի Զինված ուժերի հետ միասին եւ նաեւ պարտավորություն վերցնում՝ տրամադրել Հայաստանին ժամանակից զենք, սպառազինություն` ի կատարումն հենց այն դրույթի, որ Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ երաշխավորելու է Հայաստանի անվտանգությունը:

Մի բան էլ ավելացնեմ. ակնհայտ է, որ Ռուսաստանը կարեւոր դերակատարություն ունի մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման գործում ոչ միայն որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, այլ նաեւ այս տարածաշջրանում կարեւորագույն դերակատարություն ունեցող պետություն:

Aysor.am. Պարոն Նալբանդյան, երկու հարց ունեմ: Նախ արցախյան հիմնահարցի վերաբերյալ Լավրովի հայտարարությունից հետո՝ թե այն պետք է փուլային տարբերակով լուծվի, սկսվեցին շրջանառվել տարբեր շահարկումներ: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը, որն է բանակցային սեղանին այսօր դրված՝ փուլային, թե փաթեթային տարբերակը:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է այդ շահարկումներին՝ փուլային, թե փաթեթային, ասեմ, որ միգուցե 20 տարի առաջ այդպիսի հարցադրումները ինչ-որ պատճառներ կարող էին ունենալ, այսօր այդ հարցում որեւէ կասկած չի կարող լինել։ Եռանախագահող երկրները բազմից հայտատարել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի այն սկզբունքների, այն տարրերի հիման վրա, որոնք մշակվել եւ ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն: Այսինքն, որպես փաթեթ, եւ փորձել առանձնացնել մեկ սկզբունքը կամ մեկ դրույթը մյուսից անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը: Այս փաթեթային մոտեցումը առաջարկված է եռանախագահող երկրների կողմից: Դրա մասին նաեւ բազմիցս հայտարարվել է, ներառյալ նաեւ ամենաբարձր մակարդակով՝ եռանախագահող ներկրների նախագահների կողմից:

Բայց իհարկե պետք է նկատի ունենալ, եւ դրա մասին էլ մենք բազմիցս նշել ենք, որ փաթեթային հանգուցալուծումը, բնականաբար, ենթադրում է փուլային կիրառում:

Aysor.am. Ո՞րն է Ձեր դիրքորոշումը Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ծավալած ռազմական գործողությունների վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում լարվածությանը, այդ գործողություններին, իհարկե մտահոգություն է առաջացնում, որ նոր լարվածություն է առաջացել այդ տարածաշրջանում, որը բերել է մարդկային զոհերի եւ վիրավորների նաեւ քաղաքացիական բնակչության, իմիջիայլոց, նաեւ սիրիահայերի շրջանում:

Սա լուրջ մտահոգության առիթ է հանդիսանում, հատկապես որ ԴԱԵՇ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում այն առաջընթացը, որն արձանագրվել է վերջին շրջանում, հույս էր ներշնչում, թե իրավիճակը Սիրիայում կարող է գնալ կայունացման եւ խաղաղության հաստատման: Այս լարվածությունը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այդ գործընթացի համար:

Մենք իհարկե միշտ կողմ ենք, որ բոլոր խնդրահարույց հարցերը լուծվեն բանակցությունների ճանապարհով, պետք է օգտագործվեն միջազգային այն հարթակները, որոնք արդեն գործում են, կամ առաջարկվում են: Ես նկատի ունեմ եւ՛ ժնեւյան, եւ՛ Աստանայի գործընթացները: Այսօր նաեւ Սոչիում մեկնարկել է սիրիական ազգային կոնգրեսը, որը եւս մեկ կարեւոր հարթակ է։ Հուսով ենք, որ այս ամենը հնարավորություն կտա գնալ դեպի կայունացման, խաղաղության հաստատման եւ միջսիրիական երկխոսության միջոցով հարցերի լուծմանը:

Ararat TV. Պարոն նախարար։ Շարունակելով Ադրբեջանի թեման՝ Ադրբեջանի իշխանություններն անընդհատ կրկնում են, որ բոլոր այն մարդիկ, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ, նրանց մեծամասնությունը հայկական քարոզչության զոհերն են: Երբ նրանք վերադառնում են հայրենիք, զղջում են, նույնիսկ ներողություն են խնդրում Ադրբեջանից, անգամ խնդրում են իրենց հանեն հայտնի սեւ ցուցակից:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, եթե հավատանք ադրբեջանական պնդումներին, թե նրանք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ, վերադառնում են, զղջում են, ներողություն են խնդրում, ապա այդ ցուցակը չէր ավելանա, այսօր չէր ներառի վեց հարյուր-յոթ հարյուր անձ։ Հենց իրենց կողմից տրամադրված տեղեկություններով, այդ վեց-յոթ հարյուր հոգուց հինգ-վեց հոգի միգուցե խնդրել են այդ ցուցակից իրենց հանել:

Ազգային ժողովում հարցուպատասխանների ժամանակ մեկ անգամ նշել էի, որ Լապշինի հետ կապված այդ զարհուրելի դեպքից հետո շատ ավելի կավելանա այցելուների հոսքը դեպի Արցախ, ներառյալ նաեւ բլոգերների, ինչը եւ տեղի ունեցավ: Դուք էլ եք տեղյակ։

Կարծում եմ ադրբեջանական այդ պնդումներն իհարկե իրականության հետ որեւէ կապ չունեն, քանի որ այդ ցուցակի ջախջախիչ մեծամասնությունը պատիվ է համարում գտնվել Բաքվի «սեւ ցուցակում», ինչպես իրենք են հայտարարել բազմիցս։ Անգամ նրանք, ովքեր իբրեւ թե խնդրել էին հանել կամ զղջում էին իրենց այցելության համար, հետագայում հայտարարություններ են արել, ինչպես օրինակ Լապշինը, բավականին բացահայտող հայտարարություններ՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող «սեւ ցուցակների», արգելքների եւ այլնի մասին: Գիտեք, ժամանակները անցել են, որ բռնի ուժով կարող են սահմանափակվի մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Սա անհնար է:

Ararat TV. Արդբեջանի արտգործնախարարը վերջին շրջանում շատ է կրկնում, որ պետք է անցնել տրամաբանական բանակցությունների, տրամաբանական բանակցություններ վարել: Ընդհանրապես՝ ինչպե՞ս հասկանանք այս եզրույթը:

Էդվարդ Նալբանդյան. Այո՛, մենք լսել ենք, առաջին անգամը չէ, որ ադրբեջանցիներն ասում են, որ պետք է վերջապես տրամաբանական բանակցություններ սկսել:

Բաքվի կողմից հայտարարությունների մեջ ոչ միշտ է պետք տրամաբանություն փնտրել, անգամ եթե իրենք օգտագործում են «տրամաբանություն» բառը:

Ո՞ր տրամաբանության մասին է խոսքը գնում: Ա՞յն տրամաբանության, որով իրենք համաձայնություն են տալիս եւ հետո հետ են կանգնում այդ համաձայնություններից, ինչպես դա եղավ եւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ։ Ա՞յն տրամաբանության, երբ իրենք հրաժարվում են եռանախագահող երկրների կողմից արված առաջարկներից։ Ա՞յն տրամաբանության, երբ պայմանավորվածության են գալիս հիմնախնդրի կարգավորման էության շուրջ, ինչպես դա եղավ Կազանում, Կազանից առաջ Սոչիում, Սոչիից առաջ Աստրախանում, Աստրախանից առաջ Սանկտ Պետերբուրգում եւ այլն եւ հետո հետքայլ անում: Կամ այն տրամաբանության, երբ իրենք համաձայնվում են նվազեցնել լարվածությունը շփման գծում եւ սահմանին եւ հետո գնում են իրավիճակը սրելուն ուղղված նոր քայլերի: Ի՞նչ են նշանակում «անտրամաբանական» հանդիպումները, բանակցությունները: Չե՞ն զգում Ադրբեջանում, որ հենց իրենց համար վարկաբեկիչ է, եթե իրենք տարիներ շարունակ մասնակցել են մի գործընթացի, որը տրամաբանություն չի ունեցել:

Գիտեք, որ նախագահների մակարդակով 2 տասնյակ հանդիպում է կայացել: Ի՞նչ է, դրանք անտրամաբանակա՞ն են եղել: Կամ՝ 6 տասնյակ հանդիպում արտգործնախարարների մակարդակով, անտրամաբանական հանդիպումնե՞ր էին, ինչո՞ւ էին գալիս, ինչո՞ւ էին մասնակցում, ի՞նչ էին քննարկում:

Չեմ կարծում, որ եռանախագահները նույն կարծիքն ունեն: Իրենք իրենց յուրահատուկ տրամաբանությամբ են մոտենում բանակցային գործընթացին, եւ դա ոչ միայն Հայաստանի, Արցախի տրամաբանությանը չի համապատասխանում, դա չի համապատասխանում միջազգային հանրության անունից հանդես եկող եռանախագահող երկրների տրամաբանությանը:

Panorama.am. Պարոն նախարար, ուզում եմ հետեւյալի մասին հարցնել՝ նախորդ տարեվերջին, Դուք եւ Հանրապետության Նախագահը ձեր խոսքում նշեցիք, որ 2018 թ. գարունը դիմավորելու ենք առանց հայ-թուրքական արձանագրությունների: Ուզում եմ հարցնել. ե՞րբ է այդ մասին պաշտոնապես որոշում կայացվելու եւ հրապարակավ հայտարարվելու, եւ երկրորդը՝ Հայաստանի միջազգային վարկը, կարծում եք, դրանից կտուժի՞:

Էդվարդ Նալբանդյան. Մոտ 10 տարի առաջ, երբ Հայաստանը նախաձեռնեց այդ կարգավորման գործընթացը, այս տարիների ընթացքում, միշտ հավատարիմ է եղել թե՛ գործընթացին, թե՛ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Հայաստանը չէ, այլ հենց Թուրքիան է, որ հրաժարվեց իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները: Ես մեկ անգամ նշել էի, դա անցյալ տարվա վերջին՝ հեռուստատեսությանը տրված իմ հարցազրույցն էր։ Ասացի, որ վերջին տարիներին միջազգային հանրությունն ասում էր, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, բայց այսօր կարող ենք ասել, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում: Եթե կողմերից մեկը պետք է անհանգստացած լինի, որ իր հեղինակությունը, միջազգային վարկը կարող է տուժել, ապա դա Հայաստանը չէ, հայկական կողմը չէ: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Հանրապետության Նախագահի կողմից հնչեցրած, հայտարարված այդ ժամկետներում մեր դիրքորոշումը հայտնի կդարձնենք:

Տպել
Ամենաշատ