Չեմ պատրաստվում արհեստականորեն հավաքականը թարմացնել. Կարեն Աղամալյան
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականում կտրուկ սերնդափոխություն չի լինի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: «Համաձայնեցի նորից գլխավորել հավաքականը, քանի որ ինձ ասացին, թե ուրիշ մեկին չեն տեսնում այդ պաշտոնում: Չեմ պատրաստվում արհեստականորեն հավաքականը թարմացնել: Նրանք, ովքեր հիմա մեծահասակների ընտրանու կազմում են, ինձ հետ աշխատել են երիտասարդական թիմում»,- ասաց մասնագետը:
Աղամալյանի խոսքով` այժմ ընտրանին նախապատրաստվում է հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: Օրեր հետո հավաքական թիմը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կանցկացնի: «Մի քանի քաշային կարգերում փոփոխություններ են տեղի ունեցել` նոր քաշեր կան: Այս աշխարհի առաջնությունն իսկապես ուժեղ կազմ է հավաքել: Դրա պատճառներից մեկն այն է, որ մրցանակային ֆոնդը մեծ է»,- ասաց նա:
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում