Մատչելիության հղումներ

«Ելք»-ը համաձայն չէ «Զիբիլիքս»-ի գործը կարճելու` ՀՔԾ-ի որոշմանը


«Ելք» դաշինքի առաջնորդները ասուլիսի ժամանակ, արխիվ
«Ելք» դաշինքի առաջնորդները ասուլիսի ժամանակ, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճել է «Զիբիլիքս» անվանումը ստացած նյութերի առնչությամբ հարուցված քրեական գործը, ինչպես «Ազատությանը» պարզաբանեցին ՀՔԾ-ից՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, «Ելք» դաշինքը դեռևս մայիսին իրավապահներին «հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում են, որ Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում իշխող Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ:

Ըստ «Ելք»-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերը իրենց մոտ հայտնվել են, երբ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը: Ընդ որում, «Ելք»-ի պնդմամբ, ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաև իրավապահները, մասնավորապես՝ թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչում, պաշտոն, և թե որը քանի ձայն է բերելու: Արդյոք այդ ֆաքսում նշված ոստիկանները գործի շրջանակներում հարցաքննվել են, թե ոչ՝ ՀՔԾ-ն որևէ մանրամասն չի փոխանցում, ընդամենը նշում է, թե քրեական գործի կարճման հիմքերը ուղարկել են դիմող կողմին։

Մինչդեռ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ գործը կարճելու հիմքերը դեռևս չեն ստացել, այդուհանդերձ՝ համաձայն չեն այդ որոշմանը: Զեյնալյանը պնդում է՝ այդ նյութերում հանցակազմ կա, և հետևաբար՝ կվիճարկեն այդ որոշումը:

«Ինչպես որ նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքում՝ կդիմենք նախ դատախազին, բնականաբար դատախազը օբյեկտիվ, անկախ, անաչառ որոշում չի կայացնելու, հետո՝ դատարան, հետո՝ ուր որ պետք է, որովհետև դատարանն էլ նույն բանը բանի պիտի անի, ուր որ պետք է՝ կդիմենք», - ասաց Զեյնալյանը։

«Ելք» դաշինքի մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ անարդար դատախազների մասին Սերժ Սարգսյանի ելույթը հենց այս որոշման մասին էր։ «Քրեական գործը կարճելն ապօրինի է և կոծկում է մի ամբողջ հանցագործությունների շղթա», - ընդգծեց նա:

«Գիտեք, ես գլխավոր դատախազի զեկույցի ժամանակ ելույթով հանդես եկա և ասացի, որ Հայաստանում օրենքը կիրառվում է սելեկտիվ, որից գլխավոր դատախազը շատ բորբոքվել էր և փորձում էր արդարանալ: Սա շատ լավ, ցցուն օրինակ է՝ ցույց տալու, վերահաստատելու, ապացուցելու, որ Հայաստանում օրենքը գործում է սելեկտիվ, և իրավապահ մարմինները քաղաքական իշխանության կցորդն են դարձել, և հովանավորում են մեկը մյուսին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Այսինքն՝ տեղի է ունեցել զանգվածային փողաբաժանություն, ընտրակաշառքի բաժանում, էդ մեխանիզմը մեր կողմից բացահայտվել է՝ ոչ թե բամբասանքի մակարդակով ենք ներկայացրել, այլ՝ փաստերով, մարդկանց անուններով, բայց իրենք ինչ են արել՝ իրենք ինչ-որ բացատություններ են վերցրել ինչ-որ մարդկանցից ու ասում են՝ որևէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է: Պարզ է, չէ՞, որ էդ քննիչներն էլ հենց թելադրել են էդ բացատրությունները՝ ինչ ձևով գրել»:

«Ազատություն». - Պարոն Մարուքյան, Դուք ավելի վաղ նշել էիք, որ այս ընտրակեղծարարության համակարգում իրավապահներն են ընդգրկված, և նաև այդպիսի մի փաստաթուղթ փոխանցել էիք Գլխավոր դատախազություն, որտեղ անուն-ազգանուն, կոչում, պաշտոն էր նշված և դրա դիմաց թվեր․․․

Մարուքյան. - Այո՛, հաղորդումով մենք ներկայացրել ենք։

«Ազատություն». - Դուք կարծում եք, որ այդ ոստիկանները կանչվե՞լ են, հարցաքննվե՞լ են, պարզաբանում տրվե՞լ է, թե այդ ինչ ցուցակ է։

Մարուքյան. - Ես տեղեկություն ունեմ, որ, ռուսերեն ասած, «դլյա գալոչկի» որոշ մարդկանց կանչել, հարցաքննել են, չեմ կարող ասել՝ ոստիկաններին, բայց ինչ-որ վստահված անձեր, ինչ-որ շտաբերի ինչ-որ մարդկանց՝ «դլյա գալոչկի» մի երկու հարց տվել, տուն ուղարկել, որ հետո մերժման հիմքում դնեն էդ բացատրություն վերցնելը: Բայց, ասենք, ՊՊԾ գնդի ֆաքսը ինչ են արել, ֆաքսում նշված մարդկանց ինչ են արել․․․ Էնտեղ էնքան փաստ կա, որ, մի փաստ չի, էլի։

Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ եթե գլխավոր դատախազը ուզում է ցույց տալ, որ իսկապես անկաշկանդ գործելու հնարավորություն ունի և չի ուղղորդվում իշխանության կողմից, ապա սա շատ լավ օրինակ է, որպեսզի ներկայացված նյութերի հիման վրա քրեական գործեր հարուցվեն և մեղավորներին պատասխանատվության ենթարկեն։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, շեշտում է՝ անկախ Գլխավոր դատախազության քայլերից, շարունակելու են այս գործով պայքարը, ցույց տալով, թե ինչպես են այդ մարդիկ, այդ թվում՝ իրավապահ համակարգը, ներգրավված եղել ընտրակաշառքի հանցագործ մեխանիզմի մեջ:

«Անարդար դատախազների մասին նախագահի ելույթը հենց էսօրվա դեպքի մասին էր: Եթե դատախազը արդար է, պետք է հսկողության արդյունքներով հայտնաբերի, որ քրեական գործի կարճումը ապօրինի է և այն կոծկում է մի ամբողջ հանցագործությունների շղթա, և պետք է վերացնի այդ որոշումը: Հիմա մենք կտեսնենք», - շեշտեց Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG