ԵՄ համագործակցությունն Արցախի հետ իր ներդրումը կունենա տարածաշրջանի խաղաղության գործում. Մայիլյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյան արտաքին քաղաքականության առաջնահերթություններն է ներկայացրել Արցախ ժամանած Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնին։
ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անդրադառնալով Արցախում պետականաշինության գործընթացում առկա ձեռքբերումներին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հավատարմությունը ժողովրդավարական արժեքների հիման վրա անկախ պետականության ամրապնդմանը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի պատրաստակամությունը ԵՄ հետ համագործակցության հարցում՝ ուղղված Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ համագործակցությունն Արցախի հետ իր ներդրումը կունենա տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման գործում, քանի որ կցուցադրի Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց։