«Հասարակ դասալիքն Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին անվանում է հոգեկան հիվանդ». Մարինա Խաչատրյանը պատասխանել է Արսեն Թորոսյանին

Կառավարության երրորդ մասնաշենքի առջև այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն անդրադարձավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից  Հանրային հեռուստաընկերության «Բաց հարթակ» հաղորդման հոկտեմբերի 22-ի եթերում արված  մի քանի հայտարարությունների:

«Պատասխանելով Վիտալի Բալասանյանի մասին հարցին, ասել է՝ Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններն ավելի շատ մասնագիտական առումով կդիտարկեի՝ հոգեբուժության տեսակետից, և ցավալի է, որ Արցախում այդքան զարգացած չէ հոգեբուժությունը, բայց իրենք կաշխատեն այդ ուղղությամբ: Եվ երբ լրագրողը հիշեցրեց, որ Վիտալի Բալասանյանն Արցախի հերոս է, Թորոսյանը հավելեց, որ ինքն ընդամենը տվել է մասնագիտական եզրակացություն»,- հաղորդման դրվագը մեջբերեց Մարինա Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց սակայն, որ Առողջապահության նախարարը երբեք չի աշխատել՝ որպես պրակտիկ բժիշկ, հատկապես՝ հոգեբույժ,  հետևաբար՝ չի կարող մասնագիտական գնահատական տալ, ապա անդրադարձավ Արսեն Թորոսյանի հայտարարության իրավական կողմին.

«Թորոսյանը Վիտալի Բալասանյանի հայտարարությունը դիտարկել է՝ որպես հոգեկան խնդիր պարունակող հայտարարություններ, այսինքն՝ նրան անվանել է հոգեկան խնդիր ունեցող անձ, ստացվում է, որ նա անուղղակիորեն վիրավորանք է հասցրել: Նախարարը լինելով պետական բարձր պաշտոնատար անձ՝ պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, ամենուր դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ»:

Մարինա Խաչատրյանը հավելեց, որ նախարարն այս հայտարարությամբ խախտել է նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց  և բժշկական էթիկայի կանոնները:

«Մենք չենք մոռացել, որ Արսեն Թորոսյանը կիսատ է թողել իր ծառայությունը Զինված ուժերում և  ծառայությունից ազատվել է արդեն իր կողմից նշած պարբերական հիվանդության պատճառով, որի հետևանքով ունեցել է երիկամների որոշակի ախտահարում: Մենք նաև չենք մոռացել, որ նա հանրային կերպով ստացել է գարդասիլ պատվաստանյութը, ինչը հակացուցված է երիկամների վնասման ժամանակ:

Մենք նաև չենք մոռացել, որ Դոնորների միջազգային օրվա կապակցությամբ հանձնել է արյուն: Այսպիսով, մենք կարող ենք կասկած ունենալ, թե Արսեն Թորոսյանն իրականում ունի երիկամների վնասում և իրականում պետք է ազատվեր զինվորական ծառայությունից, հետևաբար՝ կարող ենք ենթադրել, որ Թորոսյանը բոլորովին էլ այդ հիվանդությամբ չի տառապում և հանդիսանում է հասարակ դասալիք:  Եվ այսպես, հասարակ դասալիքն Արցախի հերոս, պատերազմ հաղթած Վիտալի Բալասանյանին անվանում է հոգեկան հիվանդ:

Ինձ մոտ  և հասարակության լայն շրջանակներում պարբերաբար հարց է պտտվում մեկ այլ անձի շուրջ. իրեն Գերագույն գլխավոր հրամանատար հռչակած, վարչապետի պաշտոնը բռնազավթած, բազմիցս Սահմանադրական կարգը տապալած, պղծությունների քարոզով զբաղվող մարդկանց ավանդական ընտանիքի մայրեր անվանող  անձի շուրջ մենք ունենք կասկածներ, ավելի կոնկրետ՝ նրա հոգեկան առողջության շուրջ: Հանդիսանալով պրակտիկ բժիշկ,  նեյրովիրաբույժ՝ տալիս եմ մասնագիտական կարծիք»,- ասաց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահը՝ թվարկելով մի քանի մասնագիտական սահմանումներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Gepostet von Marina Khachatryan am Dienstag, 29. Oktober 2019

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս