Մատչելիության հղումներ

«Հույս ունեինք՝ լույսը չեն անջատի երեխաների վրա». Մարդիկ չեն կարող կոմունալ ծախսերը վճարել


Սարի թաղում բնակվող Ֆաթիմա Մկրտումյանի երեխաներն այսօր չեն կարողացել մասնակցել օնլայն դասին։ Լույսն անջատել են պարտքի պատճառով, այսօր վճարումների վերջնաժամկետն էր։

«Ասաց պարտքի պատճառով են անջատել», - ասաց Մկրտումյանը:

Այս տանը վարձով են ապրում, գազ չունեն, հոսանքի այլընտրանքը փայտի վառարանն է։ Ասում է՝ ամուսինը բանվոր է, մինչև կորոնավիրուսը, գործ պատահում էր, ծայրը ծայրին հասցնում էին։ Մեկ ամսից ավելի է՝ գործ չկա, ինքն էլ չի աշխատում, պարտքերը կուտակվել են։

«Աշխատում էր, կարողանում էինք վճարեինք, բայց էս վիրուսի պատճառով, որ չի աշխատում, մի քիչ դժվար է: Բանվորություն, ասենք ինչ որ կարողանում էր, ինչ լինում էր անում էր», - նշեց Ֆաթիմա Մկրտումյանը:

Ֆաթիման լսել էր, որ մինչև արտակարգ դրության ավարտը կարող էին չվճարել, բայց տեղյակ չէր, որ իրավիճակ է փոխվել։ Խոստացված ժամկետից շուտ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը ֆորս մաժորը վերացած է համարել։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ու «Գազպրոմը Արմենիա» ընկերություններն էլ զգուշացրել են՝ 10 հազար դրամից ավելի հոսանք ու 30 հազարից ավելի գազ սպառած բաժանորդների վճարումների վերջնաժամկետը ապրիլի 27-ն է։

Ֆաթիման իրենց պարտքի չափը ստույգ չգիտի, ենթադրում է՝ 15 հազար դրամի չափով կլինի։ Թե երբ կկարողանան վճարել, դժվարանում է ասել, այս պահին առաջնայինը հացի խնդիրն է։

Կոմունալ ծախսերի վճարումներով մտահոգ քաղաքացիները դեռ ապրիլի 8-ին էին վարչապետին հարց ուղղել՝ ինչ են անելու արտակարգ դրության պայմաններում, երբ շատերը աշխատանքը կորցրել են։ Վարչապետը, հղում անելով պարետատանն ու հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին, ի լուր բոլորի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր՝ մինչև արտակարգ դրության ավարտը անջատումներ չեն լինի։

«Մինչև արտակարգ դրության ավարտը քաղաքացիներին մատակարարվող էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց չվճարման դեպքում անջատումներ տեղի չեն ունենալու և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս իրավիճակը վճարումների իմաստով հայտարարել է ֆորս մաժոր», - հայտարարել էր վարչապետը:

Սարի թաղում առավոտյան հոսանքից զրկվել էր նաև Պետրոսյանների բազմանդամ ընտանիքը։ Անուշիկն ու Արևիկն էլ կազմ պատրաստ սպասում էին օնլայն դասին։

«Դեռ չենք արել, այսօրվա առավոտյան հանձնարարությունները ստացել են, բայց դաս չենք արել, հոսանք չկա, բնականաբար, ինտերնետն անջատված է, չի աշխատում, համակարգիչն անջատված է, հեռախոսները շուտով զարյադկան հեսա կնստի», - ասաց Անուշիկի ու Արևիկի մայրը:

Այս մեծ ընտանիքում գազի ու լույսի պարտքը գերազանցում է 100 հազար դրամը։ Կանխատեսելով անջատումները՝ Անին դիմումներ է գրել ՀԷՑ-ի ու «Գազպրոմ»-ի հասցեով՝ խնդրանքով, որ մաս-մաս վճարեն պարտքը, դիմումներն անպատասխան են մնացել։

Փոքրիկների տատիկի՝ տիկին Ամալյայի լվացքն էր կիսատ մնացել, բայց սա միակ դժգոհությունը չէր:

«Չեմ կարողանում բացել, որ հանեմ, գոնե ձեռքով վերջացնեմ: Վախենում եմ, ասում եմ՝ չնեխվի մեջը էս լվացքը», - ասաց Ամալյա տատիկը:

Մինչև համավարակի ավարտը նման խնդրի առջև չենք կանգնել, պարտաճանաչ վճարել ենք, անգամ վարկերը երբեք չենք ուշացրել, ասում է Անին և շտապում ավելացնել՝ կորոնավիրուսի պատճառով են հիմնական եկամտից զրկվել, որևէ մեկից խնդրանք չունեն, միայն ցանկանում են պարտքը մաս-մաս վճարել:

Երեք անչափահասի հայր Հովհաննես Պետրոսյանը վստահեցնում է՝ կառավարության աջակցության մեկ տասնյակից ավելի ծրագրերն իրենց չի վերաբերվում, բայց դրանից անգամ չի դժգոհում:

«Մենք չենք ասում՝ մեր տեղը վճարեք, մեզ պետք չի, մենք նենց ա աշխատող ենք, նենց ա էդ ամեն ինչը բերելու են, ուղղակի մեզ ժամանակ տան՝ էդ ամեն ինչը գա ընկնի իր ա տեղը, աշխատենք, մեր հարցերը լուծենք», - ասաց Պետրոսյանը:

Տաքսու վարորդ Հովհաննեսը տուրիստական ընկերությունների հետ է համագործակցել, անգամ բիզնես ծրագրեր մշակել, բայց համավարակի պատճառով տապալվեց անորոշ ժամկետով։

Հովհաննեսը հիմա միայն տաքսի է վարում, հացի խնդիրը լուծում է, բայց 100 հազարից ավելի կոմունալ վճարների ու վարկերի մարելու հարցը բարդ է, միանգամից ու մեկ ամսում լուծելու բան չէ։

«Շատ մեծ հույս կար, որ երբևէ մեզ չէին նեղացնի էս հարցով ու անջատեին երեխայի վրա», - ասաց քաղաքացիներից մեկը:

XS
SM
MD
LG