Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Բելինդան» ֆիլմ է  համարձակության, սիրո, կյանքի մասին

«Բելինդան» ֆիլմ է  համարձակության, սիրո, կյանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ներկայացված է ռեժիսոր Մարի Դյումոռայի «Բելինդա» կինոնկարը: Այն անդրադառնում է Բելինդայի կյանքին, նրա հույզերին, ապրումներին, ցանկություններին ու երազանքներին: Ժապավենի մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:

«Կարծում եմ, որ Երևանի հանդիսատեսի ու երիտասարդ ռեժիսորների համար «Ոսկե ծիրան»-ը կարևոր փառատոն է, որի ընթացքում ռեժիսորները կարողանում են կիսել իրենց փորձառությունը»,- «Արմենպրես»-ի  հաղորդմամբ`նշեց ֆրանսիացի ռեժիսոր Մարի Դյումոռան:

Ռեժիսորն ասաց, որ ֆիլմը պատմում է Բելինդա անունով աղջկա մասին, որն աղքատության մեջ է ապրում: «Մենք նրան նկարել ենք ինը տարեկանից ու  ճանապարհորդում ենք այդ կենսուրախ աղջկա հետ մինչ նա կդառնա քսաներեք տարեկան: Ֆիլմում ներկայացված են այն խնդիրները, որոնց աղջիկը բախվում է մանկատանը: Նա դերասանուհի չէ, բայց կերպար է, որի միջոցով կարողացա խոսել բոլոր աղջիկների անունից` ներկայացնելով համամարդկային խնդիրները»,-ընդգծեց նա:

9-ամյա Բելինդային դժվար է վախեցնել: Նա սիրում է կյանքը,  ձյունը,  սահքը սառույցի վրա, այն մանկատունը, որտեղ ապրում են ինքն ու քույրը, իսկ քրոջը ամենից շատ է սիրում: Տեսուչները նրանց բաժանում են, և նորից միասին լինելու համար քույրերը գիշերով փախչում են անտառներով: 15-ամյա Բելինդան ապրում է մոր հետ և մտադիր է դառնալ քրոջ որդու` Նիկոլայի կնքամայրը: 23-ամյա Բելինդան հիմա հոր`Ֆրանցի հետ է ապրում: Առաջվա պես շրջազգեստներ է սիրում, բարձրակրունկ կոշիկներ և մազերը ծոծրակին հավաքել: Բայց ամենից շատ Թիերիին է սիրում, նրա կապույտ աչքերն ու Վոգեզների շրջանում ապրողի առոգանությունը: Բելինդան գալիս է բանտից արձակված Թիերիին դիմավորելու: Նրանք ուզում են ամուսնանալ, որպեսզի իրենց ոչինչ չբաժանի նորից, բայց...

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]