Բաժիններ՝

Երկաթուղայինների գործադուլը 400 կիլոմետրի հասնող խցանումներ է առաջացրել Փարիզի շուրջը. BFM

Փարիզի շուրջն ավելի քան 400 կիլոմետր ձգվող խցանումներ են առաջացել ֆրանսիացի երկաթուղայինների գործադուլի երկրորդ օրվա հետեւանքով: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը: Սովորական օրերին քաղաքի մերձակա ճանապարհներին կուտակումների չափերը չեն գերազանցում 200 կիլոմետրը. սակայն գործադուլի պայմաններում ավտոտրանսպորտի օգտագործումը շատ ավելի ինտենսիվ է դարձել:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) աշխատողների գործադուլը «չի թուլացնում իր լարվածությունը»: Երթուղի է դուրս բերվել, կախված ուղեգծերից, TGV արագընթաց գնացքների սոսկ 10-20 տոկոսը, որոնք կարեւորագույն դեր են խաղում աշխատավորությանը մեծ քաղաքներ հասցնելու հարցում: Երթուղիներում է տարածաշրջանային գնացքների 50 տոկոսից ոչ ավելին:

Առանձնապես բարդ իրավիճակ է ստեղծվել Փարիզի տարածաշրջանում, որտեղ, մասնավորապես, լիովին փակ են Transilien տարածաշրջանային գնացքների երկու գծերը: Գործադուլին, SNCF-ի տվյալներով՝ մասնակցում է երկաթուղայինների 34 տոկոսը: Ընդամենը մնաշնորհատեր պետական ընկերությունն օրական սովորաբար փոխադրում է առնվազն 4,5 միլիոն ուղեւոր:

Երկաթուղիներում քաոսն անմիջապես ազդել է նաեւ երկրի ամբողջ տրանսպորտային համակարգի վրա. կտրուկ աճել է քաղաքների միջեւ ավտոբուսային հեռավոր չվերթների թիվը, իսպառ գնվել են խոշոր քաղաքների միջեւ ավիաչվերթների տոմսերը: Քաղաքում մետրոն լեփ-լեցուն է, ինչն առաջացել է նաեւ քաղաքային RER էլեկտրագնացքների գծերում գործադուլի տարածումից: Ապրիլի 4-ին դրա գծեր է դուրս բերվել շարժակազմերի միայն 30 – 50 տոկոսը: Ինչպես հայտնել են երկաթուղային ճյուղի առաջատար արհմիությունները, գործադուլն ընդմիջումներով կտեւի մինչեւ հունիսի 28-ը:

Երկաթուղայինները, որոնք դժգոհ են պետության առաջարկած բարենորոգման նախագծից, մտադիր են այդ ժամանակամիջոցում գործադուլ անել ընդհանուր առմամբ 36 օր կամ շաբաթական երկու օր: SNCF-ի ղեկավարության գնահատումների համաձայն՝ գործադուլի յուրաքանչյուր օրը պետության վրա կնստի ավելի քան 20 միլիոն եվրո: Գործադուլը լուրջ վնասներով է սպառնում նաեւ զբոսաշրջության ճյուղին:

Երկաթուղայինների խոշորագույն գործադուլը համընկել է մյուս ճյուղերում բողոքի ակցիաների հետ: Չորրորդ օրն է, ինչ գործադուլ է անում Air France ավիաընկերության անձնակազմի մի մասը, որն այժմ ապահովում է չվերթների սոսկ երկու երրորդը: Աստիճանաբար միանում են նաեւ կոմունալ ծառայությունների աշխատակիցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս