ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի»՝ երկքաղաքացիների իրավունքին վերաբերող օրինագիծը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր ԱԺ-ին առաջարկեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդգրկել նիստերի օրակարգ:
Պատգամավորը տեղեկացրեց, որ գործող Քաղաքացիական օրենսգրքով սահմանվում է՝ անձի նկատմամբ կիրառվում է այն երկրի օրենսդրությունը, որի հետ առավել սերտ կապված է տվյալ անձը:
Ըստ պատգամավորի, 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, երբ ընդունվեց երկքաղաքացիությունը, անհրաժեշտություն առաջացավ այս դրույթի մեջ փոփոխություն կատարել.
«Մենք առաջարկում ենք երկքաղաքացիության ինստիտուտին համապատասխանեցնել այս դրույթը և սահմանել, որ ՀՀ երկքաղաքացիություն ունեցող անձի անձնական իրավունքը ՀՀ օրենքներն են: Հայաստանն ունի մեծ թվով երկքաղաքացիներ և նրանց համար Հայաստանի Հանրապետության իրավունքի առաջնային լինելը առաջնահերթություն է»:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը, ներկայացնելով հանձնաժողովի բացասական կարծիքը, շեշտեց. «Բացասական է եզրակացությունը, քանի որ այն հստակ տրված է օրենսգրքում: Սահմանված է, որ եթե անձը 183 և ավելի օր ՀՀ-ում է բնակվում, ապա Հայաստանի օրենքները նրա իրավունքն են»:
Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ ներկայացված նախագծին նաև կառավարությունն է դրական արձագանքել, քանի որ անհրաժեշտությունը կա Քաղաքացիական օրենսգրքով ֆիքսել այն, որպես բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտ.
«Եթե լինեին երկքաղաքացիության վերաբերյալ երկկողմ միջազգային պայմանագրեր, ապա նրանք կգերակայեին: Նման պայմանագրեր չկան, հետևաբար պետք է ամրագրել, որ ՀՀ օրենսդրությոնը պետք է լինի անձի նկատմամբ գերակա»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կրկին պնդեց, որ առաջարկված կարգավորումներն արդեն իսկ առկա են Քաղաքացիական օրենսգրքում. «Հստակ նշված է՝ ՀՀ քաղաքացին, եթե նույնիսկ ունի այլ երկրի քաղաքացիություն, ապա նրա անձնական իրավունքը ՀՀ օրենքն է, և այս տեսանկյունից փոփոխության անհրաժեշտություն չկա»:
Այսպիսով, ԱԺ-ն մերժեց օրակարգ ընդգրկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած վերոհիշյալ և ևս երկու այլ օրենքի նախագծերը, որոնք նույնպես վերաբերում էին Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում