News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ եւ Հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) կոչ է արել սատարել ԱՄՆ-ի կողմից Արցախում ականազերծման գործընթացին Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի, Եվրասիայի եւ նոր սպառնալիքների ենթահանձնաժողովի «Նախագահի առաջարկած՝ Եվրոպայի եւ Եվրասիայի համար 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի քննում» խորագրով լսումների ժամանակ: Այս մասին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից (Համագումար):

«Մի փոքր խոսենք Արցախում ականազերծման գործընթացի մասին: Այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ուղղված մեր օգնության ծրագրերը 1998թ.-ից ի վեր աջակցել է կյանքեր փրկող մայրական առողջության պահպանմանը, մաքուր խմելու ջրի ապահովմանը, մաքրել տարածքները ականներից եւ չպայթած սարքավորումներից: HALO Trust կազմակերպությունը, որը ղեկավարում է ականազերծման գործընթացը, հաղորդում է, որ 88%-ով ավարտին է հասցրել իր առաքելությունը, սակայն դեռեւս ԱՄՆ-ի դրամական միջոցների կարիքն ունի կյանքեր փրկող իր գործունեությունը շարունակելու համար. դեռեւս հավելյալ մարդասիրական կարիքներ կան: Արդյո՞ք ակնկալվում է, որ HALO Trust-ը կֆինանսավորվի, որպեսզի կարողանա ավարտին հասցնել ականազերծման գործընթացը», - հարցրել է կոնգրեսական Շերմանը:

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյում պետքարտուղարի առաջին փոխտեղակալի պաշտոնակատար դեսպան Ջոն Հեֆերնն ի պատասխան նշել է. «Տարիներ շարունակ, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, տրամադրել ենք 45 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն, մարդասիրական օգնություն, ինչպես ձեւակերպեցիք, ջրի եւ ականազերծման [համար]: Ինչպես հասկացա, HALO Trust-ի վերջին զեկույցում հաշվարկվել է վերջինիս ականազերծման գործընթացի մոտավորապես 96-97% իրագործում, ինչը շատ կարեւոր է, եւ պետք է դրա գնահատականը տրվի նախքան հաջորդ քայլի մասին որոշում կկայացնենք»:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյում տնօրենի օգնականի պաշտոնակատար Մարգո Էլլիսը հավելեց, որ ականազերծումը սովորաբար ֆինանսավորվում է իրենց տարածաշրջանային բյուջեից:

«Նախկինում հայց ենք ուղարկել Կոնգրեսին, որպեսզի մեզ ներգրավեն դրանում, եւ նմանատիպ հայց կներկայացնենք», - ավելացրեց նա:

Համագումարն իր 2018թ. ֆինանսական տարվա վկայությունում կոչ էր արել ոչ պակաս քան 8 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Արցախին, այդ թվում՝ ականազերծման գործընթացին: «Հարաբերականորեն փոքր ներդրմամբ Ամերիկան հնարավորություն ունի զգալի փոփոխություն բերել Արցախի ժողովրդի առօրյա կյանքում», - հայտարարված է Համագումարի վկայությունում:

Կոնգրեսական Շերմանը նաեւ բարձրացրել է Հայաստանի հետ երկկողմ հարկային համաձայնագրի բանակցային գործընթացի եւ այդ համաձայնագրին առաջնահերթություն տալուն Պետքարտուղարությունում կարեւորությունը: Նա հայտարարել է. «Մենք ականատես ենք եղել ԱՄՆ-ի եւ Հայաստանի առեւտրային փոխգործակցության աճի, այդ թվում, դեսպանի հաղորդմամբ` ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ամերիկյան ներդրումների Հայաստանում էներգետիկայի եւ հանքարդյունաբերության ոլորտներում», - հավելել է Շերմանը: «Գանձապետարանը պետք է առաջնահերթություն նշի, թե որտեղ պետք է տեղակայվեն իրենց հարկային հարցերով իրավաբանները, եւ մի շարք այլ երկրներ ցանկանում են բանակցել մեզ հետ այս համաձայնագրերի կապակցությամբ: Սակայն իմ կարծիքով մեր ազգային անվտանգության շահերից է բխում լավ առեւտրային կապեր ունենալ նախկին խորհրդային պետությունների հետ»: Շերմանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ դրանք ամերիկյան մոդելի վրա կհիմնվեն:

Ավելի վաղ լսումների ժամանակ դեսպան Հեֆերնը նշել էր, որ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանի հետ օգնության վրա հիմնված հարաբերություններից անցնել առեւտրային հարաբերությունների: Էլլիսը ավելացրել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն «որոշել էր կենտրոնանալ ՏՏ եւ էներգետիկայի ոլորտներում, քանի որ դրանք ոլորտներ էին, որոնք կարող են ոչ միայն խթանել եվրաատլանտյան ինտեգրումը, այլեւ հնարավորություն տալ ԱՄՆ-ի բիզնեսի ընդլայնման եւ Հայաստանի հետ գործընկերության համար»:

Իր գրավոր վկայությամբ Էլլիսը հայտարարել է. «ԱՄՆ ՄԶԳ-ն սերտորեն համագործակցում է Եվրամիության եւ եվրոպական այլ դոնոր կազմակերպությունների հետ` առաջնահերթություն տալու օգնությանը, համատեղ ֆինանսավորելու ծրագրերին, եւ առավելագույն լծակներ ձեռք բերելու՝ միաժամանակ կրկնապատկումից խուսափելով: Հայաստանում, օրինակ, երեք տարի շարունակ համագործակցում ենք մասնավոր հատվածի, ընդունող երկրի կառավարության եւ Երեւանի պետական համալսարանի հետ՝ հանրային-մասնավոր գործընկերությամբ՝ 7 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ծրագրի» համար: ԱՄՆ ՄԶԳ-ի 2,5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումը բերում է 4,5 միլիոն ԱՄՆ դոլար ոչ ԱՄՆ կառավարության ֆինանսավորման՝ ի աջակցություն այս ծրագրի, որը կզարգացնի եւ կհզորացնի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական կարողությունները տեղեկատվական տեխնոլոգիաներում եւ կբարելավի նրանց հետազոտական ներուժը կրթության բնագավառում»:

«Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին ավելի շատ առեւտրային ու ներդրումային ուղղությամբ. այդ աշխատանքներն անհրաժեշտ են, հատկապես հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ադրբեջանական եւ թուրքական համակարգված շրջափակումների շարունակվող քայքայիչ հետեւանքները:

Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւով արգելվում է Ադրբեջանին ուղղված ԱՄՆ-ի օգնությունը մեծ մասը, բացառությամբ ժողովրդավարության կառուցման եւ մարդասիրական օգնության, «քանի դեռ [ԱՄՆ] նախագահը չի վճռել եւ չի հաղորդել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ վերացնելու բոլոր տեսակի շրջափակումներն ու hարձակողական ուժի այլ կիրառումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ» կամ [ԱՄՆ] նախագահը կասեցնում է այն [բանաձեւը] հօգուտ ԱՄՆ ազգային շահերի: Հաշվի առնելով Ալիեւի վարչակազմի դեմ համատարած աճող վկայությունները, Հայաստանն ու Արցախը պետք է ավելի շատ օգնություն ստանան ի հավելումն առեւտրային եւ ներդրումային ծրագրերի», - նշել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ