«Կա մտադրություն՝ կազմակերպելու Թրամփ-Փաշինյան հանդիպում Նյու Յորքում». Բալայան

«Դեռ վերջնական համաձայնություն չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերին Նյու Յորք կատարելիք այցի ընթացքում նախատեսվող հանդիպումներին:

Տիգրան Բալայանն ասաց, որ կա մտադրություն՝ կազմակերպելու Թրամփ-Փաշինյան հանդիպում: Նրա խոսքով,  այժմ ընթանում են քննարկումներ դրա շուրջ: «Արդեն մենք կարող ենք հաստատել, որ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացման առաջին շաբաթվա քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, աշխատում ենք այդ երկկողմ հանդիպումների վրա, որոնց շարքում  հնարավոր է՝ լինի ԱՄՆ ղեկավարի և Հայաստանի ղեկավարի հանդիպումը: Այս պահի դրությամբ Ձեզ չեմ կարող հաղորդել, որ նման վերջնական համաձայնություն ձեռք է բերված»,- ասաց Բալայանը:

Խոսելով Ալիև-Փաշինյան հանդիպման վերաբերյալ` ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչն ասաց, որ   պարոն Փաշինյանը վերջերս իր հարցազրույցներից  մեկում վերահաստատեց պարոն Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը:

«Այստեղ պետք է ելնենք այն իրողությունից, որ հանդիպումն ինքնանպատակ չէ, այն պետք է ունենա բովանդակություն, բովանդակությունը կարող է լինել նոր պայմանավորվածությունների ձեռքբերում կամ նախորդ պայմանավորվածությունների վերահաստատում, ՀՀ նախորդ իշխանությունների հետ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վերահաստատում, որը հնարավորություն կստեղծի ապահավել այնպիսի պայմաններ, որպեսզի խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովվի»,- ասաց Տիգրան Բալայանը:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս