×


«Ցավում եմ, եթե «պզուկոտ» եւ «փռչոտ» բառերը վիրավորել են». Մադոննա Հարությունյանի գրառումը շփոթեցրել է հետեւորդներին

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանի ինստագրամյան գրառումը հակասական կարծիքների ալիք է բարձրացրել հետեւորդների շրջանում:

Նա գեղեցկության պատկերացումների մասին խոսելիս գրել է.«Մի կողմից՝ ոչ ոք իրավունք չունի դիմացինին ուղղորդել իր մաշկաբանի մոտ՝ մաշկի թերությունները վերացնելու, երբ նրան չեն էլ խնդրում դրա մասին: Մյուս կողմից՝ չեմ հասկանում այն աղջիկներին, որոնք հրաժարվում են իրենց խնամելուց ու անդադար խոսում են, թե ոնց են իրենք իրենց ընդունել փռչոտ, պզուկներով ու ավելորդ քաշով»:

Այս խոսքերը շարժել են հետեւորդների մի զանգվածի զայրույթը. մի քանիսն անգամ գրառման մասին կարծիք են գրել սեփական էջերի «սթորի» բաժնում:

Մեկնաբանություններում հետեւորդները մասնավորապես նշել են, որ Մադոննան կարող է իրեն թույլ տալ նման գրառում անել, քանի որ նախ բնությունը բավական շռայլ է գտնվել իր հանդեպ, հետո՝ բավականաչափ ապահովված է՝ թանկարժեք խնամքից օգտվելու համար: Քննարկումներն այնքան են թեժացել, որ նրան սկսել են մեղադրել անգամ սեքսիզմի մեջ:

Սրան զուգահեռ, սակայն, եղել են կարծիքներ, որ գրառման մեջ չկա բացասական որեւէ երանգ կամ վիրավորելու միտում, անգամ հետեւորդներից շատերը նշել են, որ համակարծիք են ոճաբանի հետ:

Թեմայի շուրջ առաջացած բացասական ալիքը չի դադարել անգամ օրեր անց, եւ հաղորդավարուհին եւս մեկ գրառում է կատարել՝ իրավիճակը պարզաբանելու համար:

Նա նշել է, որ իր արտահայտած մտքերը շփոթմունքի եւ խեղաթյուրման առիթ են դարձել.«Վերոհիշյալ գրառումը չէր վերաբերում այն մարդկանց, որոնք ունեն առողջական խրոնիկական խնդիրներ: Վստահեցնում եմ, որ չկար բուլլինգի միտում, չնայած՝ շատ մարդիկ ցանկանում էին այն տեսնել: Ուզում եմ պարզաբանել մի բան. վերոնշյալ գրառումս վերաբերում էր այն մարդկանց, ովքեր «բոդի պոզիտիվը»  վերափոխում են քըմերշլի»:

View this post on Instagram

A post shared by Madonna Harutyunyan (@madonnaharutyunyan) on



«Քո ի՞նչ գործն է ուրիշի կյանքը» բնույթի կոչեր անողներին ոճաբանը նույնպես չի շրջանցել՝ ասելով, որ իր լսարանին «ուրիշ» չի համարում. նրանք իր կյանքի անբաժան մասն են, ու աշխարհում ամենաանտանելի երեւույթներից մեկն իր համար անտարբերությունն է.

«Ցավում եմ, եթե փոստիս բառերից «պզուկոտը» եւ «փռչոտը» որոշ մարդկանց վիրավորել են: Սակայն էլ ինչպե՞ս անվանեմ այդ երեւույթները: Շատերը թերեւս կուղղեն ինձ եւ խորհուրդ կտան օգտագործել «կորյակ» եւ «խիտ մազածածկ» բառերը՝ պիտակավորումից խուսափելու համար: Բայց ես իմ հարթակում շփվում եմ իմ լսարանի հետ այնպես, ինչպես առօրյա կյանքում: Հետեւություն. ես չեմ օգտագործում կորյակ ու մազածածկույթ բառերը»:

Մադոննան անկեղծացել է նաեւ իր կյանքի մասին համացանցում ձեւավորված պատկերացումների շուրջ.«Գուցե իմ ինստագրամյան էջից կարծիք է ձեւավորվում, որ ես ապրում եմ կատարյալ կյանքով եւ ինքս ինձ համարում եմ կատարյալ: Չեմ հերքի՝ սխալն իմն է, որ դեռեւս չեմ ծանոթացրել ձեզ այս էջում սահմանված Մադոննայից այն կողմ գտնվող իմ եսի հետ: Խոստանում եմ ապագայում ուղղել այդ սխալը»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Soghoyan Photography

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին