HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես ռեալ ինքնասպանության փորձ եմ արել». հետծննդաբերական դեպրեսիա

Մարինե Սահակյան

Էլլան 35 տարեկան էր, երբ պետք է ծնվեր առաջին երեխան: Հղիության վերջին շրջանը բարդացած էր. նախատեսված էր պլանային կեսարյան հատում: Կեսարյան հատումը տեղի ունեցավ սահմանված ժամկետից շուտ։ Նա ստիպված էր որոշ ժամանակ անցկացնել անկողնային վիճակում, ինչն ավելի էր ընկճում: Այս ամենին գումարվել էր նաև, ինչպես ինքն է ասում, բուժաշխատողների չորությունը:

Նոր ծննդաբերած կնոջ մոտ առաջանում են վախեր։ Նա վախենում էր քայլել, իսկ քայլելու դեպքում էլ ձեռնափայտով էր: «Այ դա ահավոր է, որ հիվանդանոցում մեկը չկա, որ քեզ աջակցի, խոսի հետդ քո հոգեվիճակի մասին: Այսինքն, մամա ունես, ամուսին ունես, բայց իրանց համար էլ է սթրեսային նոր կարգավիճակում լինելը, ինձ այդ վիճակում տեսնելը: Ամուսինը սպասում է՝ հեսա կինս կունենա երեխա, իսկ դու պառկած, ամբողջ օրը լացում ես»,- ասում է Էլլան:

Իր հոգեվիճակը նկարագրելիս նա ավելացնում է, որ այդ 9 ամիսները եղել են մութ, սև շրջան իր կյանքում՝ լի դառնությամբ, բոլորի նկատմամբ ատելությամբ: Նրան թվում էր, թե բոլորն էլ իրեն են ատում, իր դեմ են տրամադրված, չէր ուզում՝ երեխային սիրեին, երեխային ժպտային, ամեն ինչ կասկածանք էր առաջացնում, նույնիսկ երբ դռան զանգը տալիս էին, մտածում էր՝ դիտմամբ արեցին, որ երեխան չքնի։ Զարմանում է, որ իր երեխային վնաս չի տվել այդ ընթացքում: «Բայց դու այդ ժամանակ խելագար ես, ու դու քեզ համար պատասխանատու չես, քո փոխարեն քո ներսից ինչ-որ բան կառավարում է և շատ վատ բաների է քեզ դրդում»,- ասում է:

Սպասումները, որ երեխան կծնվի, և ամեն ինչ հրաշալի կլինի, ևս չէին արդարացվել: Եվ հանկարծ այդ ամենի փոխարեն «կծոտած կրծքեր, ցավ, ցավ, ցավ, ցավ ու այդ դառնությունը երեխայիդ էլ է փոխանցվում, արդյունքում ինքն ավելի անհանգիստ էր, անընդհատ լացում էր, ղժժում, կծում, ղժժում, կծում, կծում կծում...»:

Կինը պայքարել է իր բալիկին կրծքով կերակրելու համար: Կրծքի կաթի արտադրությունը շատացնելու նպատակով շրջապատի հորդորով անընդհատ կերել է խտացրած կաթ և թեյ խմել, որն էլ նպաստել է էլ ավելի գիրանալուն. «քիչ չի 85 կգ էիր, դառնում ես 95 կգ»: Այս ամենին գումարվել է նաև առատ մազածածկույթի ի հայտ գալը, որը ևս վկայել է հորմոնալ ֆոնի խանգարման մասին: «Դու սպասում ես, որ ծննդաբերելուց հետո գեղեցկացած, այդ նվեր ստացած սայլակով, դուրս ես գալու զբոսնելու երեխայիդ հետ, բայց իրականում՝ չաղ ես, անճոռնի, ներվային: Օ՜, ինչ էր ինձ հետ կատարվում, ես ինձ ուռոդ էի զգում», - պատմում է Էլլան:

Էլլայի մոտ հետծննդաբերական դեպրեսիան ավելի  է խորացել, երբ սկսել են մեղադրել իրեն վատ մայր լինելու մեջ: «Դու հլը նոր ես ունեցել, ուշագնաց ես լինում այդ ցավերից, ու դու վատն ես: Վերջ, պիտակավորեցին, ուղարկեցին մի կողմի վրա»,- պատմում է նա:

Էլլան իր հոգեկան ապրումների մասին պատմել է մորը և ցանկություն հայտնել այցելել հոգեբանի: Մայրը պատասխանել է. «Պարապ ես մնացել , ա՛յ, որ մեր ժամանակվա նման ձեռքով լվացք անեիր, այդքան պռտեիր պիլիոնկաները, սաղ պամպերսներն ու ինտերնետներն է: Պարապությունից է, որ խելքներդ տվել եք ապուշություններին, վեր կաց արդուկդ արա, այն ժամանակ կիմանաս, թե դեպրեսիան որն ա»: «Իմ մաման առաջադեմ մամա է, ուղղակի ինքը իրա իմացածով, փորձում էր ինձ թափ տալ»,- ասում է Էլլան:

Մի օր իրեն «հայտնաբերում է» պատշգամբի ճաղավանդակներից կախված: «Ես ռեալ ինքնասպանության փորձ եմ արել, ո՞նց եմ այդ պահին հետ եկել, չգիտեմ»,- ասում է նա: Դեպքից կես ամիս անց լուրերով կարդում է, որ ՌԴ-ում մի կին ցած է նետվել պատշգամբից երեխայի հետ միասին, ըստ նրա՝ դա ուժեղ  ազդեցություն է ունեցել իր հոգեվիճակի վրա, հասկացել է, որ եթե դեպրեսիան շարունակվի, մեկ օր ինքն էլ կդիմի նման քայլի:

Ինքնասպանության փորձի մասին պատմել է ամուսնուն և խնդրել օգնել երեխայի խնամքի հարցում․ «Ես իմ ամուսնուն ուղիղ տեքստով ասացի, եթե այսպես շարունակվեց, ինձ հեռու պահեք երեխայից»: Ամուսինը թեև բարկացել է, որ կինը նման քայլի է գնացել, բայց ինչ-որ չափով սկսել է օգնել:

Էլլային նաև օգնել է դուրս գալ դեպրեսիայից քաշի կորուստը, սեփական անձի մասին ինքնագնահատականը սկսել է կամաց-կամաց բարձրանալ, շրջապատի մարդկանցից ասված հաճոյախոսությունները ևս իրենց «լուման» են ունեցել․ «Այդ ժամանակ մտածում ես, վա՜յ, կյանքը չի մեռել, ես դեռ ապրում եմ»: Աստիճանաբար երեխայի հավելյալ սնունդի ծավալը ավելացել է, կրծքով կերակրման ռեժիմը ցերեկային ժամերին թեթևացել, իսկ մազոտությունը՝ պակասել, սկսել է երեխայի հետ զբոսանքի դուրս գալ հաճախակի, հորմոնալ ֆոնը ևս կարգավորվել է:

Էլլան չի ամաչում խոսել նման հարցերի շուրջ, իր օրինակը ներկայացնելով, ցանկանում է տեղեկացնել մյուս նորաթուխ մայրերին, թեև նկատում է, որ Հայաստանում նոր ծննդաբերած կանանցից շատերը չունեն 10000 դրամ հոգեբանին կամ հոգեբույժին դիմելու համար:

«Ես չունեի, ինձ ոչ ոք չէր տալիս այդ գումարը, և ընդհանրապես, շատերը չունեն, այդ իսկ պատճառով պետք է անվճար հոգեբանական օգնություն տրամադրվի նորաթուխ մայրիկներին»,- ասում է էլլան:

Աշխարհում նոր ծննդաբերած կանանց 70-80%-ը ունենում է հետծննդաբերական տխրություն (baby blues), իսկ 13-15%-ը՝ հետծննդաբերական դեպրեսիա (postpartum depression), իսկ 0,5 %-ը կարող է ունենալ հետծննդաբերական փսիխոզ:

ԵՊԲՀ-ի հոգեբուժության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Մարուքե Եղիյանը նշում է, որ ծննդաբերած կնոջ օրգանիզմում տեղի է ունենում հորմոնալ ֆոնի կտրուկ փոփոխություն. կտրուկ բարձրանում է պրոլակտին հորմոնի մակարդակը, որպեսզի կաթ արտադրվի: Այս հորմոնալ փոփոխությունը հետծննդաբերական շրջանում քնի խանգարումների հետ միասին կարող են առաջացնել տրամադրության անկում կամ դեպրեսիա: «Դեպրեսիան կենսաբանական հիմք ունեցող խնդիր է, կարևոր է սա հասկանալ»,- ասում է պրոֆեսորը:

Ըստ նրա՝ հետծննդաբերական տրամադրության անկման ֆոնի վրա կարող են լինել կպչուն խանգարումներ, սևեռուն մտքեր, օրինակ՝ կպչուն միտք մաքրության վերաբերյալ, երեխային վնասելու վախ: Կրծքով կերակրող կանանց դեպքում անհամատեղելի է դեղորայքը և միայն հիվանդության սուր արտահայտման դեպքում պետք է երեխային կտրել կրծքի սնուցումից։ «Շատ կարևոր է, որ կինը պահի երեխայի հետ կապը, իսկ դեպրեսիայի ժամանակ այն թուլանում է, երեխայի առողջության համար կարևոր է, որ այդ հուզական կապը լինի»,- ասում է Մարուքե Եղիյանը: Հետծննդաբերական դեպրեսիան և փսիխոզը խրոնիկական բնույթ չեն կրում, բուժվում են դեղերով:

23-ամյա Աննան 5 տարի առաջ սպասում էր իր առաջնեկին: Հղիությունը հարթ էր ընթանում: Ծննդաբերության ժամկետից մի քանի շաբաթ շուտ արդեն հիվանդանոցում էր, որտեղ նրան ասացին՝ «շտապ կեսարյան»: Այնքան անսպասելի էր կեսարյան հատման լուրը, որ այն իր հետագա ազդեցությունը թողեց արդեն հետծննդաբերական ընթացքի վրա: « Ինձ մոտ շատ վախեր կային, հենց երեխան լացում էր, միանգամից լարվում էի: Որքան էլ կարդացած լինես, միևնույն է քեզ թվում է՝ չես կարող երեխայիդ պահել»,- պատմում  է Աննան:

Նրա համար ևս կեսարյան հատումից հետո դժվար է եղել քայլել, լարվածությունից կրծքի կաթը չի եկել, երեխան անընդհատ լացել է: Չնայած բժիշկները հորդորել են արհեստական կաթ տալ, սակայն Աննան հրաժարվել է:

Հետագայում տուն գալով՝ վախերն էլ ավելի են շատացել և միայն ամեն ինչ կարգավորվել է, երբ Աննան զգացել է, որ կարող է ինքնուրույն պահել իր երեխային, որն այդ ժամանակ 3 ամսական է եղել: «Առաջին 40 օրը եթե չլիներ սկեսուրս, չգիտեմ ի՞նչ էի անելու: Ինձ շատ է օգնել: Իմ լարվածությունը փոխանցվել էր երեխային, և նա նույնպես անհանգիստ էր: Մինչև հաղթահարում ես, հասկանում ես, որ այն ամենը, ինչը նյարդայնացնում էր մի ժամանակ, անիմաստ էր»,- պատմում նա: Աննայի կարծիքով հետծննդաբերական տրամադրության անկման պատճառով էր, որ 2 ամսականից անցավ արհեստական սնուցման՝ կրծքով կերակրումները պահպանելով միայն գիշերները:

Ինչպես նշում է «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը, կնոջ մոտ կարող է դիտվել  հետծննդաբերական տրամադրության անկման հետևյալ նշանները՝ վատ մտքեր սեփական անձի նկատմամբ, տրամադրության կտրուկ անկում, մեղքի զգացում, ապագայի նկատմամբ անորոշություն, մոտիվացիայի բացակայություն, խոր քնկոտություն կամ քնի բացակայություն, ախորժակի բացակայություն կամ կտրուկ աճ: Երբ երեխան ծնվում է, կնոջ ես-ի մեջ ավելանում է ևս մեկ ես, և ըստ հոգեբանի՝ կինը պետք է կարողանա հոգեբանորեն տեղ հատկացնել ևս մեկին: Ինչպես նաև կինը կորցնում է սեփական կյանքի կառավարելիության զգացումը:

Հոգեբանը կարևորում է հարազատների դերը նոր ծննդաբերած կնոջ հոգեվիճակում. ամենակարևոր պայմանը չմեղադրելն է, փորձել օգնել խնամքի հարցում, որպեսզի նորաթուխ մայրը կարողանա գոնե մեկ ժամ իրեն հատկացնել և, հակառակը, շատ գործառույթներ չվերցնել: «Խորը դեպրեսիայի դեպքում հարազատներն ամբողջովին վերցնում են իրենց վրա երեխայի խնամքը, բայց երբ դոզավորված պատասխանտվություն է մնում կնոջ վրա, ստիպված է լինում ինչ-որ բան անել, դա մոտիվացիա է լինում, և կինը զգում է, որ սկսում է ապրել»,- ասում է Լիլիթ Խաչատրյանը: Հետծննդաբերական շրջանում կնոջ համար կարևոր է ամուսնու ուշադրությունը, մասնավորապես` որքանով նա կշարունակի պահպանել սեքսուալ ցանկությունը կնոջ նկատմամբ և ինչպես կվերաբերվի նրա մարմնի փոփոխությանը:

Հոգեբանը խորհուրդ է տալիս, որ այն հիմնական գործնեությունը, որով կինը զբաղվել է, հետծննդաբերական ժամանակաշրջանում ևս շարունակի այդ տարրերը պահպանել. զբոսանքի գնալ, ընկերներին հանդիպել, վարսավիրանոց գնալ և այլն:

Լուսանկարը՝ promum.com.ua-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter